«Մենք հեջաբը ներքուստ ենք կրում » …


«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Նվարդ Մանասյանը պատգամավորության թեկնածուներից   երեւի թե միակն  է, որ ոչ միայն չի խուսափում   «ֆեմինիզմ»  բառը արտասանել, այլ  իրեն այդ գաղափարախոսության  ջատագովն  է համարում: Գուցե զարմանալի  թվա այդ հանգամանքը, բայց   մեզանում նույնիսկ կանանց իրավունքների պաշտպանությամբ  անմիջականորեն զբաղվող  շատ կանայք , կարծես թե  վախենում են իրենց ֆեմինիստ անվանել…  

 

 Մանասյանը գենդերային  անհավասարակշռության հարցերով  բավականին երկար ժամանակ եւ լուրջ մակարդակով է զբաղվում: Դասավանդելով  Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կրթության կառավարման ամբիոնում  համարում   է, որ գենդերային  գիտելիքները խիստ անհրաժեշտ են այն  մասնագետների համար, ովքեր վաղը ստանձնելու են այդ ոլորտի կառավարումը:

«Ներկայացնել կնոջը  ոչ թե միայն գեղեցկության տեսանկյունից, այլ խելքի եւ կայացվածության»…

 

Դուք ամեն օր շփվում եք երիտասարդների,  ուսանողության հետ: Հաճա՞խ եք գենդերային խտրականության հետ կապված խնդիրների, երեւույթների հանդիպում:

 

– Իսկ դուք չե՞ք նկատում, հանդիպում: Միայն փաստը, որ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են, խոսում է այն մասին, որ մենք նեղ պատկերացում ունենք լեզվի, լեզվաբանության, բանասիրության մասին եւ անհիմն ֆեմինիզացրել ենք այդ ոլորտը: Շատ նեղ պատկերացում ունենք դաստիարակչական, կրթական գործունեության մասին : Արդյունքում մեր դպրոցները ֆեմինիզացվել են: Այսօր խնդիր է դարձել  տղաների կրթությունը՝ նրանց  հաջողությամբ մինչեւ ավագ դպրոց հասցնելն ու դպրոցն ավարտելը լուրջ հարց է, քանի որ շատ հաճախ տղաները կրթությունը կիսատ են թողնում եւ նախընտրում աշխատել:

Հասարակության մեջ գենդերային բնույթի հազարավոր խնդիրներ ունենք:  Տնտեսական առումով առկա է անհավասարություն: Եկեք հաշվենք, թե այսօր քանի կին ձեռներեց ունենք եւ թիվը համեմատենք տղամարդ ձեռներեցների հետ: Պարզ է դառնում, թե որքան անհավասար դաշտում են կանայք: Մեդիաքաղաքականությունն էլ կնոջը նեղ դեր է տվել: Կինը պետք է միշտ լինի կիսամերկ, գեղեցիկ եւ երիտասարդ: Բայց պարզվում է, որ կանայք նաեւ տղամարդկանց հավասար ծերանում են: Մենք միշտ երիտասարդ չենք կարող լինել:

 

Նաեւ կանայք տղամարդկանց հավասար մտածում են: Չգիտես ինչու, չեն սպասում, որ կանայք կարող են մտածել, ունակ են բնական գիտություններով զբաղվել, կարիերա անել, իրավապահ  մարմիններում աշխատել եւ այլն: Օրենքով այդ ամենը կարող ենք` սահմանափակում չկա, սակայն մեզանից չեն ակնկալում, որ մենք կարող ենք դա իրագործել : Կանայք հասարակական շարժումներում, որպես քաղաքացիական ակտիվիստներ հսկայական գործ են անում, բայց  հաճախ չեն նկատվում: Կուսակցություններում էլ նրանց ակտիվությունն  անտեսանելի է: Պատկերացումից, որ մի օր կունենանք կին նախագահ, կին վարչապետ, կհասնենք հավասար ներկայացվածության խորհրդարանում, դեռեւս շատ հեռու են: Այնպես որ  ընտրական ցուցակներում գենդերային  քվոտավորումը լավ կյանքից չի առաջացել…

 

– Այս խնդրիների հիմքը որտե՞ղ է թաքնված:  Գուցե տղամարդի՞կ են մեղավոր,  որ կանայք այսօր չեն կարողանում ինքնահաստատվել եւ ներկայանալ հասարակությանն առավել լայն սպեկտրով:

 

– Իհարկե , միայն տղամարդը չէ մեղավորը: Իգական սեռն ունի ինքնացենզուրա, ինքնանորմավորում: Բայց եթե դիտարկենք  այդ ինքնանորմավորող հայրիշխանական մեքենայի ամբողջ էությունը, ապա կհասկանանք, որ այս հարցում հակառակ սեռի միջամտությունը  մեծ է: Մեր փառաբանման կետը դարձրել են գեղեցկությունը: Ես չեմ ասում, որ մենք պետք է տգեղ լինենք, բայց մեզ չպետք է միայն գեղեցկությամբ սահմանափակեն: Եթե տղամարդուն իր գործունեությամբ են արժեւորել ու հաստատել պատմության մեջ, ապա շատ քիչ կանայք կան, որ իրենց կատարած աշխատանքով, իրենց գործողություններով են մնացել պատմության հիշողության մեջ: Ու ժամանակային կտրվածքով պարզ է դառնում, որ մյուս սեռն այս ամենի համար նախադրյալներն է ստեղծել: Բայց սա չպետք է լինի առիթ` մեղավորներ փնտրելու: ժամանակները փոխվել են: Պետք է առաջ նայենք ու հասկանանք`կինն այսօր ինչ կարող է անել եւ ինչի հնարավորություն ունի:

Մեծ հաշվով կանանց ռեսուրսը մեզանում  չի օգտագործվում: Համալսարանում փայլուն աղջիկներ  են սովորում, որոնք հետագայում  հասարակության մեջ գոյություն ունեցող նեղ փոխհամաձայնության թելադրանքով  ստիպված են լինում սահմանափակվել «խոհանոցով»:

 

«Քսանհինգ տարեկանում կինը արդեն վստահ է, որ ոչինչ չի կարող անել» …

Այս հարցում կա նաեւ դաստիարակության խնդիր, համաձայն չե՞ք: Ճանաչում եմ բազմաթիվ խելացի աղջիկների, որոնց  մանկուց  ասել են, որ համալսարան ես գնում, ուղղակի լավ ժամանակ անցկացնելու: Նրանց  չեն ասում, որ պետք է սովորես, հետո աշխատես, կարիերայի ձգտես, քո կարծիքն ունենաս, արդյունքում ՝ երիտասարդ աղջկա համար դառնում է  սովորական, որ ինքը ձայնազուրկ է, որ իրավունք չունի տանից դուրս գալու եւ այլն… Այսինքն, շատ դեպքերում ծնողներն են մեղավոր, ընտանիքում ստացած դաստիարակությունը…

 

– Անշուշտ անհատի ձեւավորման գործում շատ կարեւոր դեր է խաղում այն հանգամանքը, թե նրան  ինչպես են մեծացրել, ինչ ուղղություն տվել, ինչ մտքերով ու բառերով սոցիալականացրել…  Այս  ամենը  կարեւոր է, բայց կա նաեւ  կրթական քաղաքականություն՝  եւ դպրոցում, եւ բուհում սովորելու ընթացքում երիտասարդները  պետք է գենդերային խնդիրների մասին պատկերացում եւ տեղեկություն ստանան: Եթե ես փոքր տարիքից տեսել եմ, որ մայրս միշտ խոհանոցում է, ես ուրիշ բան երազել չեմ կարող: Մտածում եմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ: Եթե դպրոցում աղջիկներին ասում ենք ` դու սա չես կարող, նա չես կարող, ապա միակ բանը, որ նա կարող է անել` երեխա ունենալն է : Քսանհինգ տարեկանում կինը արդեն վստահ է, որ ոչինչ չի կարող անել,  զարգանալու ուրիշ խթանիչներ չունենալու դեպքում նրա եզրը դառնում է խոհանոցն ու գեղեցկությունը: Այստեղ է, որ կարեւորվում է  կրթության, լրատվամիջոցների դերը, որոնք պետք է ներկայացնեն կնոջը  որ թե միայն  գեղեցկության եւ երիտասարդության տեսանկյունից , այլ նաեւ խելքի եւ կայացվածության:

 

