«Հայաստանի աշխատանքային շուկայի գենդերային ասպեկտը». հետազոտություն

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից դեռեւս 2011-ին անցկացրած «Հայաստանի աշխատանքային շուկայի գենդերային ասպեկտը» թեմայով հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գենդերային անհավասարությանը նպաստող հիմնական գործոններից մեկը տղամարդկանց և կանանց միջև տնտեսական հնարավորությունների շարունակվող անհամաչափությունն է:

 

Հետազոտության միջոցով փորձ է արվել պարզել Հայաստանում զբաղվածության, աշխատավարձերի և նպաստների գենդերային պատկերը: Վերջնական զեկույցում ներկայացվում  է տարբեր ոլորտներում  աշխատող կանանց իրավիճակը:

 

Օրինակ՝   սպասարկման ոլորտում աշխատող կանայք ամենացածրվարձատրվողներն են, սա նաև կանանց համար ամենախոցելի կետերից է ` սեռական ոտնձգությունների և սեքսիստական վերաբերմունքի տեսակետից:

 

Հայաստանում սպասարկման ոլորտում (հիմնականում մատուցողներ, վաճառողներ, վարսահարդարներ, հյուրանոցում ընդունարանի աշխատողներ և այլն) աշխատող երիտասարդ կանայք են (20-35 տարեկան) և կրթություն են ստացել որպես տնտեսագետներ, բուժքույրեր, երաժիշտներ, արվեստագետներ և ուսուցիչներ, սակայն չեն կարողացել իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել կամ սպասարկման ոլորտ են տեղափոխվել զգալիորեն ցածր աշխատավարձերի պատճառով: «Ես աշխատել եմ որպես բուժքույր, սակայն շատ քիչ էի վաստակում և որոշեցի մատուցող աշխատել: Այս ոլորտում նույնպես շատ դժվարություններ կան, ամեն օր շփվում ես տարբեր վերաբերմունքով և մտածելակերպով բազմաթիվ մարդկանց հետ, բայց գոնե մի քիչ փող եմ աշխատում»,- ասել է  հարցմանը մասնակցած 30-ամյա մատուցողուհին:

 

«Ես չկարողացա որևէ աշխատանք գտնել որպես երաժիշտ, երաժշտական դպրոցները չեն ընդունում ուսուցիչներ, թափուր աշխատատեղեր չկան, ես չգիտեի ինչ անել և որոշեցի աշխատել այստեղ և համոզված լինել, որ ամեն ամիս գումար կունենամ, թեև այս աշխատանքը, որ անում եմ, այն չէ, ինչ սիրում եմ և կուզենայի անել»,- իր մտահոգությունն է հայտնել հյուրանոցում մաքրության աշխատակցուհին:

 

Մեկ այլ պատճառ, թե ինչու են կրթված կանայք սպասարկման ոլորտում աշխատում, այն է, որ ներկայումս գրեթե բոլոր հասարակական և մասնավոր կազմակերպությունները ընդունում են միայն առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով աշխատողների: Բոլոր երիտասարդների համար` անկախ սեռից, շատ դժվար է դառնում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելը:

 

Գրեթե բոլոր հարցազրույց տված կանայք ուզում են նոր աշխատանք գտնել և իրենց ներկայիս աշխատանքը ժամանակավոր են համարում: «Ես ուզում եմ ավելի լավ աշխատանք գտնել, օրինակ՝ լինել վաճառող-խորհրդատու շուկայում, ավելի ստեղծագործ աշխատանք անել, բայց ես երբեք հետ չեմ գնա բուժքույր աշխատելու»,- ասել է 30 տարեկան բուժքույրը, ով այսօր խանութում վաճառողուհի է աշխատում:

 

Այդուհանդերձ, պետք է նկատել, որ ոչ բոլոր հարցվածներն են ցանկանում ներկա աշխատանքով զբաղվել: Նրանցից շատերը երազում են իրենց մասնագիտության մասին, սակայն ցածր վարձատրության պատճառով այդ երազանքը այդպես էլ երազանք է մնում: «Ես ուզում եմ դասավանդել դպրոցում, բայց հասկանում եմ, թե ինչ ցածր է այնտեղ աշխատավարձը, այնպես որ մնում եմ այստեղ` գումար աշխատելու համար»,- ասում է ակումբում մատուցողուհի աշխատող 26-ամյա աղջիկը: «Ես պատրաստվում եմ գնալ արտասահման ավելի լավ կրթություն ստանալու և հետո հետ եմ գալու այստեղ և ավելի լավ աշխատանք գտնեմ»,- սա էլ մեկ այլ մոտւցողուհու ցանկությունն է:

 

Նշենք, որ կանանց մեծամասնությունը աշխատում է օրական 8-12 ժամ և վճարվում են մոտավորապես 200-250 ԱՄՆ դոլար մեկ ամսվա համար: Աշխատանքային պայմանները տարբերվում են` վայրից կախված: Ամենավատ աշխատանքային պայմանները բացօթյա սրճարաններում են, որտեղ տարրական կոմունալ հարմարությունները, ինչպիսիք են զուգարանը և մաքուր ջուրը, բացակայում են: Աշխատողներից ակնկալվում է ոչ միայն վճարել իրենց ուտելիքի և ջրի համար, այլ նաև վճարել գումար մոտակա փողոցային զուգարաններից օգտվելու համար կամ օգտագործել այլ սրճարանների կամ մոտական ռեստորանների զուգարանները: Բացի այդ, եթե կանայք աշխատում են մինչև ուշ ժամ, և հանրային տրանսպորտ այլևս չկա, նրանք պետք է ինքնուրույն վճարեն տաքսիի համար: Ընդհանուր առմամբ՝ աշխատանքային պայմաններով բավարարվածության մակարդակը միջին է:

