Մի քանի տարի հետո, սեռերի անհավասարության մասին կարիք չի լինելու՞ խոսել..
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին մեր զրուցակիցներն են՝ Երիտասարդական խորհրդարանի անդամները.
Հարություն Ազգալդյանը – Երիտասարդական խորհրդարանի նախագահ, նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Երիտասարդական խորհրդարան է ընդգրկվել ԵՊՀ-ի կողմից ներկայացված քվոտայով
Կառլեն Խաչատրյանը– Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Երիտասարդական խորհրդարան է ընդգրկվել ՀՀԿ-ի քվոտայով:
Մարուսյա Անուշավանյանը– Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ինքնաառաջադրված:
Կարինե Ոսկանյանը– Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ինքնաառաջադրված:
Վլադիմիր Գևորգանը– Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ-ի անդամ / Երիտասարդական խորհրդարան է ընդգրկվել Երևանի պետական Տնտեսագիտական համալսարանի քվոտայով:
Հիշեցնենք, որ Երիտասարդական խորհրդարանը ստեղծվել է անցյալ տարվա մարտ ամսին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, որպես ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից խորհրդակցական հասարակական մարմին: 2011-ի հունիսի 1-ին Երիտասարդական խորհրդարանի անդամների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությամբ այն սկսեց իր աշխատանքները:
Խորհրդարանի կազմի 30 տոկասը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են :
12 մշտական հանձնաժողովներից չորսը ղեկավարում են աղջիկները:
Դա դեռեւս գենդերային հավասարություն չէ, բայց ի տարբերություն գործող ԱԺ-ից կանանց այսպես կոչված ՝«կրիտիկական զանգվածը» Երիտասարդական խորհրդարանում ապահովված է:
«Գենդերային հավասարություն. արդյո՞ք այն մեզ պետք է»…
Վլադիմիր Գևորգյան
– Ես, օրինակ, համոզված չեմ, որ մեզ պետք է գենդերային հավասարությունը:
Կարինե Ոսկանյան.
– Իհարկե պետք է: Այն հակառակ սեռին ուղղակի մարդ, հավասար քաղաքացի զգալու հնարավորություն է տալիս, և ի վերջո, կյանքում շատ են լինում դժվարություններ և տղամարդուն էլ է հարկավոր ամուր թիկունք, աջակից: Եթե տղամարդը իր կնոջ մեջ ուժ չի տեսնում, իսկ կինն էլ իրեն ցածր է զգում, ստորացված, ապա ընտանիքն ինքնին անառողջ կլինի, ջերմության մեջ ինչ-որ բան կպակասի: Չէ որ, երբ մարդը թերարժեքության զգացում ունի, ինքը լիովին չի կարող դրսևորվել:
Հարություն Ազգալդյան.
– Ես կարծում եմ, որքան շատ է խոսվում մի հարցի վերաբերյալ, այնքան հակառակ ազդեցությունն է լինում:Գործով եկեք ապացուցենք: Մենք օրինակ ապացուցեցինք Երիտասարդական խորհրդարանում՝այստեղ ոչ ոք տարբերակում չի տեսել և դրանով իսկ նա կարող է տալ նոր սերնդին հավասարը հավասարի հետ գործելու օրինակ: Հակասություններ կարող են լինել կարծիքների, տեսակետների առումով, սակայն դրանք հարթվում են միմիայն քննարկումների արդյունքում:
Մարուսյա Անուշավանյան.
– Մեր խորհրդարանում մեր գործով ու ակտիվությամբ մենք կապացուցենք, որ կանայք հաստատ ուժեղ են ու կարող են զբաղվել քաղաքականությամբ:
«Տղամարդը պետք է լինի շինարար, կինը` խոհարար մոտեցումը, ոչ արդիական է դառնում»…
Մարուսյա Անուշավանյան.
– Մենք չենք տեսել որևէ տարբերակում գենդերային առումով, կարծում եմ մեր սերնդակիցների մոտ այդ կարծրատիպային մոտեցումները ճիշտ է չի վերացել, սակայն շատ ցածր սանդղակի վրա է գտնվում: Յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր կարծիքը, հավասարը հավասարի ենք նայում միմյանց:
Կարինե Ոսկանյան.
