«Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի»…
Նկարիչ, լրագրող Մարիամ Մուղդուսյանի հետ առաջին հարցազրույցն անցկացրել եմ 2008 թվականին, երբ մենք դեռ ուսանողներ էինք: Այն ժամանակ նրա կտավների թեմատիկան այլ էր, մտահոգություններն ու հույզերը՝ եւս: Տարիներ անց Մարիամի հետ հանդիպեցինք «Գրին Բին» սրճարանում, որտեղ շաբաթներ շարունակ իր աշխատանքներն են ներկայացված: Այս անգամ մեր զրույցի թեման էլ նկարչի կտավների պես այլ էր:
Ինքնանկար
– Մարիամ, տեսնում եմ, որ որպես նկարիչ բավականին փոփոխությունների ես ենթարկվել, սակայն պահպանել ես քո նախընտրելի գույները:
– Կարծում եմ՝ առանցքը երբեք չի փոխվում, երեւի այդ պատճառով էլ գույնները նույնն են մնացել, այսինքն՝ ինչքան էլ հեռանաս ակունքիցդ, միշտ նույնն է մնում: Իսկ աշխատանքների թեմատիկան պայմանավորված է մարդու կյանքի փուլերով, կենսափորձով, նաեւ զգացմունքներով, ապրումներով:
Մենություն
– Վերջին տարիներին ավելի հաճախ ես կանանց նկարում…
– Ճիշտ ես նկատում, շատ եմ անդրադառնում կնոջը, ավելի ճիշտ՝ մարդուն, չեմ ուզում առանձնացնել կին, թե տղամարդ: Կենտրոնում մարդն է՝ իր մտորումներով, տրամադրություններով, ապրումներով: Այդուհանդերձ, այո, բնականորեն ինձ համար կնոջ հոգեբանությունն ու ներաշխարհն ավելի հասկանալի են: Ես կին եմ, տղամարդու էությունը չեմ ճանաչում, չեմ զգում, ես զգում եմ կնոջ ներաշխարհը, դա էլ նկարում եմ:
Ինքնանկար
– Աշխատանքներիցդ մեկում պատկերել ես երկու կանանց, որոնցից մեկը պարի մեջ ստանձնել է տղամարդու դերը: Չե՞ս վախենում, որ քեզ կարող են մեղադրել նույնասեռականություն քարոզելու մեջ:
– Ես երբեք հատուկ մտադրությամբ չեմ նկարում ինչ-որ թեմա, միշտ նկարվում է: Այո, իմ կտավներում կարող ես տեսնել անկախ, ազատականացված կնոջ, այսպիսին է մարդն իմ ընկալմամբ, անպայման ազատականացված: Այդուհանդերձ առանց տղամարդկանց կյանքն անհետաքրքիր կլիներ: Երկու սեռերը՝ իրար լրացնող, իրար չհակասող, ընդունող, ուժեղ…վերջանում է մեկը, սկսվում է մյուսը, երկուսով չեն վերջանում: Ես հաճախ կարող եմ պատկերել երկու կնոջ, սակայն գործընթացը ռացիոնալ մեկնաբանություն չունի: Շատերն են հենց այդ պարզունակ մեկնաբանությունը տվել, թե երկու կին են, ուրեմն նույնասեռականություն է քարոզում: Բայց ես ինքս չգիտեմ էլ, թե դա ինչպես է նկարվել, չեմ էլ խորանում՝ ինչպես ստացվեց: Ես չեմ կարող չնկարել դա՝ վախենալով, թե քննադատության կարժանանա:
Քաղաքում
– Նկարելուն զուգընթաց դու ակտիվ լրագրողական կյանքով ես ապրում: Ինչպիսի՞ հետք է թողնում լրագրությունը կտավներիդ վրա:
– Քաղաքական, սոցիալական, հասարակական կյանքն իրենց ակնհայտ հետք են թողնում կյանքիդ, մտածողությանդ ու բնականաբար, նաեւ արվեստի վրա: Այդ ամենը ոչ թե կողքովս, այլ ներսովս են անցնում… Շատ եմ նկարում քաղաքային թեմաներ, երեւի քաղաքի ու քաղաքայինի պակասից է, կարոտ՝ քաղաքայինի նկատմամբ: Այս շարքը, որ հիմա ցուցադրված է այս սրճարանում, մեծ գլխով մարդուկների պատմություն է, անավարտ մի պատմություն: Դարձյալ դեֆորմացիան բնական ճանապարհով է գնացել. զրույց, ապրումներ, տեսիլներ, մտապատկերներ, որոնք ի վերջո այս տեսքը ստացան:
Պատշգամբից
– Կարծես անվերջանալիորեն վերակառուցվող Երեւանը քեզ ավելի շատ ցավ է պատճառում…
