«Մայրական մահացության միտումները 1990-ից մինչև 2015» . գգալի նվազում է արձանագրվել
1990 թ-ից ի վեր մայրական մահացությունն աշխարհում նվազել է 44%-ով – դրա մասին է փաստում այսօր հրապարակված «Մայրական մահացության միտումները։ 1990-ից մինչև 2015» զեկույցը, որը պատրաստվել ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի, Համաշխարհային Բանկի Խմբի և ՄԱԿ-ի Բնակչության բաժնի ուսումնասիրության հիման վրա:
Հազարամյակի Զարգացման Նպատակների (ՀԶՆ-եր) ձեռքբերման ոլորտում արձանագրված առաջընթացն ուսումնասիրող հաշվետվությունների շարքի ամենավերջինի համաձայն մայրական մահերի թիվը աշխարհում այս տարի 1990 թ.-ի 532 000-ի համեմատ կազմել է մոտավորապես 303 000։ Այսպիսով, համընդհանուր մայրական մահացության մոտավոր հարաբերակցությունը (ՄՄՀ) կազմում է մահվան ելքով 216 դեպք՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով. Այդ ցուցանիշը 1990-ին կազմում էր 385։
Մայրական մահացությունը սահմանվում է որպես կնոջ մահ հղիության, ծննդաբերության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում։
«ՀԶՆ-երը սկիզբ դրեցին մայրական մահացության կրճատմանն ուղղված աննախադեպ ջանքերի,- ասաց ԱՀԿ Գլխավոր տնօրենի ընտանիքի, կանանց և երեխաների առողջության հարցերով օգնական դր. Ֆլավիա Բուստրեոն։
– Վերջին 25 տարիների ընթացքում հղիության հետ կապված պատճառներով կանանց մահանալու ռիսկը գրեթե կիսով չափ նվազել է։ Սա իրական առաջընթաց է, թեպետ ոչ բավարար։ Մենք գիտենք, որ կարող ենք մինչև 2030 թ.-ը գրեթե լիովին վերջ դնել այդ մահերին, և հանձն ենք առնում աշխատել այս ուղղությամբ»։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Գործադիր տնօրեն Բաբաթունդե Օսոթիմեհինի խոսքով, այդ նպատակին հասնելը կպահանջի շատ ավելի մեծ ջանքեր։ «Մայրական մահերի բարձր ցուցանիշներ ունեցող բազմաթիվ երկրներ հետագա 15 տարիներին կունենան փոքր առաջընթաց կամ նույնիսկ հետ կընկնեն, եթե չբարելավենք առկա մանկաբարձների և մանկաբարձական հմտությունների տիրապետող այլ բուժաշխատողների ներկայիս թիվը,- ասաց նա։ – Եթե այժմ կտրուկ և լայնածավալ գործունեություն չծավալենք, ապա 2030 թ.-ին մեկ անգամ ևս կվրիպենք մայրական մահերի թիվը նվազեցնելու թիրախից»։
Բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը հղիության և ծննդաբերության ընթացքում օգնում է փրկել կյանքեր։ Առողջապահական հիմնական միջամտությունների թվում են՝ հիգիենայի պահպանում՝ վարակման ռիսկերը նվազեցնելու նպատակով, օքսիտոցինի ներարկում ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կրճատելու ծանր արյունահոսության ռիսկը, հնարավոր ճակատագրական վիճակների բացահայտում և հաղթահարում, օրինակ, հղիության հետևանքով առաջացած արյան բարձր ճնշման (հիպերտենզիա), կանանց համար սեռական և վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիության ապահովում կանանց համար։
Անհամաչափ ձեռքբերումներ