Բայց  չէ որ կանանց կրթության, աշխատանքի  եւ այլ իրավունքների սահմանափակում մենք  չունենք, այս ամենը Սահմանադրությամբ է տրված: Ինչու՞ օրենքում ամրագրված այդ րիռավունքները կանանց կողմից չեն իրագործվում: Ինչու՞ կնոջը պետք է լրացուցիչ բացատրել, որ նա սովորելու եւ աշխատելու իրավունք ունի, որ իրեն չեն կարող ստիպել արհեստական վիժման դիմել եւ այլն:

 

– Գիտեք, ես կցանկանայի հեջաբ հագնել, քան հասկանալ, որ ներքուստ  ենք  կրում եմ անտեսանելի այդ հեջաբը:  Գուցե,  եթե հագնեի  այդ հեջաբը` ավելի շուտ կահասկանայի , որ անհավասար եմ ու ամեն օր կպայքարեի այդ անհավասարությունը շտկելու համար:  Ինձ թվում է` եթե կարճ կամ բաց  զգեստ եմ հագնում, եթե երեկոյան դուրս եմ գալիս փողոց, ապա ես ազատ եմ: Բայց իրականում ազատ չեմ, ամենահանգրվանային տեղերում իմ ազատությունը միանգամից կապվում է: Երբ ամուսնանում եմ, իմ ամուսինն ու սկեսուրը կարող են տնօրինել իմ ճակատագիրը, սահմանափակել ծնողներիս տուն այցելությունը,  որոշել իմ փոխարեն` աշխատեմ  թե ոչ, երեխա ունենամ, թե ոչ, քանիսն ունենամ, ինչ սեռի ու ինչպես դաստիարակեմ…

 

Սահմանադրությամբ հավասար երկրում ենք, բայց արդյո՞ք կանայք գիտեն, յուրացրել են  դրա նշանակությունը: Տվե’ք ինձ աշխարհի լավագույն օրենքները` ես կշարունակեմ մնալ նույն ստրուկը: Մենք կրթական մակարդակում այս հարցը դնելու խնդիր ունենք:  Այն ուսուցիչները, որոնք  ամեն անգամ աղջկան վստահություն չեն տալիս, պետք է հասկանան, որ կոտրում են ապագա կնոջը,  սահմանափակում նրա ազատությունը նույնիսկ մասնագիտություն ընտրելու հարցում:  Արդյունքում նա ընտրում է մասնագիտություն, որ  իրենը չէ` ծնողներինն է:  Հասարակությունը այս առումով  ֆեմինիզացված տարածքներ ունի: Մանկավարժության ոլորտը հեղեղված է կանանցով, որովհետեւ աշխատաժամն ու աշխատավարձը քիչ են: Մեզ համար հարմար չեն այն  ոլորտները, որտեղ աշխատավարձը բարձր է, աշխատաժամը` շատ: Կրթական համակարգում էլ, ի դեպ, կանայք  ներքին օղակներում են, վերեւում` տղամարդիկ: Կինը տղամարդու աշխատավարձի կեսն է ստանում, բայց դա օրենքով չէ, մենք ուղղակի այդպես նորմավորել ենք: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք մնալ ստորին օղակներում…

 

«Հիսուն տոկոսը չի մասնակցում որոշումների կայացմանը,  հիսուն տոկոսով աղքատ ենք»…

 

– Ձեր դեպքում  ինչպե՞ս ստացվեց, որ դասախոսը մտավ քաղաքականություն: Քաղաքականությունը ձեր կարիերիայի  շարունակությո՞ւնն էր…

 

– 2003-ին որոշում եմ կայացրել եւ անդամագրվել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը: Դա գիտակցված որոշում էր: Ես ուզում եմ ապրել Հայաստանում, ես չեմ գնալու իմ երկրից: 2003-ին քաղաքացուն որպես ակտիվ դերակատարող չէի զգում: Այդ ժամանակ տեսա, որ կան մարդիկ, ովքեր իրենց գործողությունների մեջ հանձնառություն ունեն լինելու երկրի տերն ու ամբողջական շահ հետապնդել: Ես այդ  գաղափարի համակիրն եմ: Մեծ հպարտությամբ այդ օրվանից կուսակցության բոլոր վայրվերումներով անցել եմ բաց ճակատով եւ կուսակցությանս պատմության ժառանգորդն եմ:

Այս պահին ինձ տեսնում եմ ակտիվ քաղաքացիական վիճակում: Չեմ պատրաստվում միայն մասնագիտական գործունեությամբ փորձել մի քայլ ավելացնել, չեմ ուզում լռել եւ ցանկանում եմ, որ Հայաստանում հանրային շահը վերադարձվի հանրությանը: Այս  խորհրդարանը, այս քաղաքական ընթացքը պետք է փոխի մտածելակերպը, որ երկրի տեր լինել չի նշանակում պաշտոն ունենալ:  Պաշտոն ունենալ` նշանակում է ծառայել պետությանը: Պետության տերը պետք է   լինեն քաղաքացիները: Եւ ես ուզում եմ լինել երկրի քաղաքացի:

 

– Ձեր կուսակցությունում խտրականություն զգացե՞լ եք?

 

– Որպես կին խտրականությունը զգում ես ծնված օրվանից ոչ միայն Հայաստանում, այլեւ ամենուր ՝  դու պետք է անընդհատ ինքնահաստատվես:  Հայ հասրակությունում  շատ են  տարածված խոսակցությունները, իբր քաղաքականությունը, հանրային կյանքը կնոջ տեղը չէ: Նման բաները երբեմն թափանցում է նաեւ կուսակցություն: Չափազանց  դժվար էր  անհատականությունդ փոխանցելը, հավասար պայմաններում գտնվելը: Դաշնակցությունում դիմում են միայն «ընկեր»-ով, «ընկերուհի» չկա եւ ես պնդում եմ, որ ինձ դիմեն «ընկեր»-ով, որովհետեւ ես ընկերուհի եմ այլ միջավայրում: Քաղաքականության մեջ ես ընկեր եմ` փորձի ու հանձնառության:

 

Ի դեպ,  եթե համեմատեմ, ապա տասը տարի առաջ Դաշնակցության  խմբակցության կազմում   կար մի կին, այսօր նրանք երեքն են: Երիտասարդների շարքում աղջիկները շատ են ու ակտիվ: Ընդհանոուր առմամբ էլ, Հայաստանում  այս տարիների ընթացքում կանանց հանդեպ վստահությունը մեծացել է, կնոջը ընկալում են նաեւ բովանդակության տեսանկյունից: Իհարկե արտաքինին, հագուկապին ու գեղեցկությանը նայում են եւ դա չի անցնելու, բայց այսօր ձեւին զուգահեռ ուշադրություն են դարձնում նաեւ բովանդակությանը:

 

-Կանայք  ի՞նչ կբերեն քաղաքական դաշտ, ի՞նչ կփոխվի հասարակությունում:

 

– Սոցիալական արդարություն, հավասարակշռվածություն, բազմազանություն, տեսանկյունների բախում: Հասարակության հիսուն տոկոսը չի մասնակցում որոշումների կայացմանը եւ քննարկումներին: Հիսուն տոկոսով աղքատ ենք:  Հիսուն տոկոսին ստերիլիզացրել ենք, ասել ենք` գնա խոհանոց, մեռիր ննջարանում, քառասունից հետո էլ կյանք չունեք: Ինչո՞ւ ենք զարմանում, որ ամենաղքատ ազգերի շարքում ենք հայտնվել: Կինը հարստություն, արդարություն կբերի, որովհետեւ մի կողմի տեսանկյունը չի կարող միշտ իրավացի լինել:  Քվոտաները ժամանակավոր անհրաժեշտություն է եւ այս պահին այլընտրանք չկա: Ներկա խորհրդարանի բոլոր կին պատգամավորներին հասարակությունն անուն-ազգանունով գիտի, քանի որ նրանք միշտ պայքարի մեջ են: Այս կարճ ընթացքը ցույց տվեց, որ կինը մեծ ներուժ ունի, որ տարիներ շարունակ չի օգտագործվել: Մենք դեռ այն խղճուկ վիճակում են, որ նոր ենք սկսել այս ամենի մասին խոսել: Դրանով ենք ուրախանում : Պետք է հասնենք այն մակարդակին, որ ոչ միայն վստահեն զուտ խոսքերով, այլեւ գործողություններով:

Զրուցեց՝  Հասմիկ  Հարությունյանը

 

Դիտումների քանակը` 4731

Գլխավոր էջ