«Յուրաքանչյուր հաջորդ ընտրության հարկավոր է պատրաստվել նախորդ ընտրություններից անմիջապես հետո»…
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Եվրամիությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ գործընկերությամբ պաշտոնապես ազարարեցին «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացում» եռամյա ծրագրի մեկնարկը:
Նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու կանանց մասնակցությունը տեղական ընտրություններում և կիրառելով մի շարք նորարարական մեթոդներ՝ զարգացնելու առաջնորդության պոտենցիալ ունեցող կանանց կարողությունները, խորացնելու նրանց գիտելիքները, օգնելու հաղթահարել իրենց առաջընթացը արգելակող սահմանափակումները, դրանով իսկ մեղմելով գենդերային անհավասարակշռությունը տեղական ինքնակառավարման մակարդակում:
«Իմ գնահատմամբ` այս ծրագիրը ոչ միայն կարևոր ու արդիական է, այլև փոքր-ինչ ուշացած, որովհետև յուրաքանչյուր երկրում ժողովրդավարության հիմքը տեղական ինքնակառավարումն է: Ինչքան էլ մենք վերևներում աշխատենք և փորձենք օրենսդիր կամ գործադիր իշխանության մակարդակում հավասարակշռել կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը, մենք չենք կարողանա նպատակին հասնել, եթե կանայք կշարունակեն անմասն մնալ իրենց իսկ համայնքների զարգացման ու կառավարման գործընթացներում: Այս առումով ծրագիրը, որ սկիզբ է առնում, առավել քան կարևոր է», -WomenNet.am-ին ասաց «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Մեր զրուցակցի դիտարկմամբ, գուցե ՏԻՄ ընտրությունները արդեն կայացան, բայց եթե հիշենք, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության հարկավոր է պատրաստվել նախորդ ընտրություններից անմիջապես հետո , ապա իսկ ժամանակն է զբաղվել կանանց մասնակցությունն ընդլայնելու խնդրով, քանի որ Հայաստանն անշուշտ շատ անելիքներ ունի այդ ուղղությամբ:
«Մի կողմից ՝այս ընտրություններից հետո ակնհայտ ունենք որոշակի տեղաշարժ` կանայք ցանկություն ունեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, բայց կանանց մի մասը չունի բավարար փորձ, մյուս մասը բավարար գիտելիքներ, որպեսզի ճիշտ մասնակցի ընտրական գործընթացներին և չունեն նաև միջոցներ: Այս իմաստով լուրջ անելիք ունեն նաև քաղաքական կուսակցությունները, որոնք միտված են աջակցելու իրենց անդամներին ակտիվորեն մասնակցելու քաղաքական այս գործընթացներին»,- նշեց Ջ.Հասրաթյանը:
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»-ն եռամյա այս ծրագրի շրջանակում իրականացնելու է կին առաջնորդների կարողությունների բարձրացմանը նպատակաուղղված բաղադրիչը ` կանանց ՏԻՄ համակարգում ավելի լայն ներգրավելու համար: Նախատեսվում է անցկացնել թրենինգներ, կանանց ակտիվի հետ մարզային հանդիպումներ, կլոր սեղաններ և այլն:
Ծրագրի մեկ այլ բաղադրիչը իրականացնելու է ««Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (APRA): Այն միտված է քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների կարողությունների և գիտելիքների ամրապնդմանը ՝ կանանց ու տղամարդկանց ոչ կարծրատիպային ներկայացումը խթանելու նպատակով:
Շնորհանդեսի ընթացքում APRA-ի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում աշխատելու են մի քանի թիրախային խմբերի հետ` գենդերային հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ, ինչպես նաև երիտասարդության շրջանում ՝ գենդերային կարծրատիպերի հանդեպ վերաբերմունքը փոփոխելու նպատակով՝ իրազեկության բարձրացման ու սոցիալական ցանցերի ակտիվացման միջոցով:
Իսկ այն,որ իրավիճակը գենդերային տոլերանտության առումով հուսադրող չէ, հատկապես հայաստանյան լրատվամիջոցներում` դրա մասին են վկայում հենց APRA-ի կողմից վերջերս անցկացված հատուկ մոնիթորինգի արդյունքները.
«Մոնիթորինգի արդյունքում շուրջ 4 հազար օնլայն- նորությունների դիտարկման արդյունքում մենք չենք հանդիպել որևէ նյութ, որ կվերաբերվեր գենդերային խնդիրներին կամ որում կարծարծվեր կանանց հիմնախնդիրներն ու ընտրություններում նրանց մասնակցության հնարավորությունները : Եվ միայն 5 տոկոս նյութերի մեջ է, որ կանայք հիշատակվում էին: Նույն վիճակն է թե տպագիր մամուլում, և թե հեռուստատեսությունում, ընդ որում հեռուստատեսային որոշ թոք-շոուներում արձանագրել ենք վառ արտահայտված գենդերային կարծրատիպեր, որոնք գրեթե այս ֆորմատից անպակաս են»,- նշեց իր խոսքում Տ.Փիրումյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԶԱԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան իր ելույթում կարևորեց ՀՀ-ում ՏԻՄ համակարգի զարգացումը և գենդերային հավասարության խթանումը:
«Հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մանդատի գլխավոր անկյունաքարերից են և ճիշտ ժամանակին մեկնարկած այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել կանանց և տղամարդկանց մասնակցությանը կառավարման և որոշումների կայացման գործընթացներում` Հայաստանում աճող քաղաքացիական ակտիվության համատեքստում»:
Իսկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, իր հերթին նշեց, որ կանանց և տղամարդկանց հավասարությունը Եվրամիության հիմնարար արժեքներից է և նրանք հավատում են, որ ` խթանելով կանանց ներկայացվածությունը ղեկավար պաշտոններում, այս ծրագիրը կնպաստի հավասարակշռությանը և շահավետ կլինի Հայաստանի համար երկարաժամկետ կտրվածքով՝ նորարարության, արդյունավետության և կայուն զարգացման առումով: Նշենք, որ Եվրամիությունը հատկացրել է 525,000 եվրո այս նախաձեռնության համար:
Է.Մ.
Դիտումների քանակը` 3594