«Միսս Հայք 2016». կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության մրցույթը
Մայիսի 7-ին Երեւանում կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի մրցանակաբաշխությունը: Այն անց է կացվել Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան դահլիճում: «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած այս միջոցառումը նվիրվել է հայ ժողովրդի մայիսյան եռատոնին:
Առաջին տեղում Էլեն Խաչատրյանն է ՝ Երևանից: Երկրորդ տեղը՝ «Վիցե Միսս Հայք» անվանակարգում, զբաղեցրել է Ռուզաննա Կարապետյանը՝ կրկին Երևանից: Երրորդ տեղում՝ «Միսս համակրանք» տիտղոսի է արժանացել Արփինե Հարությունյանը ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Հաղթողներից երկուսը ՝լսողության խնդիրներ ունեն, մեկը՝ տեղաշարշվում է անվանասայլակով:
«Միսս Ունիսոն» անվանակարգում, հաղթող է ճանաչվել Ֆենյա Պողոսյաննը՝ Վայոց ձորի Ռինդ գյուղից: Եղել են նաև 6 խրախուսական մրցանակներ:
«Միսս Հայք 2016»-ին մասնակցության հայտ են ներկայացրած եղել 16 տարեկանը լրացած 44 գեղեցկուհիներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից և ԼՂՀ-ից, ինչպես նաև 1 մասնակից Ռուսաստանից: Այս տարի առաջին անգամ վերին տարիքային շեմ չի սահմանվել: Նորամուծությունների շարքում էր նաև նախընտրական` ֆեյսբուքյան փուլը։ ՖԲ օգտատերերի հավանումների քանակով ընտրվել են եզրափակիչ փուլի երեք մասնակիցները: Ընդհանուր առմամբ, եզրափակիչ փուլ էր անցել 10 գեղեցկուհի:
Ժյուրիի կազմում էին ընդգրկվել հաղորդավար Եգոր Գլումովը, հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը, գրաֆիկ-դիզայներ Մուշեղ Գարուկյանը:
Հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության առաջին մրցույթը կայացել է 2004-ին՝ «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Նպատակ էին դրել կոտրել կարծրատիպերը, որ հասարակությունը հաշմանդամություն ունեցող անձի մեջ առաջին հերթին ոչ թե ֆիզիկական կամ մտավոր խնդիրը տեսնի, այլ՝ նրա հնարավորությունները, տաղանդներն ու երազանքները:
«Բոլորն են հաղթող, բոլորը կստանանան մրցանակներ: Ավելի կարեւոր է, որ հասարակություն հասկանա, որ հաշմանդամություն ունեցող կինն առաջին հերթին աղջիկ է, կին է, գեղեցիկ է, ընտանիքի, մայրության, կարիերայի մասին է մտածում, այլ ոչ թե պետք է կենտրոնանալ խնդրի վրա»,- նշում է ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:
Եզրափակիչ հասած 10 մասնակիցները ժյուրիին ներկայացան նախ առօրյա, հետո՝ երեկոյան հագուստով: Հանդիսատեսի քվեարկությամբ Արցախը ներկայացնող Արփինեն արժանացավ «Միսս Համակրանք» տիտղոսին, 6 խրախուսական մրցանակներից բացի հանձնվեց նաեւ «Միս Ունիսոն»-ը:
Դիտումների քանակը` 4830