– Կա հասարակության որոշ հատված, որտեղ դեռ իշխում են կարծրատիպերը: Սակայն դա որոշ և ոչ` ստվար հատված է: Եթե այս հարցը բարձրացվեր մի քանի տարի առաջ, ապա պատկերը այլ կլիներ, իսկ մի քանի տարի հետո, համոզված եմ, այս խնդիրը այլևս բարձրաձայն հնչեցնելու անհրաժեշտություն չի ունենա: Դրական միտումներ կան, քանի որ, օրինակ, երբ ասում եմ, որ ընդգրկված եմ երիտասարդական խորհրդարանում, քաղաքականությունով եմ զբաղվում, երիտասարդների ու նաև միջին տարիքի մարդկանց մոտ զարմանք չի առաջացնում: Քաղաքագետ եմ և իմանալով իմ մասնագիտական գիտելիքները, նրանք միայն ողջունում են, որ տեսական գիտելիքները կարող եմ պրակտիկայում գործադրել:
Կարծում եմ, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կդնի իր տեղը և գենդերային խտրականությունը, որը վիրավորում է իգական սեռին, այլևս չի լինի: Ի վերջո, մենք ենք որոշում, թե մեր սրտին, հոգուն ինչ է հարազատ, ինչով կարող ենք զբաղվել, ունենք մեր առաքելությունը այս կայնքում և այն կարծրատիպային մոտեցումները, թե տղամարդը պետք է լինի շինարար, կինը` խոհարար, աստիճանաբար ոչ արդիական են դառնում: Իսկ երբ կարողաում ես ռեալիզացնել քո հնարավորությունները, միայն ողջունելի է:
Կառլեն Խաչատրյան.
– Իրավական առումով մեր երկրում գենդերային անհավասարություն չկա: Այլ խնդիր է, թե ինչպես են այդ օրենքները կիրառվում և հասարակությունը ինչպես է մոտենում այդ հարցին, կանայք որքանով են օգտվում իրենց իրավունքներից: Այստեղ է, որ դեռ խնդիրներ ունենք: Այն հանձնաժողովը, որ ես եմ ղեկավարում, կանանց ներգրավվածությունը շատ բարձր է 40% է կազմում, ակտիվության տեսանկյունից նույնպես:
«Միայն տղամարդկանց մեղադրելն իրավացի չէ»…
Հարություն Ազգալդյան
– Եթե գիտակից մարդը սովորում է, ապա սովորում է ինչ-որ նպատակ ունենալով: Իսկ եթե սովորում է, ինքն իր մեջ մտածելով, որ չի աշխատելու հետագայում, խոսքը աղջիկների մասին է, ապա միանշանակ հենց ինքն էլ մեղավոր է: Գենդերային անհավասարության մեջ մեղադրել միայն տղամարդկանց, կարծում եմ, իրավացի չէ:
Կարինե Ոսկանյան
– Իմ կարծիքը արտահայտելու, հարցեր բարձրացնելու գործում երբևէ խտրականության չեմ հանդիպել: Այտեղ նաև անհատական խնդիր է: Ամեն մարդ ինքն է իր կյանքը կառուցում: Կարծում, եմ խնդիրը մեծապես մտածելակերպի մեջ է: Կանայք իրենք էլ մտավախություն ունեն, որ չեն ընդունվի հասարակության կողմից: Սակայն եթե դու կարողանում ես քեզ ճիշտ ներկայացնել, ոչ մեկ չի ասի, դու կին ես, դու գործ չունես: Կարծում եմ, ոչ մի արական սեռի ներկայացուցիչ չի մերժի քո գաղափարները միայն այն պատճառով, որ դու կին ես:
«Փոփոխություն պետք է մտցնել, ոչ թե օրենսդրական դաշտում, այլ գիտակցության մեջ»…
Կառլեն Խաչատրյան.
– Իրավունքի իրացման տեսանկյունից խնդիրներ կան, բայց դրանք կարծրատիպային ու հոգեբանական են: Այս առումով, օրենքը («Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորությունների ապահովման մասին» – խմբ. ), եթե ընդունվի էլ դժվար ունենա հոգեբանական կարծրատիպ կոտրելու ուժ: Դիցուկ՝ ո՞վ է արգելում կնոջը առաջադրվել երկրի նախագահ…
Կարինե Ոսկանյան.
