«Կանանց օրակարգը» քննարկվել է նախագահի թեկնածուներ` Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան» եւ գործընկեր հասարակական կազմակերպությունները վերջին երկու օրվա ընթացքում հանդիպել են նախագահի երկու թեկնածուների` «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանին եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

 

 

WomenNet.am-ի հետ զրույցում «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի»  նախագահ Ջեմմա Հասրաթյանն ասաց, որ ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ ասոցիացիան մշակել է «կանանց օրակարգ»: Տիկին Հասրաթյանի հավաստիացմամբ` օրակարգը մշակվել է ամենաժողովրդավար ճանապարհով:  Փաստաթուղթն նախ ուղարկել են մարզերում գործող ասոցիացիայի մասնաճյուղերի անդամներին եւ համագործակցող հասարակական կազմակերպություններին, որպեսզի դրույթները քննարկվեն, բացթողումները լրացվեն եւ կամզվի վերջնական տարբերակը:

 

«Միայն ընդհանուր համաձայնություն ստանալուց հետո` օրակարգը հրապարակվել եւ ուղարկվել է  նախագահի թեկնածուներին: Օրակարգում փորձել ենք  ներկայացնել  այն հիմնախնդիրները, որոնք առկա են հասարակությունում, դրանք վերաբերում են սոցիալական ոլորտին, հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց վիճակին, ծնելիության խնդրին, աշխատավայրերում կանանց նկատմամբ խտրականությանը, քաղաքական գործընթացներում  հավասարակշռված մասնակցությանը: Սրանք հիմնախնդիրներ են, որոնք կարող է լուծել միայն քաղաքական կամքի առկայության դեպքում, նախագահի  պաշտոնը զբաղեցնող անձի անմիջական մասնակցությամբ»,  –  ասաց Ջեմմա Հասրաթյանը:

 

 

Նա շեշտում է, որ արդեն կայացած նախագահի երկու թեկնածուների հետ հանդիպումն էլ հետաքրքրական էր, արդյունավետ, բարձրացվել են բազմաթիվ հարցեր ու լսել  թեկնածուի տեսակետն ու մտահոգությունները:

 

Հուզող հարցերի մի մասը «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի»  ներկայացուցիչները գտել են երկու թեկնածուների նախընտրական ծրագրում: «Մեկնաբանության առումով տարբեր են, սակայն մոտեցումը նույնն է եւ դա շատ գովելի»,- ասաց տիկին Հասրաթյանը, հավելելլով, որ  Ասոցիացիային   առավելապես հետաքրքրում է կանանց զբաղվածության, արտագաղթի կանխարգելման հետ կապված լուծումները:

 

 

«Նույնիսկ արտագնա աշխատանքի ժամանակավոր մեկնող մեր քաղաքացիների  ընտանիքները  լուրջ խնդիրներ ունեն :  Շատանում են  այսպես կոչված  հեռահար ընտանիքները, երբ մայրը երեխաների հետ Հայաստանում է, հայրը` դրսում, տարվա մեջ մեկ անգամ է գալիս: Որպես կանոն նման  ընտանիքները ունեն  ամրության եւ պահպանման հետ կապված խնդիրներ, երեխաները նորմալ դաստիարակություն չեն ստանում, քանի որ    հոր ներկայությունն ու կերպարը շատ կարեւոր է այդ հարցում», – ասաց նա:

 

 

Ինչ վերաբերում է կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված ներգրավվածությանը  կառավարման համակարգում կամ քաղաքական ոլորտում , ապա այս հիմնախնդիրը, Հասրաթյանի խոսքով,   նախագահի պաշտոնին հավակնող  թեկնածուների նախընտրական ծրագրերում չի արատահայտված:

 

 

«Կանանց օրակարգը»  ուղարկել ենք  նախագահի բոլոր թեկնածուներին` ակնկալելով,  որ բոլորն էլ կարձագանքեն եւ կհանդիպեն կանանց  ներկայացուցիչներին», – հույս հայտնեց Ջեմմա  Հասրաթյանը

 

Հ. Հ.  

Դիտումների քանակը` 4033

Գլխավոր էջ