Մանուկյանները տնից զրկվել են երկու անգամ….

 

Մանուկյանների չորս հոգանոց ընտանիքն արդեն տասնմեկ տարի ապրում է Գյումրիի Անի թաղամասի 11-րդ փողոցի 10-րդ շենքի տանիքում: Տունը կորցրել են երկրաշարժի ժամանակ: Սկզբում վարձով են ապրել, 2000-ին դիմել քաղաքապետարանի` ժամանակավոր կացարան հատկացնելու դիմումով: Պետությունն էլ նրանց վերոնշյալ շենքի տանիքում ապրելու հնարավորություն է տվել:

 

Շենքի տանիքը տուն անվանելը չափազանցություն է: Բազմահարկի ձեղնահարկում են ապրում: Տանը չկան անգամ տարրական պայմաններ, հատակ բետոնից է, խոնավ, թեպետ տունը տաքացնում են գազի վառարանով, սակայն տանիքից կաթում է, պատերը խոնավությունից ուռել են, ու տանը միշտ ցուրտ է: Տուն կոչվածում չկա խոհանոց, բաղնիք-զուգարան: Հերիքնազը պատմում է, որ հյուրասենյակի մեջտեղում թաշտը դնում են, լողանում: «Երեխաներս արդեն մեծ են, ամաչում են, ո՞վ է հիմա թաշտի մեջ լողանում», ասում է նա: Ձմռան ամիսներին Հերիքնազի երեխաները երկու անգամ թոքաբորբով են հիվանդացել, տատիկի ոտքերն էլ ուռել է, հոդացավի պատճառով դժվարությամբ է քայլում:

 

Կարելի է ասել Մանուկյանները տնից զրկվել են երկու անգամ: Առաջինը` 1988-ին երկրաշարժի ժամանակ, երկրորդը` 2008-ին, երբ աղետի գոտու անօթեւան բնակիչները բնակարան ստանալու նպատակով պետք է  հաշվառվեին: Այդ ժամանակ սկսվեց բյուրոկրատական քաշքշուկ ու Մանուկյաները զրկվեցին տուն ստանալու հնարավորությունից: 1988-ին փլված տունը մոր` Սեդա Խնզրսցյանի անունով էր գրանցված: Երբ 2008-ին պետությունը հաշվառում կատարելու համար պահանջեց փաստաթղթեր, տիկին Սեդան…կալանավայրում էր:

1999 -ին Սեդայի քրոջը` Լենայի աղջկան անբարո վարքի պատճառով եղբայրները սպանեցին: Տիկին Սեդայի խոսքերով քրոջ որդիներն այդ քայլին դիմել էին ընտանիքի պատիվը«փրկելու» համար: «Ինձ ասեցին մորքո՚ւր, վերցրու քո վրա, դու տարիքով մեծ ես, քեզ շատ չեն տա, բացի այդ, մենք ամեն ինչ կանենք, որ քեզ ազատեն: Մտածեցի` նամուսի համար է կատարվել հանցանքը, պատիվ փրկելու, գուցե հասկանան, ինձ չդատեն: Նամուսի համար արված հանցանքը հանցանք չի», հիշում է տիկին Հերիքնազը` հավելելով, որ չի ցանկացել քրոջ տղաների կյանքը խորտակել: Տիկին Սեդան խոստովանությամբ ներկայացել է ոստիկանություն, ասել, որ աղջկան ինքն է սպանել, նույնը կրկնել է նաեւ դատարանում եւ ուրիշի հանցանքի համար կալանավայրում անցկացրել տասներկու տարի: Արդեն մեկ տարի ազատության մեջ է: Այդ ընթացքում քրոջ որդիները չեն էլ հիշել մորաքրոջ գոյության մասին, տեսակցության չեն եկել, չեն զանգել:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տիկին Սեդան մի քանի ամիս է անցկացրել, հետո նրան տեղափոխել են «ընդհանուր զոննա». անչափահասների տեղամասում հագուստ էր լվանում, արդուկում:  Կալանավայրի կյանքի մասին խոսել չի ցանկանում, ասում է` անցավ, գնաց: «Հիմա տանն եմ, աշխատում եմ, աղջկաս, թոռներիս հետ եմ: Կալանավայրը որոշ մարդկանց դեմքը բացեց: Մինչ այդ ունեի հարազատներ, բարեկամներ, որոնց ես նեղն ընկած ժամանակ շատ էի օգնել, բայց նրանք նեղության պահին ինձ ձեռք չմեկնեցին», հիշում է տիկին Սեդան` հավելելով, որ կալանավայրից ազատվելուց հետո էլ քրոջ ընտանիքի անդամների հետ շփումներ չի փնտրել»:Նա չի փոշմանել, որ ուրիշի հանցանքի պատճառով անազատության մեջ անցկացրել է տասներկու տարի, միայն ափսոսում է, որ չի կարողացել հաշվառման տակ ընկնել:  «Ֆինանսական հնարավորություն չունեի, որպեսզի գնայի, համապատասխան մարմիններից փաստաթուղթ վերցնեի, որ մաման կալանավայրում է: Տասներկու տարի առաջ ամեն ինչ ավելի բարդ էր, քան այսօր: Ամեն օր տանում-բերում էին, հետո էլ գումար պահանջեցին, որը ես այդ պահին չունեի ու չկարողացա փաստաթուղթը վերցնել: Ու այդ պատճառով մենք դուրս մնացինք հաշվառումից», հիշում է Հերիքնազը:… Երբ տիկին Սեդան կալանավայրից ազատվեց, դիմեցին քաղաքապետին, քաղաքաշինության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենց կրկին հաշվառման մեջ ընդգրկեն: «Մտել եմ քաղաքապետի մոտ, ցույց եմ տվել մերժման փաստաթղթերը, պատմել եմ կատարվածը: Նա զարմացավ, թե ո՞նց է պատահել, որ մերժել են բնակարան տալ: Հանձնարարեց Պապիկյանին` քաղաքապետարանի բնակարանաների հաշվման բաշխման բաժնի պետին, որ իմ գործով զբաղվի: Պապիկյանը խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով, բայց մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել: Որոշ ժամանակ անց նորից գնացի, դիմեցի, ասացի, որ տանտերը ողջ է, իրավական առումով բոլոր փասատթղթղերը կան, ինչո՞ւ մեզ չեք հաշվառում, բայց ինձ քաղաքապետարանից ասեցին, որ անհատական գործ են կազմել եւ սպասում են Երեւանի որոշմանը: Մի քանի անգամ գնացինք քաղաքապետարան, ասեցինք, որ դեռ որոշում չեն կայացրել, բարդ գործ է», ասում է Հերիքնազը` հավելելով, որ հույս էլ չունի, թե երբեւէ այդ որոշումը կլինի:

 

Այսօր Մանուկյանների ընտանիքը ապրում է 23.000 դրամ թոշակով եւ տիկին Սեդայի 22.000 դրամ աշխատավարձով: Տիկին Սեդան քաղաքում հավաքարարություն է  անում: «Ամուսին ունեմ ու չունեմ», գյումրեցուն հատուկ հումորով ասում է Հերիքնազը: Երկրորդ երեխայի ծնունդից հետո ամուսինը նրան լքել է, ու քանի որ ամուսնության մասին իրավական փաստաթուղթ չկա, ապա իրավապահ մարմինները չեն կարող նախկին ամուսնուն ստիպել ալիմենտ վճարել: Հերիքնազի դուստրը երրորդ դասարանի աշակերտուհի է, տղան այս տարի կգնա դպրոց: Հերիքնազն էլ սեզոնային աշխատանք ունի: «Գնում եմ կարտոֆիլ հավաքելու, ինչ որ կեղնի կանեմ, մաքրություն, լվացք, խառը խշտիկ էլի, հարուստների տանը պատուհան եմ լվանում, բուրդ չբխում», ասում է նա` հավելելով, որ ընտանիքը հավելյալ օգնություն որեւէ տեղից չի ստանում:

 

 

Հերիքնազը դժվարությունից ու կյանքի հարվածներից չի չարացել: Կատակասեր է, իր դժվարության մասին էլ հումորով ու ժպիտով է պատմում: Հերիքնազը հավատքն էլ չի կորցրել, ամեն օր աղոթում է, աղոթում է որ երեխաները առողջ լինեն ու իրենց բնակարանի հարցը շուտ լուծվի: «Ես էլի դեսից-դենից կգնամ սրա-նրա տուն մաքրություն կանեմ, իմ երեխեքի գոյությունը կպահպանեմ, սոված չեմ թողնի: Բայց ուզում եմ, որ նրանք տուն ունենան, նորմալ կյանքով ապրեն»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գյումրի-Երեւան

Դիտումների քանակը` 3671

Գլխավոր էջ