«Մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում՝ մինչեւ 2030 թվականը վերջ տալու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը»

Համատեղ հայտարարություն Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առիթով

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ  ՀՀ Կառավարությունը, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայիդեսպանությունները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, Երևանում ԵԽ գրասենյակը,  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակը ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ՝ ի դեմս  «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի  համատեղ հայտարարությամբ են հանդես եկել , որում , մասնավորապես ասված է.   

 

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առիթով միջազգային հանրությունն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության անդամներին, Հայաստանի կառավարության պատասխանատու պաշտոնյաներին եւ Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կոչ են անում վերջ տալ կանանց նկատմամբ բռնությունը, եւ միջազգային հանրությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխատել հայաստանյան գործընկերների հետ՝ ուղղված Հայաստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությանը եւ կանանց զորացման խրախուսմանը։

 

Աշխարհում յուրաքանչյուր երեք կանանցից մեկը ենթարկվում է բռնության։ Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լուրջ խնդիր լինել նաեւ Հայաստանում։ ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրությունները մատնանշում են, որ Հայաստանում կանանց մոտ 60%-ը ենթարկվում է առնվազն մեկ տեսակի բռնության, մինչդեռ կանանց տնտեսական հնարավորություններից զրկելու հետեւանքով տարեկան կորուստների ծավալը հասնում է 7 միլիոն ԱՄՆ դոլարի։

 

Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարությանը՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում դրական քայլեր ձեռնարկելու համար։ Ոստիկանության՝ ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծումը եւ իրազեկվածության բարձրացման նպատակով ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումների տարածումը ոստիկանության վեբկայքում ցույց են տալիս ընտանեկան բռնության դեմ պայքարելու պատրաստակամությունը։ Մենք ողջունում ենք ընտանեկան բռնությունից տուժած անձանց աջակցություն տրամադրելու նպատակով սոցիալական աշխատողների պատասխանատվության շրջանակի ընդլայնմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները եւ հույս ունենք, որ Ազգային ժողովը դրանք կընդունի մոտ ապագայում։ Մենք նաեւ ողջունում ենք կանանց նկատմամբ բռնության ամենաանսիրտ ձեւերից մեկի՝ հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի ընդունումը կառավարության կողմից։

 

Մենք նաեւ իշխանություններին խրախուսում ենք շարունակել տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքներ եւ հնարավորություններ, կանանց իրավունքների պաշտպանություն եւ դրանց նկատմամբ հարգանք խթանող միջազգային եւ ազգային չկատարված հանձնառությունների իրականացումը։ Մենք իշխանություններին կոչ ենք անում ստեղծել օրենսդրական շրջանակ՝ պայքարելու ընտանեկան բռնության դեմ, ներառյալ առանձին օրենքի ընդունումը, ինչպես նաեւ ներդնել ընտանեկան բռնությունից տուժածներին ուղղորդման ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ այդ անձանց բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու եւ նրանց վերականգնմանն ու հնարավորությունների ընդլայնմանն օգնելու նպատակով։ Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ստորագրել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան («Ստամբուլի կոնվենցիան»)։

 

Մենք նաեւ դրվատում ենք հասարակական կազմակերպությունների ջանքերը՝ ուղղված Հայաստանում կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը եւ ընտանեկան բռնությունից տուժածներին օժանդակության տրամադրմանը։ Մենք կառավարությանը կոչ ենք անում հենվել քաղաքացիական հասարակության ջանքերին եւ հիմնել ապաստաններ՝ կարիքավոր անձանց ճիշտ ժամանակին տրամադրելու անհրաժեշտ օգնություն։ Որպես երկարաժամկետ ռազմավարություն՝ կարեւոր է նաեւ աշխատանք տանել ընտանեկան բռնություն իրականացնողների հետ՝ հասցեագրելու կանանց նկատմամբ բռնության խորքային պատճառները։

 

Միջազգային հանրությունը պատրաստ է շարունակել Հայաստանի կառավարությանը եւ քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող աջակցությունը՝ բոլոր կանանց եւ աղջիկների իրավունքների իրացմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի նրանք կարողանան ապրել բռնությունից զերծ կյանքով։

 

Կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուր մարդու համար։ Կայուն զարգացման նոր նպատակների ընդունմամբ՝ մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում՝ մինչեւ 2030 թվականը վերջ տալու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը։ Մենք բոլորին հրավիրում ենք կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու նպատակով միավորելու ուժերը՝ մասնակցելով գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա քարոզարշավի շրջանակում պլանավորված միջոցառումներին։

 

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Դիտումների քանակը` 3811

Գլխավոր էջ