«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Ասօր Աղվերանում մեկնարկեց «Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ» աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակում: Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր համայնքներից ժամանած կին համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ, որոնք առաջիկա երկու օրերին կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները և այն , թե ինչպես են կարողացել տղամարդկանց երկիր Հայաստանում ներկայացված լինել ՏԻՄ-երում:
Աշխատաժողովի մեկնարկին իր ելույթում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ասաց, որ ՏԻՄ-երում կանանց մասնակցության խնդիրները շատ են կարևորվում նախարարության կողմից և ողջունելի են այն բոլոր աշխատանքներն ու ծրագրերը, որ այս ուղղությամբ տարվել են: Ու թեև նա նշեց, որ այդ իմաստով դեռ ցանկալի ու բավարար արդյունքներ չեն արձանագրվել, այդուհանդերձ հնարավոր չէ չտեսնել, որ ձևավորվել է լավ թիմ, կան կրթված, բանիմաց ու պատրաստված մարդիկ, նաև տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ , որոնց համար կանանց մասնակցությունը բոլոր մակարդակներում թիրախային հարց է.
«Հայաստանում համայնքների կին ղեկավարները շատ փոքրաթիվ են, բայց նրանք բավականին արժեքավոր ունակություններ ունեն և դինամիկ փոփոխություններ են բերում իրենց համայնքներում: Եվ ես վստահ եմ, որ հետագայում կանանց թիվը գնալով կավելանա, առավել ևս , որ մեր կին ղեկավարները պրոֆեսիոնալ ունակություններով ու հմտություններով ոչնչով չեն զիջում տղամարդ ղեկավարներին , իսկ որոշ դեպքերում իրենց պատկերացումներով ու մոտեցումներով անգամ գերազանցում նրանց»,- հայտարարեց Վ.Տերտերյանը:
Անդրադառնալով մարտի 9-ին հանրապեության 53 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, փոխնախարարը նշեց, որ այս անգամ կանանց կողմից արձանագրվել է բավականին մեծ հետաքրքրություն՝ առաջադրվելու առումով: Ու չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր առաջադրված կանայք հաջողության հասան, այդուհանդերձ դա շատկարև որ է հետագայի համար: Հատկապես, որ 2016թ-ին ՀՀ-ում սպասվում են մեծամասշտաբ ՏԻՄ ընտրություններ և մինչ այդ տեղի ունեցող բարեփոխումները նաև կհանգեցնեն նրան, որ հաջորդ ընտրություններում կանանց թիվը զգալի կավելանա.
«Մենք կանգնած են համայնքների խոշորացման գործընթացի նախաշեմին և կարծում եմ, որ դա էլ առիթ պետք է հանդիսանա կանանց համար իրենց մասնակցությունը ՏԻՄ-երում բարձրացնելու համար: Կարող եմ ասել նաև, որ մենք պատրաստ ենք օրենսդրորեն որոշ քվոտաներ սահմանել այդ գործընթացը ակտիվացնելու և կանանց էլ ավելի խթանելու համար»,- հավելեց Վաչե Տերտերյանը:
Իր ելույթում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ Հայաստանում իսկապես կարիք կա բարձրացնելու կանանց դերակատարումը քաղաքական անցուդարձում ու հասարակական գործընթացներում, քանի որ կանանց մասնակցությունը առանցքային դեր է խաղում պետության և հասարակության զարգացման գործընթացներում.
« Կանանց առաջխաղացումը շատ կարևոր է երկրի զարգացման համար և ոչ միայն այն պատճառով, որ դա ժողովրդավարության պահանջներից մեկն է, դա պետք է անհրաժեշտություն համարվի, քանի որ առանց բոլոր մակարդակներում կանանց տեսակետները հաշվի առնելու դժվար է հաջողության հասնել»,- նշեց նա:
Դեսպանը հիշեցրեց, որ անկախացումից հետո Հայաստանը վավերացրել է բազմաթիվ փաստաթղթեր ու կոնվենցիաներ, որոնք արտահայտում են գենդերային հավասարության գաղափարը, կարևորում կանանց մասնակցությունը կառավարման բոլոր մակարդակներում, նաև օրենսդրությունն է փոփոխության ենթարկվել այդ ուղղությամբ, բայց ասել այսօր, որ Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարություն է դեռև ս չի կարելի.
«Ցավոք, գենդերային անհավասարությունը Հայաստանում դեռ առկա է գրեթե բոլոր ոլորտներում: Մենք տեսնում ենք նաև խորապես արմատավորված կարծրատիպեր կանանց մասնակցության վերաբերյալ, որոնք խանգարում են նրանց առաջխաղացմանը, իսկ բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց մասնակցությունը բոլոր մակարդակներում թերի է, ինչը շտկման խնդիր ունի»,- ասաց դեսպան Հրիսթեան:
« ԵՄ-ն վստահ է, որ իրապես ժողովրդական կառավարման համակարգը ենթադրում է կանանց հավասար մասնակցությունը և ՏԻՄ-երում մասնակցությունը ամենաարդյունավետ գործիքներից մեկն է այդ ճանապարհին»,-հավելեց նա:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց իր ելույթում, որ տեսնում է ցանկություն ՀՀ կառավարության և իշխանության մոտ շտկելու այդ իրավիճակը.
«ՄԱԶԾ-ն շեշտը դնում է կանանց կայացման վրա ոչ միայն այն պատճառով, որ դա մարդու իրավունք է, այլև որովհետև կարևորում ենք կանանց մասնակցությունը հասարակական, քաղաքական, տնտեսակն կյանքի բոլոր ասպարեզներում: Մենք աշխատում ենք, որ կանայք հավասար ձայն ունենան բոլոր բնագավառներում և որ ամենակարևորն է` տղամարդկանց հետ հավասար մասնակցեն որոշումների կայացմանը, ինչն ուղղակի անհրաժեշտ է պետության զարգացման համար»,- նշեց Բ.Բուզետտոն:
Վերջինիս խոսքով, անելիքներ դեռ շատ կան, իսկապես շատ խնդիրներ դեռ կան հաղթահարելու այս ճանապարհին, բայց արդեն այն, որ ՄԱԶԾ –ի «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շահառու հանդիսացող կանանց 70 տոկոսից ավելին ընտրվել են ՏԻՄ-երում ապացուցում է արդյունավետությունը բռնած ճանապարհի.
«Ես վստահ եմ, որ այս ծրագիրը իր նպաստը կբերի նաև հետագա գործընթացներում, քանի որ գիտեք, Հայաստանը կանգնած է համայնքների խոշորացման բարեփոխումների նախաշեմին, ինչպես նաև 2016թ-ին կայանալիք մեծամասշտաբ ՏԻՄ ընտրությունների: Եվ վստահ եմ, որ այդ ընտրություններից հետո Հայաստանն ավելի մեծ թվով կին համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ կունենա»,- եզրափակեց իր խոսքը պարոն Բուզետտոն:
Աշխատաժողովի շրջանակում ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակում անցկացված սեմինարների, կլոր սեղանների, քննարկումների հաշվետվություններ:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել է Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանումը Հայաստանում. «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ: Աշխատաժողովի նպատակն է ամրապնդել «Կանայք ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի ներգործությունը ընթացիկ և առաջիկա ազգային բարեփոխումներում:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 4405