 

Ի դեպ, կարևոր խնդիրներից մեկը աշխատանքային պայմանագրերն են: Օրինակ՝ հարցազրույց տված 15 կանանցից միայն 2-ը ունեն գրավոր պայմանագրեր կամ համաձայնություններ իրենց գործատուների հետ: Մեծամասնությունը աշխատում է առանց որևէ պայմանագրի: Նույնիսկ պայմանագրեր ունեցող աշխատողները ունեն խնդիրներ համաձայնությունները չկատարվելու հետ, ինչպես օրինակ աշխատավարձի մշտական հետաձգում, և գործատուն հաճախ բողոքներին պատասխանում է. «եթե դուրդ չի գալիս ինչպես եմ ես աշխատում, կարող ես գնալ, ուրիշը քեզ կփոխարինի» : Գրավոր պայմանագրերի բացակայությունը նաև կանանց խոցելի է դարձնում արձակուրդ և հանգստի օրեր ստանալու հարցում: Քանի որ նրանք չունեն գրավոր համաձայնություններ, նրանց հաճախ սպառնում են աշխատանքից ազատել, եթե նրանք հաճախ բացակայեն: «Ես ինձ շատ խոցելի և անպաշտպան եմ զգում, քանի որ որևէ գրավոր պայմանագիր չունեմ գեղեցկության սրահի հետ, ես մի քանի անգամ խնդրեցի տնօրենին, բայց ինձ ասացին, որ երբեք չեմ ստանա»,- նշում է 24-ամյա վարսահարդարը:

 

Հետազոտությունը բացահայտել է նաև կանանց դեմ սեռական բռնության խնդրի արտահայտման տարբեր ձևեր Հայաստանյան աշխատաշուկայում` սկսած գործատուների, կառավարիչների և աշխատակիցների ոտնձգություններից մինչև հաճախորդների չարաշահումները: Ակումբում մատուցողուհի աշխատող 22-ամյա աղջիկը պատմել է. «Ես չկարողացա որևէ աշխատանք գտնել որպես արվեստագետ և որոշեցի աշխատանք գտնել ակումբում: Ես կարծում էի, որ օտարերկրացի սեփականատերերի ակումբը ավելի լավ վայր է աշխատելու համար, սակայն ես սխալվեցի: Սա նույնիսկ ավելի վատ է: Ես այստեղ շատ խնդիրներ ունեմ հատկապես սեռական ոտնձգությունների հետ կապված: Շատ աղջիկներ առաջարկություններ են ստանում սեռական կապի մեջ մտնել աշխատանքի առաջընթացի համար: Դա շատ նվաստացուցիչ է»:

 

«Ես աշխատում էի մեկ այլ վայրում և մինչև աշխատանքը սկսելը, ես առաջարկ ստացա սեռական հարաբերություններ ունենալ տնօրենի հետ, ես պատմեցի ընկերոջս, նա եկավ և խոսեց տնօրենի հետ և խնդիրը լուծվեց»,- այս պատմությունը ներկայացնում է սրճարանի մատուցողուհին:

 

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ աղջիկները, ովքեր հուսահատության մեջ են և ցույց են տալիս իրենց հուսահատությունը, և չունեն իրենց իրավունքները պաշտպանելու գիտելիք, ամենախոցելին են սեռական բռնության տեսակետից: Շատ կանայք նշել են, որ վիրավորող կատակները և սեռական ոտնձգության դեպքերը ավելի հաճախ գալիս են հաճախորդներից և ոչ թե գործատուներից կամ աշխատակիցներից: Կանայք հաճախ հանդիպում են սեռական ոտնձգությունների աշխատանքից տուն գնալու ճանապարհին, քանի որ աշխատողները հաճախ ստիպված են ուշ մնալ աշխատանքի մինչև վերջին հաճախորդի գնալը: Թեև նրանք վճարվում են աշխատաժամերից ավելի աշխատելու համար, կանայք ուշ են տուն գնում և շատ հաճախ սեռական ոտնձգությունների զոհ են դառնում փողոցներում: Սա ակնհայտ գենդերային խնդիր է, և քանի որ երիտասարդ կանանց և աղջիկների մեծամասնությանը թույլ չեն տալիս տուն վերադառնալ ուշ ժամի, շատ սրճարաններ և ռեստորաններ նախընտրում են աշխատանքի վերցնել տղամարդկանց և տղաների, որպեսզի պահեն իրենց հաճախորդներին:

 

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ կանայք սեռական ոտնձգության դեպքերը չեն հայտնում ոստիկանությանը կամ տեղական կանանց ՀԿ-ներին, փոխարենը նրանք փորձում են խնդիրները լուծել ինքնուրույն կամ խնդրել իրենց հայրերին, եղբայրներին, ընկերներին խոսել գործատուների, կառավարիչների կամ նույնիսկ հաճախորդների հետ:

 

Հետազոտության հիման վրա արվել են նաև առաջարկություններ պետական, մասնավոր և հասարակական սեկտորներին՝ աշխատաշուկայում գենդերային անհավասարության նվազեցման ուղղությամբ:

 

 

Նշենք, որ հետազոտությունն  իրականացվել է Երևանում ապրող պատահականորեն ընտրված 350 մարդկանց շրջանում, որոնցից 154-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 196-ը՝ իգական:

 

Հետազոտության ամբողջական տեքստին  կարելի է ծանոթանալ այստեղ  

 

 

 

 

Դիտումների քանակը` 5382

Գլխավոր էջ