«Հայաստանում չեն կիրառվում բռնաբարված երեխային օգնելու ձեւերն ու միջոցները»
Դեռեւս այս տարվա օգոստոսին ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը իր մտահոգություն էր հնչեցրել մամուլում մեկ այլ խնդրի՝ սեռական բռնության ենթարկված անչափահասներին օգնություն ցուցաբերելու հետ կապված:
Այս տարի, իր խոսքով, ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն է դիմել սեռական բռնության ենթարկված 7 անչափահաս, նախորդ տարվա 3-ի փոխարեն (օգոստոսի դրությամբ ): Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա համեմատ այս տարի աճել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը: Եթե անցած տարի սեռական բնույթի 33 դեպք էր գրանցվել, ապա այս տարի՝ 43:
Aravot.am-ի հետ զրույցում նա մասնավորպես ասել էր.
«Պաշտոնական թվերում հաշվում են այն դեպքերը, որոնք ընթացք են ստացել, բայց կան իրավիճակներ, որոնք ընթացք չեն ստանում, որովհետեւ բողոքողները չկան: Երբեմն ծնողները լեզու են գտնում բռնարարների հետ եւ չեն էլ ուզում դիմել ոստիկաններին ու հաջորդ պահին հերքում են, երբեմն մեզ հետ էլ են վեճի բռնվում ու ասում են՝ երեխայիս տվեք, հետ եմ տանում: Թվերը կարող են ավելին լինել, որովհետեւ բողոքող կողմը երբեմն ոչ ադեկվատ է իրեն պահում »:
Ըստ նրա՝ Հայաստանում չեն կիրառվում բռնաբարված երեխային օգնելու ձեւերը, բոլորը մատնացույց են անում այդ երեխային, ու ծնողը ամենեւին էլ չի շահում դեպքը բացահայտելով.«Զոհին օգնելու միջոցները չկան, այդ վիճակից հանելու ձեւերը, ծառայությունները չկան, հասարակության մեջ ընկալումն էլ զոհի հանդեպ շատ մեղադրող է: Սեռական բռնությունների պարագայում զոհը հետագայում զրկվում է սոցիալական հեռանկար ունենալու հնարավորությունից, որովհետեւ ոչ մեկն այդպիսի աղջկան հարս չի տանի, չի ամուսնանա, դրա համար ծնողները գերադասում են, որ կեղտը մնա տան մեջ, քան թե ավելի շատ մարդիկ իմանան, աղմուկ լինի: Նրանց կարելի է հասկանալ, բայց դժվար է արդարացնել»:
Տիկին Անտոնյանի համոզմամբ ՝ միայն թվեր հրապարակելը քիչ է, Հայաստանում գոնե մեկ կենտրոն է հարկավոր՝ բռնության հետեւանքով լուրջ խնդիրներ կրած երեխաների հետ աշխատելու համար.«Ինչքան ասես մանկատուն ենք պահում, խնամքի կենտրոն, հատուկ դպրոց ենք պահում, բայց բռնությունների ենթարկված լուրջ խնդիրներ տարած երեխաների համար ոչ մի կենտրոն, առավել եւս՝ պրոֆեսիոնալ, չունենք: Ոստիկանության արած գործի կողքին անմիջապես պետք է լինի սոցիալական ծառայությունների գործը: Ոստիկանության գործը, հավանաբար, բացահայտելն ու հանրությանը իրազեկելն է , սոցիալական ոլորտի գործն է այս դեպքերի մասին հոգ տանելը: Այդ շարունակականությունը չեմ տեսնում…»:
Աղբյուրը՝
http://www.aravot.am/2012/08/06/98202/
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Միրա Անտոնյան. «Միջավայրը միշտ չէ, որ պատրաստ է “դժվար” երեխաներին հասկանալ »
«Որ ամուսնացանք, իրանք ասում էին, որ տարբերություն չեն դնելու, բայց…»
Դիտումների քանակը` 3355