«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից»․ նախաձեռնությունը բողոքում է նախարարության որոշման դեմ
«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» ֆեյսբուքյան նախաձեռնությունը վաղը՝ ժամը 13։00-ից բողոքի ակցիա է անցկացնելու Առողջապահության նախարարության շենքի մոտ: Հղիները բողոքում են Առողջապահության նախարարության վերջին որոշման հետ կապված, համաձայն որի մարտի 1-ից առողջապահության ոլորտում մի շարք անվճար ծառայություններ չեղյալ են համարվելու, մասնավորապես, վճարովի են դառնալու հղիության դեպքում առաջացած բարդությունների բուժումները։
Ակցիայի նպատակն այդ որոշման առնչությամբ բացատրություն պահանջելն է։
«Այդ փոփոխությունների թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել 5000 դրամ», – ասված է հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում միանալ ակցիային՝ ոլորտի պատասխանատուներին որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունը ցույց տալու և այն կասեցնելու պահանջով։
Նախաձեռնութայն մասնակիցներին զարմացնում է այն փաստը, որ Առողջապահության նախարարությունը որոշել է պայքարել ստվերի եւ կոռուպցիայի դեպ հատկապես հղի կանանց հաշվին: Առավել եւս, դա անհասկանալի է պետության կողմից որդեգրված ժողովրդագրական քաղաքականության համատեքստում:
Հիշեցնենք, որ ըստ Դերենիկ Դումանյանի բերած բացատրության , հղիության 22 շաբաթական վիժման համար պետությունն ավելի շատ գումար է փոխանցում հիվանդանոցին, քան, ասենք, 19 շաբաթականի դեպքում, և բուժհիմնարկները փորձում են օգտագործել այս սողանցը․ – «Հիմա ինչպե՞ս անեմ, որ այս խախտումը վերացնեմ: Մեկն այն է, որ ձեռքս խփեմ, ասեմ՝ հրաման են տալիս, ով այսպիսի խախտում անի, կհեռացնեմ: Էլի կգա ինձ մասնագիտորեն կհամոզի, որ 22 շաբաթական էր, 23 շաբաթական էր, ոչ թե 21: Ինքը 2 շաբաթ սխալվելու իրավունք ունի: Բայց ի՞նչ անեմ, որ իմ ստատիստիկան իրական լինի: Ուրեմն ես այս երկուսի գները պետք է նույնականացնեմ»:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան
«Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի», – հաղորդում է նախաարարությունը
Դիտումների քանակը` 3972