«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»/ վիդեո
«Այսօր կուսակցություններում կանանց ներկայացվածությունը զգալի է` 30-60%, սակայն նրանց ազդեցությունը` մինիմալ: Ստեղծվել են կանանց խորհուրդներ, բայց նրանք հիմնականում բարեգործությամբ են զբաղված և ոչ թե կանանց քաղաքականապես հասու դարձնելու, նաև չեն օգնում քաղաքական սոցիալիզացման հարցում: Այսպիսի կարծիք հայտնեց գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանը վերջերս կայացած ԱԺ ընտրություններում կանանց մասնակցության մասին քննարկման ընթացքում: Քննարկումը կազմակերպվել էր Օքսֆամի եւ «Կովկաս» հասարագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ:
– Այսօր կուսակցությունները շատ դեպքերում զսպաշապիկ են դարձել կանանց համար, քանի որ կա կուսակցական դիսցիպլինա, և նույնիսկ եթե նրանց նկատմամբ անարդարության դեպքում նրանք միևնույն է չեն կարողանում իրենց կուսակցության ներսում կոտրել այն: Չեն կարողանում, քանի որ կանանց դիրքերը թույլ են այդ կուսակցություններում, ասում է Լիլիթ Զաքարյանը, հղում կատարելով հարցի վերաբերյալ մի շարք հետազոտությունների վրա:
Ներկայցնելով անցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումները փորձագետն առանձնացրեց մի շարք խնդիրներ: Օրինակ, տարբեր կուսակցությունների անդամների հետ շփումները ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրությունների ընթացքում ցույց տվեցին, որ նրանք շատ դեպքերում տեղեկացված չեն գենդերային հիմնախնդիրներին վերաբերող պետական որոշումներին:
– Անգամ վիճակը չփոխվեց, երբ 2010 թ. ընդունվեց գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը: Շատերը նույնիսկ չգիտեին դրա մասին: Չգիտեին, որ 2011-ին կառավարությունը ռազմավարական ծրագիր է հաստատել այդ ուղղությամբ 2011-2015 թթ համար:
Խոսելով կանանց ՀԿ-ների և կին թեկնածուների համագործակցության մասին` Լիլիթ Զաքարյանը առանձնացրեց մեխանիզմների բացակայության խնդիրը:
– Կին-թեկնածուներից ոմանք ընտրություններից հետո դժգոհություն հայտնեցին, որ կանանց ՀԿ-ները իրենց չեն օգնել ընտրապայքարում, սակայն խնդիրը երևի թե նրանում է, որ նման աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ մեզանում չկան: Գուցե կան առանձին հաջողված կամ չհաջողված օրինակներ , բայց մեխանիզմներ, որոնց շրջանակներում կանանց կազմակերպությունները՝ հավատարիմ մնալով հկ-սեկտորի օրենքով ամրագրված առաքելությանը, կարողանային աջակցել կին պատգամավորության թեկնածուներին դեռևս չկան: Անշուշտ հաջողված օրինակ էր այն, ինչ արվեց «Կինը և քաղաքականությունը» թերթում և Womennet.am կայքում, չէի էլ պատկերացնում, որ ավելին կարելի էր անել՝ կին թեկնածուներին գովազդելու և հասարակության ուշադրությունը կանանց մասնակցության խնդրին հրավիրելու առումով:
Փորձագետը մատնանշեց ևս մեկ խնդիր, դա կանանց կոնսոլիդացիայի պակասն է հայ հասարակությունում:
– Կանանց կոնսոլիդացիան շատ թույլ է, և դրանով է բացատրվում նաև այն, որ չնայած ժուռնալիստիկան ֆեմինիզացված մասնագիտություն է, բայց այս հարցում և’ կանանց ՀԿ-ները և’ կին ժուռնալիստները և’ կուսակցությունների անդամ կանայք չեն կարողանում միմյանց հետ լուրջ համագործակցել:
Պատճառն էլ , իր կարծիքով այն է, որ կանանց հարցը ժամանակին բարձրացվել է հայ տղամարդկանց կողմից, և ոչ թե հասունացել է ֆեմինիստական շարժման արդյունքում:
– Ի դեպ, հիշենք նաև, որ կանանց հարցը բարձրացվեց է 19-րդ դարի 2-րդ կեսին մի նպատակով` հայ հասարակությունը դուրս բերել այն իրավիճակից, որում նա գտնվում էր: Եվ ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ առանց կանանց մասնակցության չի կարող լինել ժողովրդավարություն: Այսօր էլ կանայք պետք են` երկիրը և քաղաքականությունը փոխելու համար…
Լիլիթ Քոչինյան
Կարդացեք նաև քննարկման այլ մանրամասներ մեր կայքում.
Լիլիթ Գալստյան. «Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:
Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…
Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում
Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից
Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»/վիդեո
Դիտումների քանակը` 4742