«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
Նորավան համայնքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Ներկայումս համայնքն ունի 109 ծուխ և 360-ից ավելի բնակչություն: Մեծ մասը անասնապահությամբ է զբաղվում, մեկ ծխին միջինը բաժին է ընկնում 3 կով: Այստեղ է ապրում և իր տնտեսությունը զարգացնում Նյուրա Բարխուդարյանը: Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, որն իրականացնում է «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ:
Նյուրա Բարխուդարյանի ընտանիքը փոքր է, բաղկացած է երեք անդամից` Նյուրան, քույրը և մայրը: Մասնագիտությամբ հաշվապահ-տնտեսագետ է, աշխատանքային գործունեությունն սկսել է Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայում, այնուհետև 16 տարի աշխատել է Սիսիանի պանրի գործարանում որպես քիմիկոս լաբորանտ: Խորհրդային Միության փլուզումից հետո, աշխատանք չգտնելով, վերադարձել է գյուղ ծնողներին օգնելու, սեփական տնտեսությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով, իսկ ծնողի կորստից հետո ընտանեկան հոգսն է՛լ ավելի է մեծացել՝ հիմնականում ընկնելով Նյուրայի ուսերին:
Նյուրա Բարխուդարյանը ֆերմերային տնտեսությամբ զբաղվում է 1990-ական թվականներից: «Նախկինում ունեցել եմ մոտ 25 մանր և 4 խոշոր եղջերավոր անասուն: Աշխատուժի, մասնավորապես, ֆիզիկական ուժի պակասը ստիպեց ինձ թռչնաբուծությամբ զբաղվել: Ընտանիքում չկար տղամարդ, ով կկարողանար զբաղվել կենդանիների խնամքով և խոշոր եղջերավորի բուծմամբ»,- ասում է նա և պատմում, թե ինչպես պահպանելով հիմնական անասնագլխաքանակը՝ սկսեց զուգահեռ զարգացնել և ընդլայնել թռչնաբուծության ոլորտը: «Թռչունների քանակը հասցրեցինք 76-ի, սակայն թռչնի ժանտախտի պատճառով կորցրեցինք թռչունների մոտ 70 տոկոսը: Այնուամենայնիվ, ջանք չեմ խնայել այդ կորուստը վերականգնելու համար: Ինձ այդ հարցում սատար է կանգնել ընտանիքս»,- ասում է նա:
Այժմ Նյուրա Բարխուդարյանն ունի 55 թև թռչուն: Ստացված արտադրանքը` հավկիթը, վաճառում է համայնքի բնակիչներին և, արդեն ընդլայնելով շուկան, մատակարարում նաև Սիսիան քաղաքի խանութներին և անհատներին:
«2013-ի ամռանից սկսել եմ զբաղվել մեղվաբուծությամբ, ձեռք եմ բերել 4 մեղվափեթակ: Կարծում եմ՝ կմեծացնեմ նաև դրա ծավալները, նախ՝ հեշտ է զբաղվել, բացի այդ, նաև եկամտաբեր է»,- պատմում է նա:
Դրանից զատ, կին ֆերմերը զբաղվում է նաև հողագործությամբ, մշակում է կենդանիների համար անասնակերային մշակաբույսեր: «Անասնաբուծությունից բացի, տանս կից ծաղկանոց ունեմ, որտեղ ծաղիկներ եմ աճեցնում և զբաղվում դրանց վաճառքով: Աշխատում եմ տարբերակել արտադրանքս և մեղմել սեզոնայնության խնդիրը: Հիմնական եկամուտս գոյանում է կաթնամթերքի (չորաթան, պանիր, մածուն), ձվի, գառան և տավարի մսի արտադրությունից, այս տարի նաև քիչ քանակությամբ մեղր կվաճառեմ»,- ավելացնում է նա:
Նյուրա Բարխուդարյանը մասնակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Սյունիքում իրականացվող «Կանանց գլխավորությամբ ընտանիքների ֆերմերային տնտեսությունների կարողությունների և հմտությունների զարգացում» ենթածրագրին, որի աջակցությամբ կարողացել է ավելացնել թռչունների քանակն ու անասնակերի արտադրության ծավալները, ինչպես նաև նախաձեռնել բարձրարժեք կերային կուլտուրաների փորձնական մշակությունը:
Նրա հետագա ծրագրերը կապված են թռչունների քանակի ավելացման հետ, նախատեսում է ֆինանսական միջոցներ ներգրավել` ինկուբատոր ձեռք բերելու և ճտերի արտադրություն ու վաճառք կազմակերպելու նպատակով, մի խոսքով՝ փորձում է զարգացնել սեփական գործը: Կին ձեռներեցի օրինակին են հետևում նաև համայնքի ուրիշ կանայք՝ փորձելով եկամուտ ստանալ հավկիթի վաճառքից և զարգացնել իրենց տնտեսությունը:
«Ներկա պայմաններում շատ դժվար է որևէ բնագավառում հաջողության հասնել, բազում խոչընդոտներ պետք է հաղթահարես: Ջանք ու եռանդ չեմ խնայում հմտություններս ու փորձս կատարելագործելու համար: Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար: Ջանում եմ լինել հաջողակ ու նախաձեռնող ֆերմեր և իմ թեկուզև փոքրիկ լուման ներդնել համայնքի զարգացմանը նպաստելու համար»,- հպարտությամբ նշում է կին ֆերմերը:
Լիլիթ Պետրոսյան, ՌԶԳ ՀԿ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»
WomeNet.am-ը անդրադառնւմ է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 4372