«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»
Երևանում այսօր տեղի ունեցավ ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկայացվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարությանը ներկայացված որոշումների նախագծերը:
Ինչպես նիստի բացմանը իր ելույթում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, ընթացիկ տարում բավական աշխատանք է կատարվել, իսկ կառավարության մոտեցումը շատ հստակ է այն առումով, որ երեխաների խնամքը պետք է կազմակերպվի ընտանիքում:
«Պետք է կարողանանք առաջին հերթին մեր ընտանիքների, ծնողների հմտություններն ու հնարավորությունները մեծացնենք ու զարգացնենք, որպեսզի այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցնում են երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվելուն, հնարավորինս լուծումներ ստանան, այլ կերպ ասած, մեծ աջակցություն պետք է ուղղվի ընտանիքներին, ծնողներին, իսկ դրա արդյունքում կշահեն միայն երեխաները»- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ հիմնական խնդիրն այն է, որ հաստատություններում, որտեղ երեխաները հայտնվում են ընտանիքներից, որքան էլ որ լավ խնամք տրամադրվի, որքան էլ ապահովվեն պայմանները, միևնույն է, աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երեխաներն ամենալավ խնամքն ու պաշտպանությունը գտնում են ընտանիքներում, բնականաբար առաջին հերթին՝ կենսաբանական ընտանիքներում:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը իր ելույթում նշեց, որ Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն աղքատությունն է: «Աղքատությունն է տանում երեխաներին մանկատներ, աղքատությունն է, որը խոցում է այդ նույն հաստատություններում նույնիսկ չգտնվող երեխաներին, քանի որ համապատասխան և անհրաժեշտ օժանդակության բացակայության դեպքում աղքատությունը հետք է թողնում նրանց հետագա ողջ կյանքի վրա: Այն ազդում է նրանց ֆիզիկական առողջության, կրթական խնդիրների վրա, որոնց արդյունքում երեխաները կարող են դուրս մնալ կրթական գործընթացից, և եթե մենք այսօր համապատասխան քայլեր չձեռնարկենք, ապա դեմ կառնենք այն խնդրին, որ հաջորդ սերունդները ավելի մեծ աղքատության կառերեսվեն», – նշեց Տանյա Ռադոչայը:
Նա նաև ասաց, որ իրենք մեծ փոփոխություն են նկատում երեխաների պաշտպանության ոլորտում, որը բխում է թե միջազգային կազմակերպությունների, թե հասարակական կազմակերպությունների և թե կառավարության շահերից: «Մենք մեծ փոփոխություն ենք նկատում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, որը բխում է թե´ միջազգային, թե´ հասարակական կազմակերպությունների, թե´ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո: Դա մասնավորապես վերաբերվում է խորհրդային տարիներին խոշոր տիպի խնամքի հաստատությունների վերակազմակերպումից դեպի ավելի այլընտրանքային տիպի ընտանիքահեն ծառայություններ և մյուս կողմից համակարգում դեպք վարողի՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը ընտանիքահեն աջակցություն ցուցաբերելու հարցում», – հավելեց Տանյա Ռադոչայը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորեց նաև, որ այս վերակազմավորման գործընթացում բացակայի շտապողականությունը և կատարվող քայլերն իրականացվեն շատ զգուշավոր, քանի որ բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք բարդ, համապարփակ խնդիրներ ունեն: «Բազմաթիվ ընտանիքներ կան, որ բարդ խնդիրներ ունեն, և մենք պետք է շատ զգույշ լինենք, երբ խոսում ենք երեխայի իրավունքների և նրանց պաշտպանության մասին: Մեր համատեղ աջակցությունը պետք է բխի միայն և միայն ընտանիքի ճիշտ գնահատված կարիքներից»,- ասաց մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Դիտումների քանակը` 3664