«Շատ եմ ափսոսում, որ այդ տեսակի մարդկանց մեր հասարակությունը չի գնահատում»…

Կին թեկնածուների վարած քարոզարշավը  մեզ հետ զրույցում ամփոփում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով  թեեւ խորհրդարանական ընտրությունների մեկնարկին  նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկներ էր ստացել տարբեր կուսակցություններից, սակայն չի ցանկացել քաղաքական դաշտ մտնել: Քարոզարշավին հետեւել է պրոֆեսիոնալ տեսանկյունից եւ իր դիտարկմամբ ՝  կին թեկնածուներն  այս անգամ  ավելի ակտիվ ու հասանելի էին…

 

–         Նախ պիտի ասեմ, որ միշտ դեմ եմ եղել գենդերային ընդգծված քաղաքականությանը, քանի որ գտնում եմ, որ առողջ հասարակության մեջ մարդը պետք է գնահատվի ըստ իր արժանիքների` անկախ իր սեռից: Բայց քանի որ մեր հասարակությունը «տղամարդկային» է, եւ դեռ շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի կինը գնահատվի ըստ արժանվույն, ես կողմ եմ, որ Ազգային ժողովում ավելի մեծ թվով կանանց ներկայացվածությունը օրենքով պարտադրվի :

 

Իրականում մեր հասարակության մեջ կանայք շատ ավելի մեծ դերակատարություն ունեն, քան թվում է առաջին հայացքից: Ճիշտ է, նրանք ղեկավար պաշտոններ շատ չեն զբաղեցնում, բայց գրեթե բոլոր մարմիններում արմատական կարեւոր դերակատարություն ունեն` ակտիվ են, աշխատասեր են, ավելի բարեխիղճ են իրենց պարտականությունները կատարելիս: Երբ այս տեսանկյունից ենք նայում, ակնհայտ է, որ կանանց ներկայությունը ԱԺ-ում շատ բան կփոխի` թե մթնոլորտի, թե աշխատանքի կազմակերպման եւ թե օրենքների մշակման առումով:

 

 

Այս տարի կին թեկնածուների կազմում լրագրողների բավականին պատկառելի կազմ էր ներկայացված…

–          Իմ գործունեության ընթացքում համոզվել եմ, որ լրատվական դաշտում կանայք շատ ավելի ակտիվ են, քան տղամարդիկ: Կարծում եմ` կին լրագրողների ներկայությունը խորհրդարանում շատ դրական կարող էր ազդել օրեսնդիր մարմնի աշխատանքների վրա, քանի որ լրագրողներն ունեն բազմակողմանի գիտելիքներ, շփվում  են տարբեր ատյանների հետ…

 

 

Ինչպե՞ս  կգնահատեիք  կին թեկնածուների քարոզարշավը:

–          Ըստ իս, կին թեկնածուների քարոզարշավն աչքի էր ընկնում ակտիվությամբ: Նրանք ավելի շատ էին երեւում եթերում, շատ հարցազրույցներ էին տալիս եւ ավելի հասանելի էին լրագրողների համար: Ես չեմ հիշում մի դեպք, երբ մեր լրագրողները դիմեին որեւէ կին թեկնածուի եւ մերժում ստանային նրանցից: Բոլորը պատրաստակամորեն պատասխանել են լրագրողների հարցերին: Կանայք կարեւորում էին մամուլում հանդես գալը: Օրինակ, Սաթիկ Սեյրանյանը երեւի հեռուստատեսային հարցազրույցների թվով ռեկորդ սահմանեց: Ինքս էլ հաճույքով լսում էի նրան, ասում էի` գրագետ, պատրաստված եւ հասուն կին է, լավ է, որ նրա նման քաղաքական գործիչը գնա Ազգային ժողով:

 

 

Ցավալի է, որ կին թեկնածուներից շատերը մեծամասնականով էին առաջադրվել, եւ «տղամարդկային» հասարակությունը, որը չի հանդուրժում կնոջը, թույլ չտվեց, որ նրանք գնան Ազգային ժողով: Ես վստահ եմ, որ թե Անահիտ Բախշյանը, թե Սաթիկ Սեյրանյանը, թե Գոհար Վեզիրյանը, թե Գայանե Առուստամյանը շատ ավելի օգտակար խորհրդարանականներ կլինեին, քան տղամարդկանց այն հոծ բազմությունը, որը նրանց փոխարեն այսօր հայտնվել է խորհրդարանում:

 

 

Բայց իսկապե՞ս հասարակությունը կանանց չհանդուրժեց, թե՞ նրանք պարտվեցին, որովհետեւ իշխանության թեկնածուների դեմ էին պայքարում:

–         Այդ հանգամանքը եւս, իհարկե, գործեց, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հանրապետական կուսակցությունից առաջադրված կանայք անցան: Ուղղակի ես կուզեի, որ հասարակությունն այնքան հանդուրժող լիներ, որ կնոջը մի քիչ առավելություն տար: Օրինակ, ինչու պիտի Լյովա Խաչատրյանը անցներ խորհրդարան, իսկ Անահիտ Բախշյանը` ոչ: Ոչ մի կերպ չես կարողանում մարդկանց տրամաբանությունը հասկանալ: Այդ մարդը բիզնես ունի, թող իր բիզնեսով զբաղվի, իսկ Անահիտ Բախշյանը կայացած օրենսդիր գործունեություն ունի, 5 տարի մեր աչքի առաջ է եղել: Նա ընտրություններից հետո մեծ ցավ ապրեց, որ իր աշխատանքը չգնահատվեց: Ես կիսում եմ այդ ցավը, շատ ափսոսում եմ, որ այդ տեսակի մարդկանց մեր հասարակությունը չի գնահատում:

 

 

Իսկ համամասնական ցուցակներում ներկայացված կանանց քարոզարշավը՞…

–         Ինչ վերաբերում է համամասնականով  անցած կանանց ապա, ցավոք սրտի, միշտ չէ, որ կանանց լավագույն թեկնածուներն են հայտնվում ցուցակներում եւ խորհրդարանում: Բացի այդ, քարոզարշավի ժամանակ համամասնականով առաջադրված գրեթե բոլոր թեկնածուների գործունեությունն ի սկզբանե կանխվել է: Կուսակցությունների քարոզարշավը վարում էին առաջին դեմքերը, ՀՀԿ-ի քարոզարշավն անձամբ Սերժ Սարգսյանն էր վարում, մյուսներն անգամ հարցազրույցներ ու ասուլիսներ չէին տալիս: Երեւի միայն Դաշնակցության ու «Ժառանգության» կանայք էին երեւում, մնացածը ստվերում մնացին …

 

Արման Ղարիբյան 

Դիտումների քանակը` 3860

Գլխավոր էջ