Հակառակ համընդհանուր բարելավումների, ընդամենը 9 երկրներ են հասել ՀԶՆ 5-րդ թիրախին՝ «1990-2015 թթ. կրճատել մայրական մահացության հարաբերակցությունը առնվազն 75%-ով»։ Այդ երկրներն են՝ Բհուտան, Կաբո Վերդե, Կամբոջա, Իրան, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Մալդիվյան Հանրապետություն, Մոնղոլիա, Ռուանդա և Թիմոր-Լեստե։ Հակառակ այս կարևոր առաջընթացին, նշված երկրներից մի քանիսում մայրական մահացության հարաբերակցությունը մնում է համընդհանուր միջինից բարձր։
«Ինչպես տեսել ենք առողջությանն առնչվող բոլոր ՀԶՆ-երի դեպքում, առողջապահական համակարգի հզորացումը պետք է լրացվի ուշադրություն դարձնելով այլ հարցերի ևս՝ մայրական մահերի թիվը կրճատելու նպատակով,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր փոխտնօրեն Գիտա Ռաո Գուպտան։ – Կանանց և աղջիկների կրթությունը ինչպես նրանց, այնպես էլ նրանց երեխաների գոյատևման բանալին է։ Կրթությունը նրանց տրամադրում է գիտելիքներ՝ մարտահրավեր նետելու ավանդական գործելակերպերին, որոնք վտանգի են ենթարկում նրանց և նրանց երեխաներին։
Մինչև այս տարեվերջ աշխարհի մայրական մահերի մոտ 99%-ը տեղի է ունեցել զարգացող տարածաշրջաններում. միայն Աֆրիկայի ենթասահարյան երկրներում գրանցվել են 3 մահերից 2-ը (66%)։ Սակայն սա ինքնին խոշոր բարելավում է։ Ենթասահարյան Աֆրիկայում 1990-2015 թթ. տեղի է ունեցել ՄՄՀ 45% նվազում՝ 987-ի փոխարեն 546՝ 100 000 կենդանածինների համեմատ։
Ամենամեծ տարածաշրջանային բարելավումը տեղի է ունեցել Արևելյան Ասիայի տարածաշրջանում, որտեղ մայրական մահացության հարաբերակցությունը մոտավորապես 95-ից նվազել է 27-ի՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով (անկում 72%-ով)։
1990-2015 թթ զարգացած տարածաշրջաններում մայրական մահացությունը նվազել է 48%-ով՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով 23-ից իջնելով 12-ի։
Աշխատանքներ մայրական մահերին վերջ դնելու ուղղությամբ
Նոր «Կանանց, երեխաների և դեռահասների առողջության համընդհանուր ռազմավարություն»-ը , որը հրապարակել է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը 2015 թ. սեպտեմբերին, նպատակ ունի համընդհանուր ընդգրկմամբ մայրական մահերը 100 000 կենդանածնի հաշվով 70-ից ցածրի հասցնելու հավակնող թիրախը նվաճելուն, ինչպես որ դա ներառված է «Կայուն զարգացման նպատակներ»-ում (ԿԶՆ-եր)։ Այս նպատակին հասնելը կպահանջի ավելին, քան առաջընթացի արագությունը եռապատկելը՝ 1990-2015 թթ. արձանագրված ՄՄՀ-ի 2,3% տարեկան բարելավումից մինչև տարեկան 7,5%՝ սկսած հաջորդ տարվանից։
«Համընդհանուր ռազմավարությունը» ընդգծում է երկրի առաջնորդության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ակտիվացնելով կանանց, երեխաների և դեռահասների առողջության պահպանման ներքին և միջազգային ռեսուրսները։ Կարևոր կլինի ամրապնդել առողջապահական համակարգերը, որպեսզի վերջիններս կարողանան ապահովել որակյալ խնամք բոլոր միջավայրերում, խթանել միջոլորտային գործակցությունը, ինչպես նաև օժանդակել անհատներին և համայքներին՝ կայացնելու իրենց առողջությանը վերաբերող իրազեկված որոշումներ և պահանջելու իրենց անհրաժեշտ որակյալ խնամք։ Ռազմավարությունը շեշտում է, որ մարդասիրական ճգնաժամերի և խոցելի միջավայրերում ընթացքում հատուկ ուշադրությունը հրամայական անհրաժեշտություն է, քանզի նման հանգամանքներում մայրական մահերը աճման միտում ունեն։
