«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

 

Երեկ Ազգային ժողովում երրորդ եւ վերջնական ընթերցմամբ  ընդունվեց   «’Կանանց  և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքը:   WomenNet.am –ը   զրուցում է  օրենքի շուրջ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի հետ, ում տեսակետը, մասնավորապես,  քվոտավորման սկզբունքի վերաբերյալ  միանշանակ  չէ :

 

«Այն, որ օրենքն ընդունվեց, իհարկե, կարեւոր է, բայց ես մշտապես ասել եմ, որ մեր երկրում խնդիրն օրենքների ընդունումը չէ: Մեր երկրի հիմնականն խնդիրն օրենքների կիրարկման մեջ է` որքանո՞վ են օրենքները իրագործվում եւ կա արդյո՞ք քաղաքական կամք այս կամ այն  օրենքը կյանքի կոչելու համար: Մենք շատ լավ օրենքներ ունենք բոլոր առումներով եվրոպական չափորոշիչներին համապատասխանող, որոնք, սակայն, չեն գործում: Ամեն տարի Ընտրական օրենսգիրք ենք փոխում եւ ես`  որպես տարբեր տարիներին ընտրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, կարող եմ ասել, որ դրանք բավականին լուրջ փոփոխություններ են լինում, բայց  յուրաքանչյուր ընտրության ժամանակ, ամեն անգամ մենք վախենում ենք այս կամ այն խնդիրներից: Նույնը նաեւ այս դեպքում է»,-նշում է Նաիրա Զոհրաբյանը:

 

Պատգամավորը հիշեցնում է, որ դեռ նախորդ չորրորդ գումարման խորհրդարանում «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքի նախագծի շուրջ ԱԺ Եվրոպական ինտեգրման եւ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովները համատեղ լսումներ անցկացվեցին կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնք բազմաթիվ կարեւոր ու էական  նշանակություն ունեցող առաջարկություններ ներկայացրին:

 

”Մենք այդ առաջարկությունները երկու հանձնաժողովներով ամփոփեցինք, դրան գումարեցինք նաեւ պատգամավորական առաջարկությունները եւ ուղարկեցինք կառավարությանը: Ցավոք սրտի, առաջարկների գերակշիռ մասը կառավարության կողմից չընդունվեցին”,-փաստում է մեր զրուցակիցը:

 

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, նախագիծն այս  տեսքով կրկին խորհրդարան գալուց հետո հարցը մեկ անգամ եւս կանանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ քննարկվեց.

«Նրանց տեսակետը եւս այն է, որ, իհարկե, բազմաթիվ առաջարկներ, որոնք սկզբունքային են, չեն ներառվել նախագծում, բայց գոնե այս տեսքով  նախագիծը պետք է ընդունվի, որպեսզի օրենքը սկսի գործել, իսկ հետագայում արդեն մենք կփորձենք այլ գործիքներով, այլ օրենքներում զուգահեռ փոփոխություններով եւ ինչու չէ հենց այս օրենքում լրացումների  միջոցով հասնել այն խնդրի լուծմանը, որը մեր առջեւ առկա է»:

 

Անդրադառնալով պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին, Նաիրա Զոհրաբյանը նշում է.

«Ես մշտապես դեմ եմ եղել այդ սկզբունքին, ես չեմ հասկանում, օրինակ , համամասնական  ցուցակներում արհեստական քվոտաների սահմանումը, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում, որ յուրաքանչյուր վեցնյակում պետք է լինի մեկ կին, իսկ եթե, ասենք տվյալ կուսակցության մեջ շատ ավելին են կին պրոֆեսիոնալները կամ ուղղակիորեն պակաս են: Արհեստականորեն բերել լրացնել եւ խորհրդարանը համալրել ոչ պրոֆեսիոնալ կանանցով, ինձ համար անհասկանալի է»:

 

Այս կապակցությամբ նա  բերում է Ռուանդայի օրինակը` նշելով, որ երբ Արեւմուտնքն զբաղվում էր այսպես ասած Ռուանդայի «’վերադաստիարակման” գործով,  էքսպերիմենտ արվել եւ երկրի օրենսդրությամբ սահմանվել, որ խորհրդարանում քառասունհինգ տոկոսը պետք է կանայք լինեն:

 

