«Հալեպն իմ ծննդավայրն է, սակայն Երևանը տունս է»…
Ալին Մարանյանն առաջին անգամ Հայաստան՝ բարեկամներին այցելության էր եկել 1995 թվականին, երբ տակավին 14 տարեկան էր ու չէր կարող ենթադրել, որ 20 տարի անց հանգամանքերի բերումով դառնալու էր Հայաստանի քաղաքացի և ազգությամբ ասորի ամուսնու՝ Մանսուր Հըլըբի հետ ապրելու և աշխատելու են իր հայրենիքում:
«Ասում են, ամեն չարիքի մեջ բարիք կա: Սիրիական պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի մենք հաստատվենք Հայաստանում: Այս տարվա օգոստոս ամսին հայաստանաբնակ մեր ընկերը հրավիրեց այստեղ: Որոշ ժամանակ ապրեցինք նրանց տանը, հետո բնակարան վարձեցինք, աշխատանք գտանք ու հարմարվեցինք տեղի կենցաղին ու ապրելակերպին»,- պատմում է Ալինը:
Մեծ եղեռնից փրկված, Այնթափի Օրըլ գյուղից Հալեպ գաղթած Ալինի պապերը չէին կարող պատկերացնել, որ ժառանգներից մեկի հանգրվանը լինելու է Հայաստանը: Սակայն եղավ այն, ինչ եղավ:
Հալեպում մնացած Ալինի և նրա ամուսնու ծնողներից ստացած տեղեկությունները հուսադրող չեն: Սիրիական պատերազմի վերջը դեռ չի երևում: Արդեն երեք տարի է, ինչ ծնողներս իրենց տանը չեն ապրում, քիչ ավելի ապահով թաղ են գնացել, թեև դարձյալ արկերը գլխներու վրայով կերթան»:
Սիրիայում ապրած տարիներին երիտասարդ ամուսիններն աշխատում էին իրենց մասնագիտությամբ, որպես վարսահարդար, Ալին՝ կոսմետոլոգ- մատնահարդար: Հալեպում ձեռք բերած վարսավիրանոցը վարձակալությամբ հանձնել են մեկ ուրիշի, իսկ իրենք երկուսով աշխատում են Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող գողտրիկ ու հարմարավետ «MS» գեղեցկության սրահում: Չլինեին ընկերների, հարևանների, վարսավիրանոցի վարսահարդար Անգելինայի սրտացավությունն ու խորհուրդները, երիտասարդ ամուսինների համար նոր միջավայրում հարմարվելը դժվար կլիներ:
«Կան սիրիահայեր, որ ամիսներ շարունակ աշխատանք չեն գտնում, իսկ մեր բախտը բերեց, հանդիպեցինք լավ մարդկանց ու նրանց օգնությամբ կարողացանք գտնել աշխատանք: Շնորհակալ ենք այդ մեծ աջակցության համար: Ամուսինս նրանց միջոցով ճանաչեց հայերին, և հիմա այնքան է սիրում երկիրն ու հայերին, որ անգամ հարազատներին հորդորում է այցելել Հայաստան»,- ասում է Ալինը:
Երևանում ամեն քայլափոխի հանդիպած գեղեցկության սրահների առատությունն այնուհանդերձ չհուսահատեցրեց Ալինին ու նրա ամուսնուն: Չէ՞ որ յուրաքանչյուրն իր բախտն ու հաջողությունն ունի: Ու գտան: Այսօր նրանք ունեն իրենց մշտական հաճախորդները: Ճիշտ է, Հալեպում նրանց թիվն անհամեմատ շատ էր, սակայն այստեղից էլ դժգոհ չեն:
Ալինի և ամուսնու աշխատանքը էապես տարբերվում է տեղաբնակ վարսահարդարների աշխատանքից, թեև այստեղ արևելայն ոճի սանրվածքներ նախընտրողներն էլ քիչ չեն: Այնուհանդերձ ամուսնինները ոճերի բազմազանությամբ փորձում են գոհացնել իրենց հաճախորդներին: Հետագա ծրագրերի մասին դեռ վաղ է խոսել, իսկ «նեղվելու» դեպքում Մանսուրի բարեկամների աջակցությամբ աշխատանք կփնտրեն Դուբայում: Ի դեպ, Մանսուրի երազանքն է Հայաստանում սեփական տուն ունենալ:
Ժպտերես ու կենսախինդ Ալինի համար լեզուների իմացությունը կարևոր է, հայերենի, արաբերենի ու անգլերենի հետ վատ չէր լինի նաև ռուսերենի իմացությունը, ինչը կօգնի հաղորդակցվել ռուսախոս հաճախորդների հետ: Ու քանի որ օրվա ընթացքում ունենում է «պարապ ժամեր», ուստի զբաղվում է նաև խոհարարությամբ: Ալինի պատրաստած իշլի-քյուֆթան արդեն բավական պահանջարկ ունի շրջակա խանութների գնորդների կողմից:
-Հալեպն իմ ծննդավայրն է, սակայն Երևանը տունս է,-ասում է հազար ու մի երազանքներ հյուսող Ալինը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3779