«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»

Հունվարի 19-ին   Ազգային ժողովում  պատգամավորների, կառավարության անդամների, մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպությունների ու  մի շարք միջազգային կառույցների  ներկայացուցիչների` ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Տրայան Հրիստեայի և այլոց մասնակցությամբ  տեղի ունեցան  խորհրդարանական լսումներ` «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրինագծի վերաբերյալ:  

 

 

Այն , ինչպես հայտնի է, արդեն իսկ քննարկվել էր  առաջին ընթերցմամբ  անցյալ տարվա դեկտեմբեր ամսին, սակայն, քանի որ նախագծի շուրջ տարակարծությունները շատ էին, մարդու իրավունքների պաշտպանության և   եվրոպական ինտեգրման հարցերի  մշտական  հանձնաժողովների նախաձեռնությամբ   որոշվեց  խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հասարակական կազմակերպությունների  նկատառումները և առաջարկները ստանալու ակնկալիքով:  Լսումների կազմակերպմանը  աջակցություն ցուցաբերեց  ՀՀ-ում Եվրոպական միության խորհրդատվական խումբը:

 

 

Լսումներին բացման խոսքով հանդես եկավ  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, որը   կարևորեց օրենքը և նշեց, որ դրա ընդունումն ունի քաղաքական, իրավական, պատմական ու անգամ ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ  հիմնավորումներ:

 

 

«Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում, նրանք շատ գրագետ են,  շատ գեղեցիկ, և  չօգտագործել այդ հզորությունն ու հնարավորությունը՝ շռայլություն կլինի: Պետք է փորձենք գտնել այնպիսի մոտեցումներ, որ գենդերային իրավահավասարությունը գործուն մեխանիզմ դառնա: Խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ և  օրենքներով հավասար  իրավունքները տրված են, բայց կիրառման համար գործուն մեխանիզմներ չկան: Այս օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա»,  – ասեց  նա:

 

 

Աժ նախագահը բավականին լայն պատմական էքսկուրս կատարեց՝ նշելով, որ կանանց և  տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին, այն կազմում է մեր մշակույթի բաղկացուցիչ մասը:

 

 

Հայ կինը միշտ եղել է  հայ տղամարդու կողքին և  դրա վառ  վկայությունն են հայ իրավունքի հուշարձանները: Նրա հիմնավորմամբ՝  սկսած 4-րդ դարի կեսերից` Աշտիշատի կանոններում, Շահապիվանի կանոններում, Դավիթ Ալավկաորդու կանոններում, Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքում, Կոստանդնապոլսի Ազգային Սահմանադրությունում(1863թ.) խոսվել է կանանց և  տղամարդկանց իրավահավասարության մասին:

 

 

«Մասնավորապես, Մխիթար Գոշի «Հայոց դատաստանագրքում», դեռև ս  12-րդ դարում, խոսվում է կանանց գույքային իրավունքների, պատվի և  արժանապատվության ճանաչման և  հարգման, կնոջ ամուսնության իրավունքի, ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, և  այլ իրավունքների մասին»,  – նշեց Նիկոյանը:

 

 

Իսկ այսօրվա ըմբռնմամբ, ըստ բանախոսի, կանանց և  տղամարդկանց իրավահավասարության ընկալումը ուղղակիորեն տրված է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառացում», որը գրվել է 1773թ. և  ըստ որի կանայք ու տղամարդիկ իրավահավասար են անկախ սեռից, քաղաքացիությունից, և  մեկը մյուսի վրա իշխելու իրավունք չունեն:

 

 

Աժ նախագահն անդրադարձավ նաև  Կոստանդնապոլսի Ազգային Սահմանադրությանը, որի  ներածության մեջ ուղղակիորեն են նշվում  կանանց մի շարք իրավունքներ` տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալու, սոցիալական ապահովության և  այլն: Ըստ այս Սահմանադրության` կանայք, չունենալով քվեարկության իրավունք , ակտիվորեն մասնակցել են Ազգային Ժողովի աշխատանքներին` իրականացնելով սոցիալական, կրթական բարեգործական, առողջապահական մի շարք ծրագրեր:

 

 

Եվ վերջապես, Նիկոյանը  վկայակոչեց նաև  մեր առաջին հանրապետության տարիները, երբ կանայք ունեցել են ընտրելու և  ընտրվելու իրավունք: Նրա  բնորոշմամբ` սա նշանակում է, որ հայ քաղաքական միտքը դարերի  ընթացքում տվել է արժեքներ ողջ քաղաքակրթությանը և  այսօր այդ արժեքները համամարդկային քաղաքակրթությունը վերադարձնում է:

 

 

«Մենք դա պետք է ընկալենք  հենց այդպես և  ընդունենք, որովհետև  դա մեր  մոռացված հինն է»,-ասաց ԱԺ նախագահը:

 

 

Խորհրդարանական լսումներին ելույթներով հանդես եկան նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ԱԺ-ում օրինագծի գլխադասային հանձնաժողովների ղեկավարներ՝  Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, այլ պատգամավորներ և հանրապետության կանանց կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:

 

Հիմնական զեկուցողները երեքն էին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, « Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը,  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

 

 

Ակնկալվում է, որ գարնանային նստաշրջանի բացման առաջին իսկ օրը՝ փետրվարի 6-ին,  օրինագիծը քվեարկության է դրվելու առաջին ընթերցմամբ, այնուհետև  մինչև երկրորդ ընթերցում   լրամշակվելու  է՝ շահագրգիո կազմակերպություններից ստացված առաջարկները հաշվի առնելով:

 

 

Հ.Գ. Լսումների ուշագրավ դրվագներին կանդրադառնանք հաջորդիվ:

Դիտումների քանակը` 6738

Գլխավոր էջ