«Կուսակցությունն ինքն է բացառել իր հետ ճանապարհ գնալու հանգամանքը»…
ՕԵԿ նախկին խոսնակը ինքնաբացարկ ներկայացրեց:
Ուղիղ մեկ ամիս առաջ՝ «Օրինաց երկրի» համամասնական ցուցակի հրապարակումից անմիջապես հետո Սուսաննա Աբրահամյանը, որը շուրջ վեց տարի զբաղեցրել էր կուսակցության մամլո խոսնակի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ այդ քայլին դիմում է, քանի որ կուսակցության իմիջը բարձր պահելու իր ջանքերն ըստ արժանվույն չեն գնահատվել։ Հիշեցնենք, որ նրան առաջադրել էին ՕԵԿ ցուցակի 36-րդ հորիզոնականում:
Թեև կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը շտապեց հավաստիացնել լրագրողներին, որ Սուսաննա Աբրահամյանը չի պատրաստվում հեռանալ ՕԵԿ-ից և պարզապես վայր է դրել մամուլի խոսնակի լիազորությունները, վերջինս ,այնուամենայնիվ, «Օրինաց երկրից» դուրս գալու դիմում ներկայացրեց, իսկ այսօր նաև ինքնաբացարկ հայտարարեց ՕԵԿ-ի համամասնական ցուցակից: Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում ինքնաբացարկի են դիմել ՕԵԿ ցուցակում ընդգրկված արդեն վեց կին:
Այսօր, երբ վերջակետն արդեն դրված է, Սուսաննա Աբրահամյանը համաձայնվեց պարզաբանել WomenNet.am -ի համար իր կատարած քայլի իրական դրդապատճառները:
– Բազմիցս ասել եմ զանգվածային լրատվամիջոցներին, որ ոչ թե նեղացած կեցվածք եմ ընդունել, քանի որ վաղուց եմ դուրս եկել այդ տարիքից, այլ երևույթը գնահատել եմ պրոֆեսիոնալ տեսանկյունից: Մեր երկիրը ձեռնամուխ է եղել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կերտմանն ուղղված աննախադեպ բարեփոխումներին, ինչում ինչպես հայտնի է, իր վճռորոշ դերն ունի հանրային իրազեկումն ու լրատվությունը: Այս առումով, իշխանության ամենաներկայացուցչական թևի` Ազգային Ժողովի ձևավորման պահին ես՝ լինելով ՕԵԿ մամուլի խոսնակ, պարզապես չէի կարող հանդուրժել նախընտրական ցուցակի 36 –րդ հորիզոնականում իմ հայտնվելը: Ավելին, ցուցակի կազմման ընթացքում չի կիրառվել ժողովրդավարության սկզբունքը , քանզի չի կարող ժողովրդավար գնահատվել ցանկացած որոշման միանձնյա կայացումը: Կուսակցության քաղխորհուրդը և համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախապես պետք է իմանան, թե իրենք ցուցակի որ հատվածում պետք է ընդգրկված լինեն և տան իրենց համաձայնությունը, որպեսզի այսօր ստեղծված իրավիճակը չլինի, քանի որ մի քանի կանայք արդեն իսկ ինքնաբացարկ են հայտարարել :
– Ձեր կարծիքով ինչի՞ մասին է խոսում ՕԵԿ համամսնական ցուցակում ընդգրկված արդեն վեց կանանց ինքնաբացարկի փաստը , գուցե կանանց հետ կապված ինչ–ինչ խնդիրներ կա՞ն ՕԵԿ–ում:
– Կարծում եմ ոչ, քանզի ՕԵԿ-ը մշտապես կարևորել է կնոջ դերակատարումը հասարակական – քաղաքական ակտիվ գործընթացներում և բազմիցս տարբեր ամբիոններից բարձրաձայնել կանանց հիմնախնդիրների և գենդերային իրավահավասարությունների մասին, ինչի ապացույցը թերևս կուսակցությունում կանանց մեծամասնության առկայությունն է: Այլ հարց է, որ կուսակցության համամասնական ցուցակի պարագայում խոսքը գործնականից էականորեն տարբերվեց: Ինչ վերաբերում է կանանց ինքնաբացարկի փաստին, ես կոռեկտ չեմ համարում գնահատական տալ, առավելևս, մեկնաբանել այն քայլերը, որոնց մասին տեղեկություն չունեմ, կարծում եմ Ձեր հարցը պետք է հասցեական լինի և ամեն մարդ ինքն է պատասխանատու սեփական քայլերի համար: Բնականաբար, ընտրությունների նախաշեմին միշտ էլ առկա են նախընտրական կրքեր, հիասափություններ… Ես կարող եմ խոսել միայն իմ փոխարեն: Իմ լիազորությունների վայր դնելը միանշանակ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ոչ թե չի գնահատվել Սուսաննա Աբրահամյան անձը, այլ չի կարևորվել, չի արժևորվել մամլո խոսնակի դերը, այն ինստիտուտը, որի պրոֆեսիոնալ ներկայացման շնորհիվ է հնարավոր «Օրինաց երկիր» կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագրերը հասանելի դարձել հանրությանը: Առավելևս, երբ այդ ամենը արվել է մեծ նվիրվածությամբ և հավատով:
Այս առումով, կուսակցությունն ինքն է բացառել իր հետ ճանապարհ գնալու հանգամանքը: Քայլերի հերթականությունը հուշում է, որ, այո , միանգամայն տրամաբանական էին ինքնաբացարկը և կուսակցությունից դուրս գալը:
Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը: Կշարունակե՞ք մնալ քաղաքական դաշտում:
-Ընդհանրապես ես ակտիվ մարդ եմ և այսօր էլ չեմ պատրաստվում ակտիվ քաղաքականությունից կտրվել: Տասնվեց տարի եղել եմ հեռուստաժուռնալիստիկայի ասպարեզում և վեց տարի քաղաքականության մեջ, այսինքն մշտապես լինելով մեր երկրում տեղի ունեցող քաղաքական անցուդարձի կիզակետում, որոշակի ներդրում ունեմ այդ դաշտի լրատվական կոմպոնենտը ձևավորելու հարցում: Ճիշտ է ,առայժմ, ես ակտիվ քաղաքական գործընթացին չեմ մասնակցում, բայց ընտրությունները կավարտվեն, և կփորձեմ ինձ համար հստակեցնել իմ հետագա անելիքները: Պետք է ասեմ, որ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, դեռևս 2003 թվականին, հիմնադրել եմ «Կնոջ իրավունք» հկ-ն և որոշել եմ կրկին այն կյանքի կոչել` առավել ակտիվորեն ներգրավվելով հասարակական- քաղաքական կյանքին: Ասեմ որ, պատրաստ եմ համագործակցել հասարակական- քաղաքական ցանկացած ուժի հետ, որը կիրականացնի ազգանպաստ գործունեություն: Ի դեպ, եթե ես այսօր չունեցա այն քաղաքական հենարանը, որը պետք է ունենայի, բայց ստացա աջակցություն` ի դեմս իմ կոլեգաների և զանգվածային լրատվամիջոցների, որոնք միանշանակ կանգնած են իմ թիկունքին: Սա մեծ հպարտությամբ եմ նշում…
Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 4846