«Մեզ ոչ-ոք չէր խնդրել,որ գնանք Արցախ ,դա մեր կամքն ու ընտրությունն է եղել »
«Ակտիվ երիտասարդներով հավաքվում էինք Ազատության հրապարակում, քննարկում մեր հետագա անելիքները: Հայրենիքը պաշտպանելու ձգտումը շատ մեծ էր, ու այնքան մեծ, որ րոպե առաջ ուզում էինք լինել մարտի դաշտում: Հայրս շատ դեմ էր, եղբայրներս` նույնպես, բայց ես չլսեցի նրանց ու մեկնեցի Արցախ»… – արդեն տարիների հեռվից պատմում է գնդապետ Նազիկ Ամիրյանը, Աժ պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կինը , ով 1988 թվականին, երբ շարժման սկիզբը դրվեց, արդեն ավարտել էի Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և աշխատում էի Վարդաշենի ուսումնարանում…
–Ասում են` պատերազմը հեռվից միշտ այլ կերպ ես ընկալում, բայց արդեն ներսում հասկանում ես, որ պատերազմի մասին ոչինչ էլ չգիտես, դո՞ւք էլ նույն զգացողությունը ունեցա՞ք, չվախեցա՞ք գնալ այդ քայլին ։
– Երբ մտնում ես հենց բուն գործընթացի մեջ, քեզ նույնիսկ ժամանակ չի լինում մտածել վախենում ես, թե` ոչ: Մի տեսակ չորանում ես, հուզմունքայնությունդ մահանում է, քանի որ աչքիդ դիմաց քո ընկերներն են զոհվում ու վիրավորվում: Ճիշտ է, մեծ ցավ ես ապրում, կորուստները ամենավերջին կետով գնահատում ես, բայց մտածում ես, որ ընկերներիդ կողքին այլ մարդիկ կան ու պարտավոր ես իրենց մասին մտածել:
– Ձեր ամենահիշարաժան մարտական գործողությունը, որ իրականացրեցիք:
– Ինձ համար ամենակարևորը Ֆիզուլի գրավումն էր: Բավական բարդ գործողություններ իրականացրեցինք` անցնելով գյուղերի միջով…։ Դա Հադրութի տարածաշրջանի կողմից դարձավ մեծ հաղթանակի սկիզբ, երբ աչքովդ տեսնում ես ադրբեջանցիները ոնց են փախնում` թե ոտքով, թե տեխնիկայով… Իսկ մեր տղաները ինչպես են առանց վախենալու, զոհ տալով` առաջ շարժվում, դա ուղղակի արդարացնում է բոլոր կորուստները, որ ունեցել ենք: Մարտի դուրս գալուց առաջ աղոթում էին: Թելից գործած փոքրիկ խաչեր կային, որ միշտ մեր վզին էր: Մարտի դաշտում այն մեզ համար հոգու սփոփանք էր:
– Եղե՞լ են պահեր, երբ ասեք,որ պատերազմը ձեր տեղը չէր եւ չպետք է գնայիք։
– Ժամանակ չի եղել այդպիսի բան մտածելու, ուղղակի պատերազմը մեր աչքի առաջ անցել է: Կողքից նայողների համար գուցե երկար ձգվել է, բայց մեզ համար ակնթարթ է եղել: Հատկապես, որ իմ աշխատանքը թիկունքային ապահովվածությունն էր: Գիշեր-ցերեկ չենք ունեցել, և միայն մտածում էինք, որ առաջին գծում գտնվող զինվորը ոչ մի բանի կարիք չպետք է ունենա, քանի որ նա իր կյանքը դեմ էր տվել թշնամու գնդակին: , ոչ մեկն էլ չէր խնդրել մեզ, թե գնացեք Ղարաբաղը պաշտպանեք: Այնտեղ բոլորս մեր կամքով ենք գնացել: Ճիշտ չէ դա ֆետիշացնել, դարձնել դրոշակ ու ասել. «Տեսեք, մենք Ղարաբաղ ենք գնացել, ինչ որ բան ենք արել, որի համար դուք մեզ պարտական ենք»: Ոչ, ամեն մեկն իր ցանկությամբ է գնացել ճակատ ու ես չեմ ուզում բարձրաձայնեմ ու ասեմ, որ ինձ հիշեք», –
– Մարտի դաշտի ձեր ընկերներից շատերը քաղաքական որոշ զարգացումներից հետո հայտնվեցին այլ ճամբարներում: Հանդիպո՞ւմ եք նրանց հետ:
– Ես բոլոր բևեռներում էլ ընկերներ ունեմ, բայց ես նրանց երբեք չեմ տարանջատել: Երբեք չեմ մտածել անգամ, որ եթե իրենց հայացքներին չես հարում, ուրեմն պետք չի ընկերություն անել: Նրանք ինձ համար մնացել ու մնում են ընկերներ: Մեր երկրում հարաբերությունները սկսվում են սրվել ընտրությունից ընտրություն, իսկ դրանից հետո նորից նույն ընկերներ են, նույն սեղանակիցներն են:
– Խոսենք նաև ձեր ընտանիքից ու սիրուց: Առաջին սեր, այն էլ մարտի դաշտում։
– Այո (ծիծաղում է): Մենք ծանոթացել ենք մարտի դաշտում: Մենք` մեր ջոկատով, մի գյուղ էինք պաշտպանում, ապագա գեներալն` այլ ջոկատով, կողքի գյուղը: Այնպես ստացվեց, որ միասին բավական ժամանակ պաշտպանական գոտին պահեցինք, ու … Որոշ ժամանակ անց զգացինք, որ զգացմունքեր ունենք միմյանց նկատմամբ:
– Մանվել Գրրիգորյանը Ձեզ համար ավելի շատ մարտակա՞ն ընկեր է, թե՞ ամուսին։
– Մարտական ընկեր է, նույնիսկ զրուցելուց ակամայից ասում եմ` Գրիգորյան, հազարից մեկ, որ ես անունը տված լինեմ: Ծառայության ժամանակ ինքը եղել է իմ հրամատարը, ես նրա տեղակալը: Եվ խորհրդակցությունների ժամանակ, առօրյայում ես միշտ զեկուցել եմ` պարոն Գրիգորյան: Իսկ այդ զեկույցը օրվա ընթացքում լինում էր մի քանի անգամ (ծիծաղում է)։
– Դրսում պարոն Գրիգորյանի մասին տարբեր կարծիքներ են հնչում, որ դաժան է, խիստ է, իսկ ընտանիքում ինչպիսի՞ն է:
– Մի բան կարող եմ ասել, որ պատերազմի դաշտում չէր կարելի խիստ չլինել, եթե այդպիսին չլիներ, մենք հաստատ տանուլ կտայինք: Ես կասեի` ոչ թե խիստ է, այլ ճշգրիտ ու պահանջկոտ: Իսկ ընտանիքում ինքը շատ հանգիստ մարդ է, շատ հոգատար պապիկ է: Ու այս աղմուկը` երեխաների ձայները, մեր ընտանիքում միշտ անպակաս են: Եթե դուք ամեն օր գաք, կտեսնեք, թե ինչքան խաղալիք կա մեր տանը` շաղ տված հատակով մեկ։ Թոռնիկները վազում են այս ու այն կողմ, պապիկի հետ խաղում, ինչ որ բան են ուզում նրանից … Ու այդպես ամեն օր:
Զրուցեց Արմինե Գեւորրգյանը
Դիտումների քանակը` 6144