– Կարծում եմ այս խնդիրը օրենսդրական դաշտի հետ որևէ առնչություն չունի, որովհետև սահմանադրությունն արդեն իսկ ասում է, որ հավասար են բոլորը, հետևաբար, այստեղ փոփոխություն պետք է մտցնել, ոչ թե օրենսդրական դաշտում, այլ գիտակցությունում: Կինը գիտի, որ ինքը առաջադրվելով, որպես նախագահի թեկնածու, չի ստանա այն համապատասխան ձայները, որոնք հնարավորություն կտան նրան դառնալ նախագահ, այսինքն առաջադրումը անիմաստ է դառնում:
Ես հիշում եմ` 1998թ-ին Լյուդմիլա Հարությունյանը դրեց իր թեկնածությունը, սակայն Կարեն Դեմիրճյանի առաջադրումից հետո, հանեց այն: Այսինքն կար այդ ցանկությունը իր մեջ և օրենսդրական առումով որևէ խոչընդոտ չնկատվեց և հանելն էլ էր իր անձնական որոշումը: Պարզապես, մեր իրավագիտակցությունը այն մակարդակի չէ, որ հասարակությունը որևէ տարբերություն չդնի և իր քվեն տա գաղափարին, այլ ոչ թե սեռական պատկանելիությունը որոշիչ լինի նրա համար: Դեմ կքվեարկեի այս նախագծին:
Հարություն Ազգալդյան.
– Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ հասարակության մեջ ունենք կարծրատիպերով ապրող մարդկանց մի խումբ ու օրենքի գոյությունը, որը , ըստ էության, պարտադրող բնույթ է ունենալու, միայն հակառակ ազդեցություն է ունենալու: Ինքս դեմ եմ այս օրենքի նախագծին, քանի որ կարծում եմ, որ օրենքը կարող է ոչ ճիշտ ձևով ընկալվի:
Վլադիմիր Գևորգան.
– Այստեղ հոգեկերտվածքի խնդիր է: Եթե մենք ուզում ենք որևէ բան փոխել, ապա մենք պետք դա անենք հասարակության հետ անընդհատ աշխատանքով և ոչ օրենքով: Օրենքներ շատ են ընդունվում, բայց ոչ բոլորն են գործում, եթե դա էլ ընդունվի և չգործի, իմաստ չունի: Ես համաձայն չեմ, որ միայն կանայք են ճնշված ու աշխատանք չունեն: Կրթության և առողջապահության բնագավառում ճնշող մեծամասնությունը կանայք են:
Պատրաստ եք արդյո՞ք 50/50 սեռերի հարաբերակցությանը երիտասարդական խորհրդարանում:
Մարուսյա Անուշավանյան.
– Կարծում եմ, ոչ մեկ չի արգելում մեզ հարց բարձրացնել, առանց որևէ տոկոսային հարաբերակցության, ի՞նչ կապ ունի, եթե սա խնդիր է, ապա բոլորս էլ պետք է այն բարձրացնենք:
Հարություն Ազգալդյան.
– 50/50-ի վերաբերյալ ունեմ բացասական դիրքորոշում: Ես գտնում եմ, որ անգամ պետք է նվազագույն շեմի պայմանն էլ հանվի, քանի որ մեր խորհրդարանի դեպքում որևէ մեկը արգելք չի ստեղծել կանանց մասնակցությանը: Արհեստականորեն ասել, որ կանայք պետք է 50% լինեն և դրանով նվազեցնել մեր գործունեության արդյունավետությունը, ճիշտ չէ:
Պետք է հաշվի առնել նաև հասարակության պատրաստվածության խնդիրը: Եթե հասարակությունը պատրաստ լիներ, ապա խորհրդարանի ձեւավորման նախնական շրջանում աղջիկ դիմորդները ընդամենը 20% չէին կազմի: Կարծում եմ, եթե հավասարը հավասարի դիմեն ու ցանկություն հայտնեն, այդ ժամանակ հավասարը հավասարի մասնակցությունը նույնպես կամրագրվի:
Այսօր մեր խորհրդարանում 30%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, չնայած նվազաույն շեմը եղել է 20%-ը: Առաջին լիագումար նիստից հետո պարզ դարձավ, որ երիտասարդական խորհրդարան ներգրավված աղջիկները ոչ միայն ոչնչով չէին զիջում տղաներին, այլև առավել ակտիվ էին:
Զրուցեց՝ Լիլիթ Քոչինյանը
Դիտումների քանակը` 5125