«Համայնքների խոշորացումից դրանք ոչ ավելի լավ են ապրելու, ոչ էլ լուծվելու են խնդիրները»…

«Ճիշտն ասած դրական չեմ վերաբերում այդ պրոեկտին, որովհետև այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ դրական արդյունք այն կարող է տալ մեզ` համայնքիս բնակիչներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձոր մարզի Գոմք համայնքի ավագանու անդամ Նունե Ավագյանը, ով, ի դեպ, անցյալ տարի արժանացավ “Գյուղմթերք արտադրող կին հերոս” կոչմանը: 

 

Ըստ պիլոտային ծրագրի` Գոմքը ևս ընկնում է խոշորացման տակ և միավորվելու է Զառիթափ համայնքի հետ: Նունե Ավագյանի համար խոշորացման իմաստն ու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չեն, քանի որ համայնքները դրանից ոչ ավելի լավ են ապրելու, ոչ էլ լուծվելու են նրանց խնդիրները:

 

«Համայնքները ոչ ավելի լավ ճանապարհներ կունենան, ոչ դրանից կգազաֆիկացվեն, ոչ էլ կլուծվեն նրանց ջրամատակարարման խնդիրները: Հակառակը` կփակվեն շատ աշխատատեղեր, որովհետև քչից-շատից, բայց մարդիկ աշխատում էին համայնքային աշխատակազմերում, իսկ խոշորացումից հետո դա կբացառվի: Բացի այս, ես վախենում եմ, որ նույնը սպառնում է նաև մանկավարժներին` հնարավոր է դպրոցները ևս խոշորացվեն ու ըստ այդմ պակասեն մանկավարժների հաստիքներ»,- կարծիք հայտնեց տիկին Ավագյանը` հավելելով` «ոնց նայում եմ, լավ բան չեմ տեսնում»:

 

Ավելին` Գոմք համայնքի ավագանու անդամը այս ամենում ավելի վատ միտումներ է տեսնում, որոնք կտանեն գյուղերի էլ ավելի դատարկմանը, այսինքն համայնքների խոշորացումը, ըստ նրա, սպառնում է նաև արտագաղթի նոր տեմպին:

 

«Ինչպես նախարարությունից են ասում` մայիս ամսից արդեն պիլոտային ծրագիրը կմեկնարկի: Ընտրել են երկու խոշոր համայնք Վայոց ձորից` Ջերմուկն ու Զառիթափը…. թե հիմա այդ փորձը ինչի կբերի, ինչ արդյունք կունենա անկեղծ չեմ պատկերացնում»,- նշեց նա:

 

Նաև ավելացրեց, քանի որ Գոմքը խոշորացվելու է Զառիթափի մեջ, ապա առաջին խնդիրը, որ իրենք կհանդիպեն ճանապարհների հարցն է. Գոմքը 17 կմ հեռավորության վրա է գտնվում Զառիթափից:

 

«Ճանապարհ չունենք: Հիմա ինչ, կբերեն միանգամից ճանապարհը կսարքե՞ն…. այլապես հնարավոր չի պատկերացնել, որ այդ ամբողջը լինելու է մի համայնք,  ամայի ու անբարեկարգ ճանապարհներով»,- նեղսրտեց Նունե Ավագյանը:

 

Բացի այս, շարունակեց նա, կան նաև այլ խնդիրներ` համայնքների մտածելակերպը, մենթալիտետը, այլ առանձնահատկություններ. արդյո՞ք մարդիկ կկարողանան այդ ամենը համատեղել մեկ համայնքի ներքո:

 

«Մենք չէինք ուզենա համախմբվել, որովհետև կոնկրետ մեր համայնքում երկու միջազգային կառույց են աշխատում, այնքան աշխատանք ենք արել, դասընթացներ անցել և այլն, ուղղակի չենք պատկերացնում այդ ամենը այլ համայնքի հետ համատեղ»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Աղբյուրը`    Panorama.am

 

 

Կարդացեք Նունե Ավագյանի մասին մեր կայքում.

«Ավելի վստահ, ավելի գնահատված, ավելի հստակ իրենց որոշումներում»…

 

 

Դիտումների քանակը` 3501

Գլխավոր էջ