«Կնոջ կերպարը հայ մամուլում»

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն  ներկայացրեցին

«Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները : 

Արդյունքները ցույց տվեցին, որ թեև հրապարակումների հեղինակների 67%-ը կանայք են, հայկական լրատվամիջոցներում ներկայացված անձանց 86%-ը տղամարդիկ են, և ողջ տեղեկատվական հոսքի միայն 10%-ն է հատկացված կանանց:

  • 76 %-ը այն մարդկանց, ում մասին լսում կամ կարդում են աշխարհի նորություններում տղամարդիկ են / GMMP 2010 տվյալներով
  • 86%-ը այն մարդկանց, ում մասին կարդում են հայկական լրատվամիջոցներում տղամարդիկ են/ սույն հետազոտության տվյալներով

2011 թ. դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) և «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը, 2011 թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում, ներկայացրեցին «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները:

 

Ներկայացման բանախոսներն էին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանը և միևնույն կազմակերպության փորձագետ Լիլիթ Զաքարյանը, ինչպես նաև ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի համակարգող Ջինա Սարգիզովան:
Ինչպես նշեցին բանախոսները, հետազոտությունն իրականացրել էր «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԲՀ-ի աջակցությամբ: Այն նպատակ ուներ ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով:

 

Հետազոտության տևողությունը երեք ամիս էր` 2011 թ. մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը: Ուսումնասիրվել էր վեց պարբերականի` երեք թերթի և երեք լրատվական գործակալության («Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Ազգ» օրաթերթեր և «News.am», «Ա1+», «Պանորամա» լրատվական կայքեր) շուրջ  30,000 հրապարակում: Ընտրանքի հարցում որոշիչ դեր է խաղացել նախորդ հետազոտությունների շարունակականությունը ապահովելու սկզբունքը:

 

 

Ի՞նչ է պարզվել հետազոտության ընթացքում.

 

  • Լրատվամիջոցներում ներկայացված անձանց 86%-ը տղամարդիկ են:
  • Ողջ տեղեկատվական հոսքի միայն 10%-ն է հատկացված կանանց:
  • Տղամարդկանց լուսանկարների թիվը 6 անգամ ավելի է, քան կանանց:
  • Նյուսմեյքերները և «արտոնյալ խոսնակները» հիմնականում տղամարդիկ են՝ կանանց համեմատ 6:1 հարաբերակցությամբ:
  • Փորձագիտական կարծիքը նույնպես պատկանում է տղամարդկանց՝ 8 տղամարդ-փորձագետ և միայն 1 կին-փորձագետ հարաբերակցությամբ:
  • Գենդերային անհավասարությունն ինտերնետում ավելի վառ է արտահայտված, քան տպագիր մամուլում:

Դրա հետ մեկտեղ.
ԶԼՄ-ներում ներկայացվող տղամարդկանց աշխարհը կառուցվում է կանանց ձեռքերով՝
հրապարակումների հեղինակների 67%-ը կանայք են:


 

Հետազոտված ժամանահատվածում առավել հիշատակվող կանանց

առաջին տասնյակում են.

 

Զարուհի Փոստանջյանը, Մարի Յովանովիչը, Հրանուշ Հակոբյանը, Անահիտ Բախշյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էմմին, Հասմիկ Պողոսյանը, Հիլարի Քլինթոնը, Նինո Բուրջանաձեն, Լիլիթ Մկրտչյանը.

 

երկրորդ տասնյակում են.

 

Միշելին Քալմի-Ռեյը, Էլինա Դանիելյանը, Լարիսա Ալավերդյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, Նազիկ Ավդալյանը, Կարինե Ղազինյանը, Սիրուշոն, Քերոլայն Քոքսը, Կարինե Դանիելյանը:

 

***

Կանանց վերաբերող հրապարակումների թվի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել ոչ այնքան «կանանց միամսյակը», որքան կանանց մասնակցությամբ տեղեկատվական
առիթների առկայությունը:

 

***

Կանանց վերաբերող հրապարակումների 11%-ում կանայք հանդես են գալիս զոհի կարգավիճակով, այդ թվում կեսից ավելի դեպքերում նրանք դժբախտ պատահարի զոհ են, 19 %-ի դեպքում՝ ընտանեկան բռնության և 12%-ի – հասարակական վայրում բռնության զոհ են:

 

 

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ

 

 

 

Դիտումների քանակը` 4620

Գլխավոր էջ