«Հաճելի է ծաղիկներ ստանալ, բայց ոչ իրավունքների փոխարեն, այլ ի լրումն դրանց»…

«Մենք կանանց շատ ենք հարգում,  ծաղիկներ են նվիրում, միայն թե՝ թող նստեն տանը» – այսպիսի մոտեցմամբ երկիրը առաջ շարժվել չի կարող, համոզված է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ով նաև որոշակի վերապահումներ ունի մեր հասարակությունում  Մարտի 8-ի ընկալման հետ կապված: Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը փոխակերպվել է կանանց ծաղիկներ մատուցելու տոնակատարության, նշում է նա WomenNet.am-ին տրամադրած իր հոդվածում, որտեղ ի դեպ  տղամարդկանց ուղղված որոշակի «օգտակար խորհուրդներ» և կոչեր են  զետեզված:

 

Հարյուր  տարի է անցել այն օրից, երբ Կոպենհագենի միջազգային խորհրդաժողովում սոցիալիստ կանայք որոշում ընդունեցին Մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը նշելու որպես կանանց ազատագրման, կանանց իրավունքների համար պայքարի օր:

 

 

Ժամանակ պահանջվեց` մի ամբողջ դար, որպեսզի աշխարհը գիտակցեր և ընդուներ կնոջ մարդու իրավուքները, որպեսզի պետությունները ոչ միայն հռչակեին իրավունքները, այլև մտահոգվեին  կանանց իրավունքների իրացման հարցով, որպեսզի գենդերային հավասարությունն ընդունեին որպես ժողովրդավարական բարձրագույն արժեք:

 

Սակայն այսօր էլ` XXI դարի սկզբին, կանանց դե յուրե ճանաչված իրավունքները դե ֆակտո իրավունքներ չդարձան:  Թեպետ մենք` Հայաստանի կանայք, հպարտանում ենք, որ դեռ առաջին հանրապետության տարիներին` 1918-20 թթ. մեզ ընտրելու և ընտրվելու իրավունք է տրվել, միևնույն է, ներկայիս իրավիճակը մեզ չի կարող չմտահոգել:

 

 

Խնդիրը ոչ միայն խորհրդարանի և իշխանության այլ կառույցներում՝ քաղաքական որոշումների ընդունման մակարդակում տղամարդկանց և կանանց անհավասարակշիռ ներկայացվածությունն է, այլ փաստը, որ կանանց ներուժը լիովին ներգրավված չէ երկրի զարգացման գործընթացներում, թեև նրանք  ներկայացնում են երկրի բնակչության 51.8%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների 60%-ը:  Առավել մտահոգիչ է, որ  երկրում ժողովրդավարական վերափոխումների այս ժամանակաշրջանում նրա կառավարմանը մասնակցելու իրավունքներից առանց այդ էլ  զրկված կանանց ճանապարհին շարունակում են նորանոր խոչընդոտներ  ծագել:

 

 

Խոսքը «կնոջ բնական կոչման» կարծրատիպի կամ հասարակության մեջ հմտորեն արմատավորվող այն առասպելի մասին է, թե «քաղաքականությունը մաքուր ոլորտ չէ և կնոջ գործ չէ»: Այստեղ է, որ ուզում ես առարկել. «Իսկ գուցե արժե՞, որ կանայք մտնեն քաղաքականություն, որպեսզի մաքրեն այն կեղտից»: Խոսքը նաև Մարտի 8-ի` Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, էության փոխակերպման մասին է:

 

 

90-ականներին  խորհրդարանի որոշ պատգամավորների թեթև ձեռքով Մարտի 8-ը վերացրեցին տոնական օրացույցից՝ «մոռանալով», որ այն ոչ թե ազգային տոն է, այլ Կանանց միջազգային օր: Հինգ տարվա դադարից հետո վերադարձրեցին և ասես արդարանալով,  հայտարարեցին կանանց  մի ամբողջ միամսյակ` Մարտի 8-ից մինչև Ապրիլի 7-ը` Մայրության ու գեղեցկության տոնը:  Դրանով իսկ առավել արմատավորվեց այն ընկալումը, որ Մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, կանանց ծաղիկներ մատուցելու և հաճոյախոսություններ անելու տոն է:

 

 

Որոշ օլիգարխներ էլ այնքան շռայլ են գտնվում, որ կանանց ծաղիկների մատուցում են կազմակերպում հենց փողոցներում՝ տեսեք թե տղամարդիկ ինչ մեծ սիրով և հոգատարությամբ են լցված կանանց նկատմամբ:   Չարախոսելու մտադրություն չունենք,  խոստովանենք՝  հաճելի է ծաղիկներ ստանալ, բայց ոչ իրավունքների փոխարեն, այլ ի լրումն դրանց:

 

 

