«Մինչեւ վերջին մարդն էլ հասկանա, որ ոչ ոք արժանի չէ բռնության»
Մենք անդրադարձել էինք Բրազիլիայում սկսված «Ես արժանի չեմ բռնաբարված լինելու» շարժմանը, որը սկիզբ էր առել ի պատասխան այն հարցման տվյալների, համաձայն որի՝ բրազիլացիների 65.5 տոկոսը կարծում է, որ կինն արժանի է բռնաբարության, եթե նրա արտաքին տեսքը «սադրիչ» է, այլ կերպ ասած՝ եթե կնոջ մարմինն ամբողջովին ծածկված չէ:
Զավեշտալին այն է, որ հսկայական աղմուկից հետո հարցումն իրականացրած Տնտեսական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտարարել է, թե հարցման արդյունքը հրապարակելիս վրիպակ է եղել, եւ որ բրազիլացիների ոչ թե 65.5, այլ ընդամենը 26 տոկոսն է վերոնշյալ կարծիքի , իսկ ինստիտուտի տնօրենը հեռացել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:
Զարմանալի է, որ թվային անճշտությունը վերաբերել է միայն կնոջ բռնաբարության վերաբերյալ հարցին, որն էլ դրդել էր ակտիվ կանանց նախաձեռնելու «Ես արժանի չեմ բռնաբարված լինելու» շարժումը: Ընդ որում, մարտի 27-ին հրապարակված տվյալները ինստիտուտը շտկել է միայն ապրիլի 5-ին, երբ տեղական եւ միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ արդեն իսկ անդրադարձել էին այս թեմային:
«Ես արժանի չեմ բռնաբարված լինելու» շարժումը նախաձեռնած բրազիլացի լրագրող Նանա Քուեիրոզը «WomenNet»-ի հետ զրույցում նշեց, որ 26 տոկոսը եւս մտահոգիչ ցուցանիշ է եւ որ իրենք պայքարելու են «մինչեւ վերջին մարդն էլ հասկանա, որ ոչ ոք արժանի չէ բռնության»: «Ապշելու բան է, եթե հարցմանը մասնակցած յուրաքանչյուր 4-րդը կարծում է, որ կինը պետք է բռնաբարվի միայն այն պատճառով, որ նա բաց զգեստներ է հագնում, մանավանդ, որ հարցվածների մեծամասնությունը կանայք են եղել»,- կարծում է Նանան:
Հիշեցնենք, որ Նանայի նախաձեռնությամբ բազմաթիվ բրազիլացի կանայք իրենց լուսանկարներն են հրապարակել, որտեղ իրենք գոտկատեղից վերեւ մերկ են: Լուսանկարներում կանայք եւ աղջիկները ձեռքներին կամ իրենց մարմնի վրա գրություն ունեն, որով հայտարարում են՝ «Ես արժանի չեմ բռնաբարված լինելու»: Այդպիսով կանայք ընդգծում են, որ ոչ ոք իրավունք չունի իրենց բռնության ենթարկելու՝ անկախ նրանից, թե ինչպես են իրենք հագնված:
Իր քաղաքացիական ակտիվության համար Նանան բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել համացանցում, նա այդ մասին հայտարարել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, սակայն ոստիկանությունը որեւէ կերպ չի արձագանքել նրա հայտարարություններին:
Բրազիլացի մեկ այլ լրագրող՝ Թաիսա Սգանզեռլան, «WomenNet»-ի հետ զրույցում նշեց, որ որպես հանրային մշակույթ բավականին մտահոգիչ է որոշ տղամարդկանց ագրեսիվ կեցվածքը ակտիվիստի նկատմամբ. «Սակայն եթե խնդիրը դիտարկենք անհատական տեսանկյունից, ապա կհասկանանք, որ սպառնացողները այն տղաներն էին, որոնք հավանաբար երբեք սեռական հարաբերություններ չեն ունեցել, եւ սա կարծես առիթ հանդիսացավ, որպեսզի նրանք արտահայտեն իրենց սեռաքացությունը»,- նշում է Թաիսան՝ հիշեցնելով, որ ոստիկանական պասիվ կեցվածքի պատճառով սեռական բռնության ենթարկված բրազիլացի կանանցից շատերը չեն դիմում իրավապահ մարմիններին:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ես արժանի չեմ բռնաբարված լինելու»
Դիտումների քանակը` 4126