«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Այսօր` Բնակչության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կայացավ Երևանի « Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը ներկայացրեց իր կողմից պատրաստված «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրքը: Գրքում հավաքված են հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից ինը լրագրողների հոդվածներ , որոնք անդրադառնում են մեր երկրում առկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդրին:
Գրքի շնորհանդեսի ընթացքում ներկաները մտահոգություն հայտնեցին խնդրի առնչությամբ: Մասնավորապես, ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ ԳարիկՀայրապետյանը իր խոսքում նշեց, որ արու զավակի նախապատվությունը Հայաստանում անհանգստացնող միտումներ է արձանագրում, սակայն դրա հետևանքները դեռևս տեսանելի չեն: Սակայն տարիներ անց Հայաստանը կկանգնի լուրջ խնդրի առաջ, քանի որ արդեն ակնհայտ է`սեռով պայմանավորված աբորտների պատճառով մեր երկրում բնական համաչափությունից զգալի շեղում է գոյանում ի օգուտ տղա երեխաների: Իրականում` բնական օրենքների մեր կոպիտ միջամտությամբ մենք պոտենցիալ հարսնացուներ ու մայրեր ենք կորցնում:
Ըստ բանախոսի, խնդիրը պետք է պահել ուշադրության կենտրոնում, բացատրել ու ահազանգել երևույթի վտանգավորության մասին, հատկապես հասարակությունը պետք է իր դերակատարումը ունենա, քանի որ, ի վերջո, այս ամենը կատարվում է մեր բոլորիս լուռ համաձայնությամբ:
«Հասարակությունը ոչ միայն կարող է, այլև ուղղակի պարտավոր է փոխել ստեղծված իրավիճակը ու մտածել ապագայի մասին»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
ՄԱԲՀ-ի կողմից պատրաստված «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրքն, այս իմաստով, նույնպես ահազանգ է խնդրի առնչությամբ: Դրանում զետեղված են 2011-ի «Նա/Նե» լրագրողական մրցույթին ներկայացված հոդվածները, որոնք նկարագրում են առկա իրավիճակը սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վերաբերյալ:
Գիրքը, ըստ Գ.Հայրապետյանի, երկու կարևոր բաղադրիչ ունի: Նախ, ինչպես արդեն նշվեց, այն ներկայացնում է խնդրի լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում, բացի այդ գրքում տեղ են գտել երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Բախտամյանի աշխատանքները, որոնց միջոցով նա ևս փորձել է պատասխանել բոլորին հուզող հարցին` թե ինչպես է պատահում, որ երիտասարդ զույգը նախապատվություն է տալիս տղա երեխային:
Հոդվածների վերնագրերն էլ ինքնին խոսուն են ` «Դադարեցված կյանքի պատմություններ…», «Մայրանալու իրավունքը տրվել է արարել ու,ոչ թե սպանելու համար», «Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդն անհրաժեշտ չէր..», «Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շրջանում»…
Գրքում ներկայացված է նաև Panorama.am-ի լրագրող, ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ ակտիվիստ` Լիա Խոջոյանի «Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկ պակաս կծնվի Հայաստանում…» հոդվածը:
Մենք շնորհավորում ենք մեր գործընկերոջը խնդրի լավագույն լուսաբանման համար ՄԱԲՀ-ի կողմից ստացված պատվոգրի առնչությամբ ու նորանոր հաջողություններ մաղթում:
Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր կայքում.
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Դիտումների քանակը` 5044