Բացի այդ ծաղիկներ նվիրելով կանանց` տղամարդիկ չեն մոռանում հիշեցնել «կնոջ բնական կոչման» մասին կամ ընդգծել, որ կնոջ տեղը միայն  ընտանիքում է: Չեն էլ փորձում մեզ հարցնել` կյանքում որտե՞ղ ենք տեսնում մեր տեղը, և ի՞նչ է պետք մեզ` Հայաստանի կանանց:

 

 

Իսկ այս հարցերը իրականում լուրջ պատասխան են ենթադրում: Ժամանակն է վերադարձնենք Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվան իրական իմաստը, և սկիզբի համար  գիտակցենք և իմանանք մեր իրավունքները, սովորենք բարձրաձայնել և պաշտպանել դրանք: Կանանց կազմակերպություններն էլ պետք է սովորեն համախմբվել՝ կանանց կոլեկտիվ իրավունքները  պաշտպանելու համար:

 

Այսօր ավելի, քան երբևէ, մեծ է մեր պատասխանատվությունը մեր իրավունքների իրացման համար.  արժանավայել կյանքի իրավունքի, կրթության և առողջության իրավունքի, մեր գիտելիքներին և պահանջմունքներին համապատասխան աշխատանքի իրավունքի, ազնիվ ընտրություններ անցկացնելու իրավունքի և  քվեարկելու նրանց օգտին, ում մենք հավատում ենք և ով իր վրա է վերցնում պատասխանատվությունը այնպիսի հասարակության հաստատման համար, որտեղ իշխում է օրենքը և մեզնից յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանությունը:

 

 

Մարտի 8-ը այս առումով միայն առիթ է գնահատելու մեր անցած ուղին, գիտակցելու, որ այսօր ավելի, քան երբևէ, կարևոր է հասնել այն բանին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի` տղամարդ թե կին, մեր հասարակության մեջ վստահություն ունենա վաղվա օրվա նկատմամբ, որպեսզի հասարակության մեջ և ընտանիքում իշխի հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, և վերջապես, որպեսզի տղամարդիկ հասկանան, որ իրենց իսկ համար է վիրավորական, երբ հասարակության մեջ և ընտանիքում նրանց շրջապատող կանանց նրանք չեն համարում իրենց հավասար:

 

 

Ուզում ենք հավատալ, որ տղամարդիկ էլ կմտահոգվեն, թե ինչու կանանց ներկայացվածությունը Հայաստանի խորհրդարանում և գործադիր իշխանությունում 2,5 անգամ ցածր է միջին համաշխարհային և եվրոպական ցուցանիշներից, և դա այն դեպքում, երբ մեր երկրում յուրաքանչյուր հինգերորդ կինը բարձրագույն կրթություն ունի: Բոլոր դեպքերում կանանց մտավոր ներուժի օտարումը քաղաքական որոշումների կայացման մակարդակում ժողովրդավարական կառավարման գործընթացներին մասնակցելուց որևէ արդարացում չունի:

 

 

Ուստի, հարգելի տղամարդիկ, ձեր պաշտոնական ելույթներում և հասարակության մեջ հայ կնոջ դերի մասին դատողություններում մի հենվեք անհամոզիչ «առասպելների» վրա, թե ազգային մտածողությունն է խոչընդոտում  քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը, կամ էլ թե հասարակության մեջ կանանց դերի բարձրացումը հակասում է ընտանիքի շահերին, ուստի կնոջ տեղը միայն ընտանիքում է:

 

Կարիք չկա երկրի մտավոր ներուժի 60 տոկոսը կազմող կանանց «մատնացույց անել» խոհանոցը` այդ պարտականությունը նրանք առանց ձեր «քարոզարշավի» էլ արժանավայել կատարում են:

 

 

Հարգելի տղամարդիկ, Մարտի 8-ի կապակցությամբ  խորհեք այն մասին, որ միայն ազատ և ձեզ հետ իրավահավասար կինը կարող է դաստիարակել ազատ մարդ` ձեր երեխաներին, որ միայն ազատ և իրավահավասար կինը կարող է կիսել և կկիսի ձեր ուրախությունն ու դժվարությունները, միայն իրավահավասար կինը կարող է ձեր ընկերն ու խորհրդատուն լինել:

 

 

Հարգեք կանանց և ձեզ հավասար լինելու նրանց իրավունքը: Ձևավորեք ընտանիքում գործընկերության հարաբերություններ, հանդուրժողական հարաբերություններ հասարակությունում ձեզ շրջապատող կանանց հետ և ձեր կյանքն ավելի հարմարավետ ու հետաքրքիր կդառնա, նաև ձեր կյանքի տևողությունը կերկարի:

 

 

«Իսկական տղամարդիկ» չպետք է վախենան կանանց իրավահավասարությունից և նրանց հավասար մասնակցությունից քաղաքականության մեջ և երկրի զարգացման բոլոր գործընթացներում:

 

 

Ջեմմա Հասրաթյան

Համալսարանական կրթությամբ կանանց սոցիացիայի նախագահ,

մանկավարժական գիտությունների թեկնածու

Դիտումների քանակը` 5102

Գլխավոր էջ