«Հենց էդպես էլ կա` քառասունհինգ տոկոսը անգրագետ կանայք են, որոնք անգամ տառաճանաչ չեն: Դա տվե՞ց խնդրին լուծում: Իհարկե` ոչ: Կանայք են, նստած են խորհրդարանում , որոնք ոչինչ չեն հասկանում, բայց ես կրկնում եմ, եթե պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը բերելու է նրան, որ մեր ազգային մենթալիտետի մեջ կանանց հանդեպ վերաբերմունքը փոփոխության ենթարկվի, ես դրան կողմնակից եմ»:

 

Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ խորհրդարանում, երբ իր հայտարարության մեջ քննադատում էր պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը, իրեն մեղադրեցին, թե չի ցանկանում, որ քվոտավորում լինի:

 

«Այո, ես չեմ ցանկանում, որ քվոտավորում լինի, դա նվաստացուցիչ է: Ես չեմ ցանկանում, որ կինը քվոտավորված ներկայացված լինի համայնքներում կամ խորհրդարանում: Իմ կարծիքով, թե համայնքներում, թե խորհրդարանում, թե հասարակական սեկտորում  պետք է հաղթի լավագույնը` կլինի կին, թե  տղամարդ, էական չէ: Բայց, այսուհանդերձ,  եթե քվոտավորումը ինչ-որ մի սկզբնական հենք է, որը փոփոխություն կբերի մեր մտածելակերպում, ես դրան էլ եմ համաձայն»:

 

Պատգամավորի  համամոզմամբ, նախ եւ առաջ կնոջն ու տղամարդում պետք է հավասար ընկալել,  պետք է մեր մտածելակերպում հաստատել, որ կինը որեւէ ոլորտում որեւէ առումով պակաս չէ տղամարդուց, իսկ զուտ արհեստական քվոտավորումը, նրա կարծիքով, շատ դեպքերում պարզապես հարվածում է պրոֆեսիոնալիզմին եւ անգամ զավեշտի առարկա դարձնում այս կամ այն ոլորտում հայտնված ոչ պրոֆեսիոնալ կանանց:

 

Խոսելով օրենքում գործուն մեխանիզմների բացակայության եւ այն հարցի մասին, թե ինչո՞ւ դրանք չներառվեցին նախագծում, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Կառավարության տեսակետն այն է, որ սա քաղաքական դեկլարացիա է կնոջ եւ տղամարդկանց  հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին, իսկ արդեն գործուն մեխանիզմները մենք կփորձենք տարբեր օրենքներում ապահովել: Միգուցե այստեղ ինչ-որ տրամաբանություն կա: Սրա հետ կարելի է համաձայնել կամ` ոչ,  եւ պնդել, որ հենց այս օրենքը պետք է ներառեր նաեւ գործուն մեխանիզմները, բայց կրկնում եմ, կարեւոր քայլն արված է եւ սա ԵՄ կողմից մեզ առաջադրված կարեւորագույն պահանջներից մեկն է, որը մենք պետք է դեռ շատ վաղուց իրագործեինք, բայց իհարկե, ուշացել ենք»:

 

Նա  հույս ունի,  որ մենք կկարողանանք ոչ միայն գործուն մեխանիզմների միջոցով, այլ առաջին հերթին մեր գիտակցության մեջ  «կոտրել տաբուները» :

 

Ինչ վերաբերվում է դիտարկմանը, թե հենց եվրոպական պահանջ լինելով չէ՞ արդյոք պայմանավորված օրենքի ընդունումը եւ արդյո՞ք մտավախություն չկա, որ այս քայլը կմնա զուտ եվրոպական չափորոշիչներին համապատասխանելուն ուղղված քայլ միայն թղթի վրա, տիկին Զոհրաբյանը կարծում է.

 

«Իհարկե, այդ մտավախությունը կա, որովհետեւ խնդիրը պարբերաբար մեր առջեւ բարձրանում էր միջազգային կառույցներում, բայց ամեն դեպքում լավ, թե վատ կարեւոր քայլն արված է եւ դրա հիման վրա մենք պետք է փորձենք կառուցել եւ աշխատեցնել այն մեխանիզմները, որոնք իրականում թույլ կտան, որ այդ օրենքը գործի, իսկ ամենամեծ հեղափոխությունը մենք պետք է կատարենք մեր մտքում»:

 

Մարիաննա Ղահրամանյան

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

 

 

 

Դիտումների քանակը` 3939

Գլխավոր էջ