«Կանանց ռեսուրսային կենտրոնը» չստացավ Էթիկայի հանձնաժողովի աջակցությունը
«Կանանց Ռեսուրսային Կենտրոն» հասարակական կազմակերպությունը վերջերս դիմում էր ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովին , ըստ որի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը , ով հանդիսանում է «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ, սատարել է հոլդինգի «Zaruhi.com» ամսագրում և «Իրավունք» թերթում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն: Հարցը քննվել է նաև առաջին ատյանի դատարանում, որը հաստատել էր զրպարտության փաստը: Այժմ հերթը Վերաքննիչ դատարանինն է` կընդունվի այն վարույթ թե ոչ դեռ պարզ չէ, սակայն Էթիկայի հանձնաժողովը իր հերթական նիստում հկ-ի դիմումը մերժեց:
Ըստ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի` ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը էթիկայի կանոնները չի խախտել: Նիկոլ Փաշինյանը դիմումի մերժելը պարզաբանեց այն հանգամանքով, թե հանձնաժողովը «չի կարող քննարկել ինչ-որ հիմնարկի, տվյալ պարագայում լրատվամիջոցի գործունեությունը և որ վարույթի համար անհրաժեշտ է կոնկրետ պատգամավորի վարքը դիտարկել:
Նշենք, որ այս պատմությունը սկիզբ առավ այն պահից, երբ նշված պարբերականներում սկսեցին շրջանառվել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հկ-ի եւ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության կապի մասին չհաստատված լուրերը, ընդ որում հրապարակումները զուրկ չէին «տուն քանդող» և նմանատիպ այլ վիրավորական արտահայտություններից:
«Կանանց ռեսուրսային կենտրոնը» շտապեց հերքել այդ լուրերը և հարցի քննարկումը տեղափոխեց դատարան (ի դեպ, կրոնական կազմակերպությունն էլ իր հերթին): 2012-ի դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի Արաբկիր և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց` «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ին և Ռուսլան Թաթոյանին պարտավորեցնել «ընտանիք քանդող» և «գրանտածիծ» արտահայտությունների միջոցով «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությանը վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել` ներողության տեքստը www.zaruhi.com կայքէջում տեղադրելու միջոցով: Դատարանը որոշեց նաև պատասխանողներից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ հօգուտ հկ-ի որպես փոխհատուցման գումար:
Սակայն այս ամենով խնդիրը չհարթվեց, այլ հակառակը` լրագրող Ռուսլան Թաթոյանը դատարանում դրսևորեց անհարիր պահվածք` նույնիսկ վճռի հրապարակումից հետո հկ-ի ներկայացուցիչներին ուղղված «դուք իրավունք չունեք ոչ միայն հայ կին կոչվելու, այլ նաև ապրելու», «Գնացեք մեռեք» կոչերով:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 3639