«Մեր իրավունքները։ Մեր ազատությունները։ Ընդմիշտ։» – մեկնարկեց ՄԱԿ-ի քարոզարշավը
Ամեն տարի դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների օրը։ Այդ օրը 1948 թ-ն ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Այս տարվա Մարդու իրավունքների օրը նվիրված է Մարդու իրավունքների մասին երկու միջազգային դաշնագրի հռչակման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված մեկամյա արշավի մեկնարկին։ Դրանք են ՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերը, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից 1966 թ. դեկտեմբերի 16-ին։
Այդ երկու դաշնագրերը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հետ միասին կազմում են Մարդու իրավունքների միջազգային օրինագիծը, սահմանելով քաղաքական, մշակութային և սոցիալական իրավունքները՝ որպես յուրաքանչյուր մարդու բնածին իրավունքներ։
«Մեր իրավունքները։ Մեր ազատությունները։ Ընդմիշտ։» արշավի նպատակն է նպաստել այդ երկու դաշնագրերի մասին իրազեկվածության բարձրացմանը։ Մեկամյա արշավի հիմնական թեման իրավունքներն ու ազատություններն են՝ խոսքի ազատություն, դավանանքի ազատություն, կարիքից զերծ լինելու ազատություն և վախից զերծ լինելու ազատություն, որոնք հաստատում են, որ Մարդու իրավունքների միջազգային օրինագիծը նույնքան արդիական է, որքան և 50 տարի առաջ՝ Դաշնագրերի ընդունման ժամանակ։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի այս տարվա Մարդու իրավունքների օրվա առիթով ուղերձը հենց այս թեմային է նվիրված.
« Աշխարհի շուրջ տեղի ունեցող մեծածավալ վայրագությունների ու համատարած չարաշահումների պայմաններում Մարդու իրավունքների օրը պետք է ձեռնարկել առավել համաձայնեցված գլոբալ գործողություններ՝ խթանելու այն անժամկետ սկզբունքները, որոնց միահամուռ կերպով պարտավորվել ենք հետևել:
Այս տարի, երբ նշվում է ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը, մեզ համար ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ժամանակակից շարժումը, որը սկիզբ է առել երկրորդ աշխարհամարտից:
Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը որպես բոլոր մարդկանց բնածին իրավունք ճանաչեց չորս հիմնարար ազատությունները, որոնք էին՝արտահայտվելու ազատությունը, դավանանքի ազատությունը, կարիքից զերծ լինելու ազատությունը ու վախից զերծ լինելու ազատությունը: Նրա կինը՝ Էլեոնոր Ռուզվելտը, ևս միացավ ՄԱԿ-ի ամբողջ աշխարհից հավաքված մարդու իրավունքների ջատագովներին՝ ամրագրելու այդ ազատությունները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
Այսօրվա արտակարգ մարտահրավերները կարող ենք դիտարկել, անդրադառնալով դրանց՝ հռչակված չորս ազատությունների տեսանկյունից:
Առաջինը` արտահայտվելու ազատությունը, որից զուրկ են միլիոնավոր մարդիկ և, որը գտնվում է անընդհատ աճող սպառնալիքի տակ: Մենք պետք է պաշտպանենք, պահպանենք և ընդլայնենք ժողովրդավարական գործընթացներն ու հնարավորությունները քաղաքացիական հասարակության համար: Սա է տևական կայունության հիմնաքարը:
Երկրորդ՝ դավանանքի ազատությունը։ Ամբողջ աշխարհում ահաբեկիչները բռնագրավել են կրոնը և վարկաբեկում են կրոնի գաղափարը՝ սպանելով մարդկանց վերջինիս անունից: Մյուսները, որպես թիրախ ընտրել են կրոնական փոքրամասնություններին ու վախ են սփռում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Ի պատասխան, մենք պետք է խթանենք հարգանքը բազմազանության նկատմամբ՝ ելնելով բոլոր մարդկանց հիմնարար հավասարության և կրոնի ազատության իրավունքից:
Երրորդ՝ կարիքից զերծ լինելու ազատությունը շարունակում է պարուրել մարդկության մի ստվար զանգվածի: Սեպտեմբերին աշխարհի առաջնորդները ընդունեցին Կայուն զարգացման 2030 թ. օրակարգը, որը նպատակաուղղված է վերջ դնելու աղքատությանը և հնարավորություն ընձեռելու բոլոր մարդկանց ապրել արժանապատվությամբ խաղաղ և առողջ մոլորակի վրա: Այժմ մենք պետք է անենք առավելագույն հնարավորը իրականացնելու այս տեսլականը:
Չորրորդ՝ ազատություն վախից։ Միլիոնավոր փախստականներ և ներքին տեղահանվածներ այս ազատության իրականացման խափանման ողբերգական արդյունք են: Վերջին անգամ այսքան մարդ ստիպված է եղել լքել իր տունը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Պատերազմներից, բռնություններից և անարդարությունից նրանք փախչում են մայրցամաքներից ու օվկիանոսներից անդին՝ հաճախ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Ի պատասխան, մենք պետք է ոչ թե փակենք, այլ բացենք դռները նրանց առաջ և ապահովենք ապաստարան փնտրելու նրանց բոլորի իրավունքը, առանց որևէ խտրականության: Չքավորությունից և հուսահատությունից փախչող միգրանտները ևս պետք է օգտվեն իրենց հիմնարար իրավունքներից:
Այսօր մենք վերահաստատում ենք, մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառությունը, որպես մեր գործունեության հիմնաքար: Սա է ՄԱԿ-ի «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության ոգին, որի նպատակն է կանխարգելել և արձագանքել մեծածավալ խախտումներին:
Եկեք Մարդու իրավունքների օրը հանձն առնենք հիմնարար ազատությունների երաշխավորումը և բոլորի մարդու իրավունքների պաշտպանությունը», – ասված է Բան Կի Մունի ուղերձում:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Դիտումների քանակը` 3044