«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»
47-ամյա Արմենուհի Աղաբաբյանը, ով ապրում և հողագործությամբ է զբաղվում Ախթալայում (Լոռու մարզ), Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ծրագրերից մեկի` «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ակտիվ շահառուներից է:
Արմենուհի Աղաբաբյանը Շամլուղում և Փոքր Այրումում գտնվող իր հողակտորներում աճեցնում է պտղատու ծառեր` խնձորենի, տանձենի, սալորենի, ընկուզենի, թթենի և այլն, ինչպես նաև բանջարեղենի ու հատապտուղների տարբեր տեսակներ:
Արմենուհի Աղաբաբյանի` hողագործության հանդեպ սերն ու հետաքրքրությունն առաջացել են դեռևս մանկության տարիներին.
– Հիշում եմ՝ երբ փոքր էի, սիրում էի հետևել, թե ինչպես են մեծերը, մասնավորապես, պապս այգում աշխատում: Հայրս շատ հաճախ թույլ չէր տալիս, որ ես ինչ-որ բանով օգնեի իրենց, բայց ես, միևնույնն է, կարտոֆիլ էի մշակում, մոլախոտերն էի հավաքում, ծաղիկներ էի աճեցնում: Ամենաշատը խոտհունձն էի սիրում, մշտապես գնում էի և իմ մասնակցությունն ունենում,- պատմում է նա:
Արմենուհի Աղաբաբյանն առանձնահատուկ հաճույքով է խոսում իր սիրելի զբաղմունքներից մեկի` մեղվապահության մասին: Սկզբնական շրջանում քիչ մեղվաընտանիքներ են ունեցել, սակայն իր շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում դրանց թիվն ավելացել է` հասնելով 10-ի:
– Մեղուները մշտական ուշադրություն ու խնամք են պահանջում: Բազմաթիվ նրբություններ կան, որոնց հարկավոր է տիրապետել` մեղվաընտանիքները պահպանելու և ավելացնելու, որակյալ մեղր ստանալու համար: Համացանցից նյութեր եմ կարդում, խորհուրդներ եմ հարցնում այդ ոլորտում փորձառու մարդկանցից, մեղուներիս համար պատվիրում և այլ երկրից եմ բերում հակատզային դեղամիջոցներ, փոխել եմ փեթակների շրջանակները նորերով… Շատ անելիքներ կան, բայց մեծ հաճույքով եմ անում այդ գործը,- ասում է Արմենուհի Աղաբաբյանը:
Երկու զավակների, զինվորի մայր է. հպարտությամբ նշում է, որ իր որդին հայրենիքի հանդեպ պարտքն է կատարում ՀՀ զինված ուժերում: Արմենուհի Աղաբաբյանը մասնագիտությամբ մանկավարժ է. ռուսաց լեզու է դասավանդում Ախթալայի 1-ին դպրոցում` այն դպրոցում, որտեղ ինքն է սովորել:
– 21 տարեկանից սկսել եմ աշխատել իմ հարազատ դպրոցում: Օրվա մեծ մասն այնտեղ եմ անցկացնում` գործընկերներիս ու իմ սիրելի աշակերտների հետ: Երբեմն ընտանիքիս, իմ սիրելի զբաղմունքների համար շատ քիչ ժամանակ է մնում: Սակայն ինչպես և յուրաքանչյուր հայ կին, այնպես էլ ես փորձում եմ ամեն ինչ հասցնել, համատեղել և ստանալ իմ ցանկացած գործունեության հնարավորինս լավագույն արդյունքը,- նշում է նա:
Իր այգիների բերք ու բարիքից պահածոներ, անուշահամ չրեր, թթու լավաշ ու շարոց է պատրաստում: Պատմում է, որ վերջին անգամ յուրահատուկ ձևով է պատրաստել շարոցի շփոթը. օգտագործել է տանձ ու խնձոր, որոնք հետաքրքիր համ ու բուրմունք են հաղորդել շարոցին.
– Հարկավոր է յուրաքանչյուր աշխատանքի ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել, այնպես անել, որ դրանից օգուտ քաղեն ու շահեն նաև ուրիշները:
Արմենուհին փորձում է ակտիվորեն ներգրավվել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի այլ ծրագրերում ու նախաձեռնություններում և իր գիտելիքների հարուստ պաշարն ու բազմաթիվ հմտությունները փոխանցել մյուսներին:
Ազատ ժամանակ զբաղվում է նաև ձեռագործով` ասեղնագործությամբ, հելյունագործությամբ և շյուղագործությամբ:
– Այնպիսի բաներ եմ գործում, որոնք շատ են օգտագործվում կենցաղում, օրինակ` բռնիչներ: Տոնական օրերին դրանք գեղեցիկ փաթեթավորում եմ և նվիրում հարևաններին, հարազատներին, ընկերուհիներին: Ուշադրության նման փոքրիկ դրսևորումներով փորձում եմ հաճելի անակնկալներ մատուցել և ուրախացնել իմ սիրելի մարդկանց,- ասում է Արմենուհի Աղաբաբյանը:
Այսպիսին է մեր հերոսուհին. չնայած իր բազմազբաղ ու հագեցած առօրյային` միշտ փնտրտուքի մեջ, փորձում է ընդլայնել իր տնտեսությունը, կյանքի կոչել իր բազմաթիվ գաղափարները և սեփական լուման ներդնել ոչ միայն իր ընտանիքի, այլև հարազատ համայնքի բարօրության ու զարգացման գործում:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ներկայացրել էր նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը:
Անուշ Շիլաջյան, ՀԵԿԱ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»
«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»
WomeNet.am-ը անդրադառնում է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 5242