Կինն ուժեղ էակ է, դրա համար էլ ուզում էի աղջիկ ունենալ…»
Կյանքն առանց տղամարդկանց.
մեկ հարկի տակ 4 սերնդի կին է ապրում
Այս ընտանիքի մասին գրելիս հնարավոր չէ գործածել «Սիմոնյանների ընտանիքը», «Գրիգորյանների ընտանիքը» կամ «Սահակյանների ընտանիքը» արտահայտությունները, քանի որ այստեղ ապրող կանանց ազգանունները տարբեր են, ճակատագիրը՝ նույնը: Բացառություն կարող է կազմել ընտանիքի կրտսերը՝ 2-ամյա Սոֆիան, ում ապագան դեռ հայտնի չէ, սակայն նրա երիտասարդ մայրը վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է, որ իր դուստրն անհոգ ու ազատ կյանքով ապրի:
Մի հարկի տակ ապրում են տան տատիկը՝ 65-ամյա Լիդան, նրա դուստրը՝ 46-ամյա Նարինեն, թոռնիկը՝ 27-ամյա Սաթենիկը եւ ծոռնիկը՝ փոքրիկ Սոֆիան: Երիտասարդ տարիքում միայնակ մայրիկի կարգավիճակում հայտնված Սաթենիկը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են կանայք կազմակերպում իրենց կյանքն առանց տղամարդկանց:
«Կարելի է ասել, ես եմ վերցրել ինձ վրա տան տղամարդու դերը, թեեւ ատում եմ «տղամարդ-կին» արտահայտությունը եւ աշխատում եմ ոչ մի պարագայում կանացիությունս չկորցնել: Մեզ բոլորիս հիմա միավորում է տան փոքրիկի՝ Սոֆիայի հանդեպ ունեցած սերը, բոլորս նրանք են նվիրել մեր կյանքը, աշխատում ենք նրան ապահովել ամեն ինչով, որպեսզի երեխան սիրո եւ ուշադրության կարիք չզգա»:
Սաթենիկը վաղուց է կորցրել պապիկին, հայրը վերջերս է մահացել, միակ եղբայրը մեկնել է Ռուսաստան՝ աշխատանք փնտրելու, իսկ ամուսնուց բաժանվել է սեփական կամքով: Այսպիսով տանը մնացել են միայն իգական սեռի ներկայացուցիչները: «Ներկայումս տատիկս ու մայրս զբաղվում են տնային տնտեսությամբ, երեխայիս են պահում, ես էլ փող եմ վաստակում»,- ասում է Սաթենիկը:
Երիտասարդ ու եռանդուն կինը նշում է, որ առանց տղամարդու աջակցության շատ դժվար է, սակայն անհնարին ոչինչ չկա. հանուն իր փոքրիկի բարեկեցության Սաթենիկն ամսեկան 3-4 հաստիքով է աշխատում: «Նախկին ամուսինս չի էլ փորձում որեւէ նյութական աջակցություն ցուցաբերել, ես էլ երբեք նրանից ոչինչ չեմ խնդրում, ամեն ինչի փորձում եմ իմ ուժերով հասնել»,- ասում է աշխատասեր մայրիկը:
Նա նշում է, որ ամուսնանալու որոշում կայացնելիս շտապել է, քանի որ ընտանիքը ճնշում է գործադրել իր վրա. «Հայ ծնողները սովորաբար անհանգստանում են, երբ իրենց աղջիկը չի շտապում ամուսնանալ, հատկապես 22-23 տարեկանից հետո աղջկա վրա ճնշումն ավելանում է, սկսում են ակտիվորեն փեսացու փնտրել նրա համար: Յուրաքանչյուր աղջիկ էլ ուզում է ամուսնանալ, բայց դա պետք է միայն իր որոշումը լինի, ոչ թե ընտանիքի կողմից պարտադրվի նրան»,- համոզված է Սաթենիկը:
Երկրորդ անգամ ամուսնանալու ցանկություն երբեք չի ունեցել, դրա համար նա պատճառներ ունի. «Նախ չեմ ցանկանում, որ աղջիկս խորթ հոր հետ մեծանա եւ բացի այդ, անկեղծ ասած ես զզված եմ թույլ ու անինքնուրույն տղամարդկանցից: Ես շատ էի ուզում, որ երեխաս աղջիկ լինի, ճիշտ է, հայկական ընտանիքներում աղջիկները ճնշված են մեծանում, ես դա սեփական օրինակով գիտեմ, բայց ես երբեք չեմ ճնշի իմ աղջկան: Կինն ուժեղ էակ է, ես հիանում եմ կանանցով, դրա համար էլ ուզում էի աղջիկ ունենալ…»:
Սաթենիկը խոստովանում է, որ յուրաքանչյուր ուժեղ կին էլ ցանկանում է իր կողքին ուժեղ տղամարդ ունենալ. «Կինը նպատակասլաց է, դիմանում է ցավին եւ ամենատարբեր դժվարություններին, բայց նաեւ այնպիսի տղամարդու կարիք ունի, որ կարողանա գլուխը հենել նրա ուսին, ցավոք, նման «ուսեր» քիչ են հանդիպում…»:
Միայնակ մայրիկը կարծում եմ, որ տղամարդկանց բացակայությունը չպետք է մոռացնել տա իրենց սեռը: Առաջիկա կանանց տոնի կապակցությամբ Սաթենիկը ցանկանում է խնջույք կազմակերպել իր եւ իր ընտանիքի մյուս կանանց համար. «Փորձում եմ այնպես անել, որպեզսի մեզանից ոչ մեկը չմոռանա, որ ինքը կին է: Մարտի 8-ին կանանցով կհավաքվենք մեր տոնը նշելու…»:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 4330