«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»/ տեսանյութ
Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակչուհի Ռիմա Հովագիմյանը, ով առաջին անգամ է մասնակցում «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը, նշում է, որ մրցույթն իր համար կարևոր նշանակություն ունի, բայց ոչ թե նրա համար, որ հաղթի, այլ որ գնահատվում է գյուղի կնոջ աշխատանքը…
Ռիմա Հովագիմյանի թեկնածությունը ՀՀ գյուղնախարարությունն է առաջարկել: Արմավիրի մարզպետի միջնորդության մեջ նրա մասին նշվում է, որ 32 տարեկան է, բայց ունի 15 տարվա աշխատանքային փորձ և իր անմիջական մասնակցությամբ հասել է լուրջ հաջողությունների՝ իր անձնական օրինակով նպաստելով համայնքում գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացմանը:
Ռիմա Հովագիմյանը Արագած համայնքում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, նաև ավագանու անդամ է: Հաջողության բանալին ցանկացած գործում համարում է համբերատարությունն ու սերը աշխատանքի նկատմամբ:
– Մասնագիտությունս սիրում եմ, ուսուցչի աշխատանքը դժվար է, և եթե չսիրելով աշխատեի, կարծում եմ` շատ ավելի դժվար կլիներ:
Ասում է` քանի որ գյուղում է ապրում, ապա ամեն ինչի հիմքը համարում է գյուղական աշխատանքը:
– Իզուր չի ասված, որ գյուղացի շինականը հոգով ավելի ամուր է կապված հայրենի հողին,- հիշեցնում է Ռիման` հավելելով, որ գյուղում ապրելով` սերն ու նվիրվածությունը դեպի գյուղական կյանքն օր օրի ավելանում են: – Հիմնականում մշակում ենք բանջարեղեն, բայց այս սեզոնին ավելի շատ թարխուն ենք աճեցնում: Թարխունի առևտուրն իրականացնում ենք ինչպես ներքին շուկայում, այնպես էլ հարևան երկիր Վրաստանում: Նոր-նոր ենք սկսել նաև Ռուսաստան արտահանել, բայց, դե, գնային արժեզրկումն այնքան արագ է տեղի ունենում, որ 40-50 դրամով ինչքան էլ արտահանենք, միևնույնն է` մեր տանջանքի դիմաց ծախսերը ոչ միշտ ենք հանում,- նշում է Ռիմա Հովագիմյանը:
Պատմում է, որ թարխունից հետո սկսվելու է կարտոֆիլի ցանքսը դաշտերում, ջերմոցային կաղամբի սածիլումը և այլն: «Աշխատանքներն այնպես ենք կազմակերպում, որ մեկը մյուսին չխանգարի, բայց եռուն շրջանում բանվորական աշխատուժն էլ ենք օգտագործում»,- ասում է Ռիման:
Նա մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ ցույց տվեց 200 քմ ջերմոցը, որը նախատեսված է տարբեր բանջարաբոստանային կուլտուրաների համար, 2500 քմ հողամասը, որտեղ կանաչին էր տալիս թարխունը, և 7000-8000 քմ հողամասը` նախատեսված «Իմպալա» և «Ագաթա» սորտի վաղահաս կարտոֆիլի ցանքսի համար: Ի դեպ, 3500 քմ կարտոֆիլն արդեն ցանված էր:
– Դաշտային աշխատանքները հիմնականում կատարում եմ ոչ աշխատանքային օրերին, որպեսզի կարողանամ համատեղել ուսուցչի գործն ու գյուղատնտեսությունը,- ժպտալով ասաց Ռիման, ով նաև հրաշալի երկվորյակ տղաների մայր է:
Ջավահիր Եղիազարյան
)
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
WomeNet.am-ը անդրադառնալու է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 4593