«Հանգիստ ենք, որ մեր հայրենիքում ենք, այլ տեղ չենք ուզում գնալ»…
– Այն, ինչ կատարվում էր Հալեպի հայկական Սուլեմենյա թաղամասում, որտեղ ապրում էինք, չէի ցանկանա հիշել, թեև հնարավոր չէ նաև մոռանալ: Մշտական ռմակոծություններն իսպառ խաթարել էին մեր կյանքը: Ամուսնուս աչքի առջև մեր բնակարանի դիմացի տունն ամբողոջովին փլուզվեց հայ ընտանիքի գլխին, ու մենք վերջնականապես որոշեցինք լքել Հալեպը:Հարկադրված վաճառեցինք մեր ողջ ոսկեղենը և հնգամյա եռյակ դստրերիս և ամուսնուս հետ Լիբանանով տեղափոխվեցինք Հայաստան, – եռյակ դուստրերի մայր՝ 28-ամյա Շողերը դժկամությամբ, բայց և չի հրաժարվում վերապրել անցյալը: Մեսրոպ և Շողեր Թաշչյանների երիտասարդ ընտանիքը մեկն է այն հարզարավոր սիրիահայ ընտանիքներից, ով Սիրայում թողնելով տարիների ստեղծածը, փնտրում է զավակների ապահովությունը հայրենիքում:
Նախքան պատերազմը Հալեպում բարվոք ապրելու բոլոր պայմանները կային: Շողերն ավարտելով Հալեպի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, ստացել էր Հալեպի Քարեն Եփփե ազգային ճեմարանում աշխատելու հնարավորություն, նա դասավանդում էր քիմիա և ֆիզիկա առարկաները: Ամուսինը, ով մասնագիտությամբ ավտոմե քենաներ վերանորոգող վարպետ էր, ուներ նաև ավտոմասերի մի փոքրիկ խանութ: Ընտանեկան երջանկությունը լրացրեց եռյակ աղջիկների՝ Մարիանայի, Սելլայի և Գառնիի ծնունդը: Սակայն Սիրիայում սկսված պատերազմը խափանեց բոլորի անդորրն ու ծրագրերը: Մշտապես ռմբակոծվող թաղամասում գտնվող դպրոցի պարապմունքները դադարեցին, դպրոցը տեղափոխվեց համեմատաբար խաղաղ շրջան, սակայն Շողերն այլևս չէր կարող աշխատել, ուստի նրա հիմնական հոգսն ու զբաղմունքը մնաց մանկապարտեզ հաճախող երեխաների դաստիարակությունը: Սակայն օրեցօր ահագնացող վտանգը հարկադրեց ընտանիքին դիմել վճռական քայլի:
Ամուսնու ծնողների Հայաստան տեղափոխվելուց մեկ տարի անց Թաշչյանների երիտասարդ ընտանիքը 2014 թ. օգոստոսին նույնպես տեղափոխվեց հայրենիք: Կարճ ժամանակ ամուսնու թոշակառու ծնողների հետ ապրելուց հետո Շողերն ամուսնու և երեխաների հետ Հայկական Կարիտասի «Մարդասիրական աջակցություն սիրիահայ փախստականներին» ծրագրի շրջանակներում ստանալով 6 ամսվա բնակարանավարձ, տեղափոխվեց Շենգավիթի վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակին հարող շենքերից մեկում գտնվող մեկ այլ բնակարան:
Փախստականների հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների օգնությունը մշտապես է՝ <Երևան սիթի> խանութների ցանցից գնումների համար 50 հազար դրամի քարտ, ՄԱԿ ՓԳՀ-ի «Ինտեգրացիոն ճաշարան սիրահայերի համար» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ սննդի, երբեմն էլ հագուստի տրամադրում, ճանաչողական էքսկուրսիաներ Հայաստանի տարբեր շրջաններ:
– Գոհ ենք, որ հայրենիքում անտարբեր չեն մեր հանդեպ: Այստեղ մենք մեզ շատ ավելի ապահով ենք զգում: Սակայն օգնություններն ու օժանադակությունը երկար չեն կարող ձգվել: Ինձ ու ամուսնուս անհրաժեշտ է աշխատանք: Ամուսինս իր մասնագիտությամբ աշխատելու համար դիմել էր մի քանի տեղ, խոստացել էին փորձաշրջան անցնելուց հետո վերցնել աշխատանքի, սակայն մեկ ամիս աշխատելուց հետո հրաժարվել են խոստումից, թեև Մեսրոպն ամենևին փորձաշրջան անցնելու կարիք չուներ, քանի որ այդ գործում վարպետ է, բայց, դե, իրեն ասել են, թե այստեղ այս պայմանով են աշխատանքի ընդունում: Իսկ քանի որ երեխաները հաճախում են մանկապարտեզ, ես նույնպես կուզեի աշխատել, բայց չգիտեմ ուր դիմել,-ասում է Շողերը:
Նրա համոզմամբ, ի տարբերություն Սիրիայի, այստեղ կյանքը, կոմունալ վարձավճարները և առհասարակ, ամեն ինչ թանկ է, թեև աշխատանք ունենալու դեպքում հնարավոր է ապրել: Շողերի մտահոգություններից մեկն էլ հայկական անձնագրի հարցն է: Իր և ամուսնու հայկական անձնագրի համար յուրաքանչյուրից պահանջում են 28.000 դրամ, ինչն այս պահին անհնար է, սակայն «կարող են, չէ ՞, սիրիահայերին որոշ զիջումներ անել»: Այնուհանդերձ, Շողերը հուսահատվողներից չէ, հաճախում է մատնահարդարման դասընթացների, սովորում է ռուսաց լեզուն, ցանկանում է դպրոցներից մեկում աշխատել իր մասնագիտությամբ:
– Երևանը գեղեցիկ քաղաք է, մենք սիրում ենք այն: Հանգիստ ենք այնքանով, որ մեր հայրենիքում ենք, այլ տեղ չենք ուզում գնալ, իսկ եթե գնանք, ապա միայն Սիրիա, թեև լուր ունենք, որ մեր տունը դեռևս կանգուն է, բայց խանութը փլուզվել է,-ասում է Շողերը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4330