«Միշտ պաշտպանել է ամուսնուն՝ հանուն ընտանիքի»…
Մեկ շաբաթ է անցել օգոստոսի 6-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի ունեցած ոճրագործությունից, բայց ուշքի գալ չեմ կարողանում: Այդ չարաբաստիկ օրը ամուսնու դանակի ութ դաժան հարվածներից սպանվեց երկու երեխաների մայր՝ 36-ամյա Լուսինե Դավթյանը: Ճանաչում էի իրեն, օրինակելի մայր էր, բարի, ազնիվ, խեղճ ապրող երիտասարդ մի կին: Ամեն ինչ անում էր , ամուր պահելու իր ընտանիքը, թեպետ հարբեցող ու անգործ նրա ամուսինը գրեթե ամեն օր անխնա ծեծում էր կնոջը՝ 16- ամյա դստեր և 5- ամյա որդու ներկայությամբ:
Դաս եմ տվել դստերը , մայրը միշտ հետեվողական ու ուշադիր է եղել երեխաների դաստիարակության գործում, չնայած ապրել են շատ վատ պայմաններում՝ վագոն դոմիկում, իսկ ամուսինը ՝ ՝ 37-ամյա Արսեն Ա.-ն հարբեցողությամբ էր զբաղվում: Այդ օրը հերթական կռիվներից հոգնած խեղճ կինը համարձակվել էր ասել, որ այլևս հնարավոր չէ էդպես ապրել, պիտի բաժանվեն: Ամուսինը հարբած վիճակում ծեծի է ենթարկել, երեխաների հետ փախել է տեքոր տուն՝ խնդրելով օգնություն: Սակայն ամուսինը նրա հետևից հասել է և զավակների ներկայությամբ խոհանոցային դանակով հարվածներ հասցնելով սպանել է կնոջը:
Լուսինեն մահացելե Վաղարշապատի հիվանդանոցում, մինչ այդ պատմելով ամուսնու կատարած դաժանության մասին: Ըստ իրավապահների պարզվում է, որ շատ հաճախ են ահազանգ ստացել այս ընտանիքի համար, բայց ամեն անգամ կինը փորձել է պաշտպանել ամուսնուն՝ ելնելով պատվախնդրությունից: Ուզում էր պահպանել ընտանիքը: Արդյունքում ընտանիքը խորտակվեց, և ինչ պիտի լինի երեխաների վիճակը, ինչպես են ապրելու այդ ցավով, ոչ ոք ասել չի կարող…
Փախուստի դիմած ոճրագործին ձերբակալեցին մի քանի օր անց ՝ կեսգիշերին իր իսկ վագոն տնակում սուրճ խմելիս…
Հավելեմ, որ Մուսալեռում արդեն որերրորդ սպանությունն Է կատարվում և զոհերը կանայք են… Որոշեցի պատմել այս դեպքի մասին, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: Զարմանալի է, բայց փաստ է ՝ ընտանեկան բռնության օրենքի մերժումը չնչին ուշադրության անգամ չարժանացավ ոչ մի կուսակցության, ընդդիմություն ներկայացնող ժողովրդական շարժումների կամ ակտիվիստների կողմից: Գուցե նրանց թվում է, որ մեզանում ընտանեկան բռնություն գոյություն չունի՞: Իսկ այն, որ կնոջը կարելի է անպատիժ կերպով անպատվել, խեղդել, ստորացնել, տանջել, ծեծել, և ինչու ոչ` երբեմն էլ սպանելով ինքնասպանության շոու բեմադրել – այս ամենը ներքին ընտանեկան գործ է, էսօր կկռվեն, վաղը կհաշտվեն… Մինչդեռ ինչ- որ մեկի համար այդ վաղը կարող է երբեք չգալ…
Անգին Արշակյան
«Օգնեք ինձ, ես չգիտեմ` կարո՞ղ եմ արդյոք դիմանալ մինչև վաղը»
Ընտանեկան բռնության դեմ այս տեսահոլովակը նկարահանվել է Սերբիայում: Վերնագիրն է` «Օրական մի նկար իմ կյանքի ամենասարսափելի տարվա ընթացքում»: Տեսագրության վերջում աղջկա ձեռքի ցուցանակին գրված է` «Օգնեք ինձ, ես չգիտեմ` կարո՞ղ եմ արդյոք դիմանալ մինչև վաղը»:
Հ.Գ. Հայաստանում ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացված չէ, սակայն կա ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարության կողմից մշակված համապատասխան օրենքի նախագիծ, որը մերժվել է ՀՀ կառավարության կողմից 2013 թ. հունվարին:
Դիտումների քանակը` 4016