– Գիտես, իրկանում չպետք է փախչել անհարմարությունից եւ նույնիսկ դառնության ապրումներից, ամեն զգացմունք էլ թանկ է, ու դրանք բոլորը նստվածք են թողնում, որոնք լցնում են ներսդ: Մեծ գլխով մարդուկների շարքը զբոսանք է քաղաքում, երկուսի զբոսանք, որտեղ կարեւորը զգացողությունն է, էներգիան…հրաժեշտների, մերժման, կոտրման, ապրելու-մեռնելու, վերածնվելու, մենության , ինքնաճանաչման, ցավի, նույնիսկ վիրավորանքի, անտարբերության, ինքնաբավության, ավարտի, չվերջանալու չավարտվող զգացողություններ: Մարդիկ չեն ժպտում, գուցե շենքերը ժպտան, փողոցները գալարվեն, բայց մարդիկ չեն ժպտում: Նրանք միշտ ելակետային տրամադրություն ունեն, լարված են, սպասման մեջ են:
Կեղեւում- Կեղեից դուրս
– Գիտեմ, որ բազմիցս անդրադարձել ես հասարակության մեջ սեռի հիմքով դրսեւորվող խտրականությանը: Իսկ արվեստում այդ խտրականությունն ինչպե՞ս է դրսեւորվում:
– Կնոջ եւ տղամարդու մեջ կա բնական տարբերություն եւ արվեստում դա դրսեւորվում է իր արտահայտման ու զգացմունքային հզորության իմաստով: Սակայն կնոջ ու տղամարդու աշխարհները մեկը մյուսին չեն զիջում, եւ անհեթեթություն է համարելը, թե կանայք չեն կարող նույնքան լավ արվեստագետ լինել, որքան տղամարդիկ: Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի: Պետք է նկարես քեզ պես, ինչպես որ կաս, ու այս դեպքում, հավատա, նկարողի սեռը կապ չունի: Անկեղծությունն ամենակարեւորն է, զգացմունքային խտությունը, դրա արտահայտման էներգիան: Հաճախ են ասում, թե ցույց տվեք մի հզոր կին արվեստագետի Վերածննդի ժամանակ, ցույց տվեք մի հանճարեղ կին ստեղծագործողի եւ այլն: Այո, շատ քիչ կանայք են եղել, որ մնացել են պատմության մեջ՝ որպես արվեստագետներ, սակայն պատճառն այն չէ, որ կանայք բնականորեն ավելի քիչ հնարավորություն ունեն, քան տղամարդիկ: Ամենեւին ոչ: Պարզապես դարեր շարունակ տղամարդկանց կողմից կանանց պարտադրվել է սոցիալապես այնպիսի դեր, որը թույլ չի տվել կնոջը ինքնադրսեւորվել տարբեր ոլորտներում, այդ թվում արվեստում եւ գիտության մեջ:
Երբեմնի մտերիմներ
– Իսկ ինչպիսին է, քո գնահատմամբ, ներկայիս իրավիճակը: Կինը կարողանո՞ւմ է ամբողջությամբ իրացնել իր պոտենցիալը:
– Առայսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մեր հասարակությունում կնոջ իրավունքներն ու հնարավորությունները սահմանափակվում տղամարդու կողմից, այսինքն՝ կինը դարձյալ զկրված է «աճելու» հնարավորությունից: Շատ ամուսիններ պարզապես արգելում են իրենց կնոջն աշխատել: Նման իրավիճակում դժվար է կայանալ որպես արվեստագետ կամ գիտնական: Սակայն իրավիճակն աստիճանաբար փոխվում է, կարծում եմ՝ առաջիկայում դրական փոփոխություններն ավելի շոշափելի կլինեն: Ինչ վերաբերում է ինձ, ես գիտեմ, որ կյանքում ինձ համար ամենակարեւորը վրձնի եւ կտավի հարաբերությունն է՝ անկախ նրանից, թե որքան լավ կամ վատ է դա հաջողվում: Գիտեմ, որ սա չեմ փոխարինի ոչնչի եւ ոչ մեկի հետ եւ իմ խորին համոզմամբ, ինձ սիրող տղամարդը պետք է ընդունի եւ սիրի ու միաժամանակ չմիջամտի իմ աշխարհին:
Մերժում
Զրուցեց ` Արման Ղարիբյանը
Մարիամ Մուղդուսյանի լրագրողական աշխատանքներից .
«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ
Ոչ թե ձևի համար, այլ իսկապես կին քաղաքական գործիչներ/ Նա/Նե մրցանակ
«Տղամարդ կին»-ն ու «ախպերս»-ը հաճոյախոսություն չեն
Կրքի ու ցավի նկարչուհի. Ֆրիդա Կալո
Դիտումների քանակը` 4734