«ԿԶՆ-երի նպատակը՝ մինչև 2030 թ.-ը վերջ դնել մայրական մահերին, հավակնոտ է և ձեռքբերելի՝ պայմանով, որ մենք կրկնապատկենք մեր ջանքերը,- ասաց Համաշխարհային Բանկի Խմբի առողջապահության, սնուցման և բնակչության հարցերով Ավագ Տնօրեն դր Թիմ Էվանսը։ – Վերջերս թողարկված «Գլոբալ Ֆինանսական Հիմնադրամը հօգուտ ամեն կնոջ և ամեն երեխայի» նախաձեռնությունը, որի ուշադրության կենտրոնում առավել խելամիտ, ընդլայնված և կայուն ֆինանսավորումն է, կօգնի երկրներին՝ կանանց և երեխաներին տրամադրելու էական առողջապահական ծառայություններ»։
Առավել որակյալ տվյալների անհրաժեշտություն
Մայրական մահացության 2015 թ. մոտավոր գնահատումները ներկայացնում են այն վիթխարի առաջընթացը, որը ձեռք է բերվել ի նվաճումն Հազարամյակի Զարգացման 5-րդ նպատակի՝ մայրական մահացության կրճատման։ Դրանք ի ցույց են դնում կրճատման ուժեղ միտում տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, մենք ունեցել ենք տարբեր երկրներից ստացված ավելի որակյալ տվյալներ, որոնք մեծացնում են հաղորդված բացարձակ թվերի ճշգրտությունը։
Տվյալների հուսալիության և հաշվետվողականության բարձրացման ջանքերը վերջին տարիներին նպաստել են այս բարելավմանը։ Այդուհանդերձ, դեռևս շատ անելիքներ կան՝ մշակելու ամբողջական և ստույգ քաղաքացիական և կենսական գրանցումների համակարգեր, որոնցում կներառվեն տեղեկություններ ծնունդների, մահերի և մահվան պատճառների վերաբերյալ։
Պետք է իրականացվեն նաև մայրական մահերի աուդիտներ և ուսումնասիրություններ՝ ըմբռնելու, թե ինչու, որտեղ և երբ են կանայք մահանում և ինչ կարելի է անել՝ նման մահերը կանխելու համար։ Սկսած 2012 թ.-ից ԱՀԿ-ը, ՄԱԲՀ-ը և գործընկերները մշակել են Մայրական մահերի վերահսկում և արձագանքում բոլոր մայրական մահերի բացահայտման և ժամանակին հաղորդման, այնուհետև՝ դրանց պատճառների և կանխարգելման լավագույն մեթոդների ուսումնասիրման նպատակով։ Ներկայումս այս մոտեցումը կիրառում են ավելի ու ավելի մեծ թվով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ։
Հայաստան
Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը 1990 թ.-ից ի վեր նվազել է գրեթե 57%-ով։ Այսպիսով, մոտավոր ՄՄՀ-ը 1990 թ.-ի 58-ի համեմատ կազմում է 25՝ 100 000 կենդանի ծնունդների հաշվով։ Վերջին 20 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը օժանդակել է Հայաստանի կառավարությանը՝ պահպանելու և բարելավելու կանանց և մանկիկների առողջությունը նախքան ծննդաբերությունը, ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից հետո՝ մշակելով ազգային ռազմավարություն և կարգավորող դաշտ երեխաների առողջության և սնուցման վերաբերյալ, ինչպես նաև մարզային մակարդակում ստեղծելով նեոնատալ (նորածինների) ինտենսիվ խնամքի բաժիններ, բուժաշխատողներին զինելով նեոնատալ խնամքի հմտություններով և գիտելիքներով։
Աղբյուրը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ոչ մի կին, մեկ ուրիշին կյանք պարգևելով, չպետք է մահանա 21-րդ դարում»…
Ամփոփվել են Հազարամյակի զարգացման նպատակների 15 -տարվա ձեռքբերումները
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա
Դիտումների քանակը` 3209