«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ
Ոսկեվանի բնակիչները ավագանու թեկնածու Էմմա Հակոբյանի մասին
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի նախկին ղեկավար Էմմա Հակոբյանն առաջադրել է իր թեկնածությունը որպես ավագանու անդամ սեպտեմբերի 18-ին Նոյեմբերյանում խոշորացված կարգով անցնող ՏԻՄ ընտրություններին: Սահմանամերձ 9 համայնքներ միավորող այս ընտրություններում պայքարը թեժ է լինելու: Առաջադրվել է ընդհանուր թվով 36 թեկնածու, նրանցից միայն հինգն են կին: Էմմա Հակոբյանը միակն է սահմամերձ համայնքներից , մյուս կին թեկնածուները Նոյեմբերյանից են:
Ոսկեվանի նախկին ղեկավար Էմմա Հակոբյանը 16 տարիների ընթացքում աշխատանքային դժվարությունները հաղթահարելու իր կամքով ու համառությամբ նվաճել է համայնքի բնակչության սերը, հարգանքն ու վստահությունը: Այդ են վկայում նրա մասին համագյուղացիների դրական կարծիքները:
Ոսկեվան համայնքի բնակիչ, ծխախոտագործ Սերյոժա Ալեքսանյանի կարծիքով Էմման իր կենսագրությամբ ու անցած ճանապարհով ապացուցում է, որ արժանավոր մարդ է:
– Ավելի արժանի մեր համայնքում ես չեմ տեսնում: Պինդ կին է, այդպիսի կնոջը կարելի է ամեն ինչ վստահել: Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել, -ասում է Սերյոժա Ալեքսանյանը:
Մեկ ու կես տասնամյակից ավելի Էմմա Հակոբյանը չի շրջանցել համայնքին առնչվող որևէ խնդիր; Հանրային գործի հանդեպ նրա աչալուրջ և հոգատար վերաբերմունքի մասին համագյուղացի Էլմիրա Սարիբեկյանն արտահայտվում է հարգանքով: Նրա համոզմամբ կանայք որպես ավագանու անդամ մեծ դեր ունեն համայնքի կյանքում:
– Երբ նրանք ղեկավար են լինում ավելի ճիշտ և ռեալ են գնահատում իրավիճակը, ավելի խղճմտանքով են աշխատում, և ես կարծում եմ, որ ղեկավար պաշտոններում կանայք ավելի շատ լինեն քան տղամարդիկ, քանի որ այսօր ղեկավարները միշտ տղամարդիկ են , բայց ինձ թվում է, որ կանայք ավելի ուժեղ են, ավելի լավ կաշխատեն ու մեր հանապետությանն ավելի շատ օգուտ կատան,-ասում է Էլմիրան:
Մասնագիտությամբ գյուղատնտես Էմմա Հակոբյանի աշխատանքային ուղին ձգվում է հաշվապահից մինչ կոլտնտեսության ղեկավար, ընթացքում արժանանացել է բազմաթիվ պարգևների, դիպլոմների ու շքանշանների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի առթիվ պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատած տարիներին ակտիվորեն մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից ԱՄՆ-ում, Շվեդիայում կազմակերպված սեմինարների: Համայնքի ավագանու անդամների հետ համերաշխ ու թափանցիկ աշխատանքի շնորհիվ իրականացրել է բազմաթիվ ծրագրգր:
– Համայնքի ղեկավար աշխատած տարիներին կառուցել ենք ջրագծեր, հենապատեր, խճապատել ենք համայնքի ճանապարհները, վերանորոգել ենք պոմպակայանն ու սպորտդահլիճը, որի համար ձեռք ենք բերել անհրաժեշտ գույք, վերանորոգել ենք նաև համայնքային շենքը, բուժամբուլատորան, վերականգնվել է հեռախոսակապը, -պատմում է Էմմա Հակոբյանը:
Ոսկեվան համայնքի նախկին ղեկավար Էմմա Հակոբյանը սահմանամերձ համայնքերից առաջադրված միակ կին թեկնածուն է:
– Քանի որ համանքի ղեկավարման գործում ես ունեմ երկար տարիների աշխատանքային փորձ, ցանկացա առաջադրվել որպես ավագանու թեկնածու: Հայտնի դարձավ, որ համայնքների խոշորացման արդյունքում ունենալու ենք մեկ քաղաքապետ և ավագանու 19 անդամ, ուստի որոշեցի առաջադրվել: Ես ցանկանում եմ օգտակար լինել ինչպես իմ այնպես էլ մյուս համայնքների բնակչությանը,-ասում է Էմմա Հակոբյանը:
Մանրամասները «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված Իջևան հեռուստատեսության տեսանյութում.
Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան
Կարդացեք Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.
Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում
Դիտումների քանակը` 2955