«Հայուհին» սկսել է իր գործունեությունը ընդամենը երկու կարի մեքենայով
«Դժվարությունները հեշտ են հաղթահարվում, եթե գործդ սիրով ես անում», – ասում է Նոյեմբերյանի «Հայուհի» կարի արտադրամասի ղեկավար Անուշ Ծատուրյանը: «Հայուհի» -ն հիմնադրվել է դեռ 2002-ին, բայց ընդլայնված և ակտիվ գործունեություն է ծավալել վերջին տարիներին: Ինչպես նշեց WomenNet-ի հետ զրույցում Անուշ Ծատուրյանը, իրենք գործունեությունը սկսել են շատ փոքր աշխատակազմով` ձեռքի տակ ունենալով ընդամենը երկու կարի մեքենա: Իսկ այսօր ընկերությունն արդեն ունի 20 աշխատող և 30 կարի մեքենա: Աշխատողները հիմնականում կանայք են և ստանում են նվազագույնը 60 հազար դրամ աշխատավարձ:
«Մեր կոլետիվի համատեղ գործադրված ջանքերի շնորհիվ արտադրամասն աստիճանաբար ընդլայնեց իր գործունեությունը և իր թողարկած արտադրանքով այն այսօր հայտնի է ոչ միայն Նոյեմբերյան քաղաքում»,-ասում է Ա.Ծատուրյանը:
«Հայուհիու» արտադրանքը, անկողնային պարագաներ, ազգային պարի տարազներ, խոհարարի գոգնոց, վարագույր, ծածկոց և այլն, հիմնականում իրացվում է Հայաստանի համայնքներում: «Մեր արտադրանքը սպառելու խնդիր չունենք: Հիմնականում պատվերներով են աշխատում, այդ թվում դրսից»,- նշում է նա:
Անուշ Ծատուրյանը Նոյեմբերյան քաղաքում ավելի շատ հայտնի է ոչ թե որպես ղեկավար, այլ որպես գործարար և բարերար կին: Նա զբաղվում է նաև բարեգործությամբ և որպես թիրախ ընտրում է հիմնականում սահմանամերձ համայնքները՝ նվիրաբերելով իրենց արտադրանքը անապահով երեխաներին: 2012-ի նա այդ իր գործունեության համար մարզի կին բարեգործ անվանակարգում հաղթող է ճանաչվել եւ վարչապետից պատվոգիր ստացել:
Արտադրությանը զուգահեռ կարի արտադրամասում անց են կացվում նաև կարուձևի դասընթացներ, որոնց մասնակիցները ոչ միայն ձեռք են բերում կտորեղենի հետ աշխատելու հմտություններն ու սովորում նուրբ գործվածքներ ստանալու արվեստը, այլև հետագայում հենց «Հայուհի» կարի արտադրամասում աշխատելու հնարավորություն են ստանում:
Իսկ այն հարցին, թե որքանով է Հայաստանի բիզնես միջավայրը բարենպաստ հատկապես կանանց համար գործունեություն սկսելու առումով, Ա.Ծատուրյանը պատասխանում է. «Իհարկե, խնդիրներ կան, սակայն դրանք հեշտ են հաղթահարվում, եթե գործդ սիրով ես անում: Կարևորն այն է, որ մարդ իր գործը սիրի. եթե գործը սիրեց` ամեն տեսակ դժվարություն էլ կհաղթահարի, ամեն ինչի մեջ պետք է հոգի դնել: Միայն այդ ժամանակ է արդյունք լինում: Միանշանակ կարող եմ ասել, որ կինը, ցանկություն ունենալու դեպքում, կարող է Հայաստանում բիզնեսով զբաղվել: Մենք որ նոր էինք սկսում, մարդիկ թերահավատորեն էին վերաբերվում մեր բռնած գործին»,-ասում է նա:
Ա.Ծատուրյանը կարծում է, որ հաջողակ մարդը հաջողակ է և ընտանիքում, և աշխատանքում: Իսկ այն հարցին, թե արդյոք դժվար չէ համատեղել աշխատանքն ու ընտանիքը, նա այսպես արձագանքեց. «Աշխատանքն ու ընտանիքը համատեղելը թեև դժվար է, բայց հնարավոր է: Ես ընտանիք, բալիկներ, թոռներ ունեմ: Ես ինձ լիովին երջանիկ մարդ եմ համարում»,-նշեց կին գործարարը:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 6463