«Կանանց ակտիվացմամբ մեր երկիրը եթե չշահի էլ, ապա հաստատ չի տուժի»…

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Նատալյա Մարտիրոսյանը առաջարկ է ստացել Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ ընդգրկվել դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում եւ համաձայնել է: Պատգամավորության թեկնածուն իր քաղաքական կարիերան սկսել է շատ տարիներ առաջ, դեռեւս 90-ականների սկզբին՝ ընտրվելով Երեւանի քաղխորհրդի պատգամավոր: «Դեռ 88-ից ակտիվ մասնակցել եմ բոլոր հասարակական եւ քաղաքական գործընթացներին, այնպես որ քաղաքականությունն ինձ համար խորթ չէ»,- ասում է Նատայլան:

 

Որպես իրավաշտպան  Նատալյա Մարտիրոսյանը իհարկե հետաքրքրված է նաեւ  Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներով, որի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը: Առավել եւս, որ նա ժամանակին Կանանց համահայկական միության փոխնախագահ է եղել, բացի այդ երկար տարիներ զբաղվում է Հարավային Կովկասում խաղաղասիրական գործընթացներում  կանանց ներգրավման հարցերով:

 

«Հիմնական խնդիրն այն է, որ մեր հասարակությունը միտում ունի դեպի ցանկացած ձեւի խտրականություն: Օրինակ, կա արտահայտված խտրականություն տարիքի կտրվածքով՝ կամ դու դեռ փոքր ես, կամ մեծ ես, սոցիալական առումով՝ եթե դու մեծահարուստ չես, ուրեմն դու ոչինչ ես: Նույնպիսի խտրականության են ենթարկվում կանայք: Երբ մենք ասում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի հիմնական թեզը մենաշնորհների դեմ պայքարն է, նկատի ունենք ոչ միայն տնտեսական մենաշնորհները, այլեւ քաղաքական, սոցիալական եւ այլ մենաշնորհներ: Կարծես թե մեզանում իշխանությունը  տղամարդկանց մենաշնորհն է: Բայց չէ որ մենք հավասար իրավունքներ ունենք, մեր Սահմանադրության եւ օրենսդրության մեջ դա ամրագրված է, սակայն մենք պետք է ունենանք նաեւ հավասար հնարավորություններ»,- նշում է պատգամավորության թեկնածուն:

 

Նատալյա Մարտիրոսյանի խոսքով՝ հաճախ կանայք իրենք են արգելակում իրենց առաջխաղացումը, որոշակի հաջողության հասնելուց հետո կանգ են առնում: «Շատ կարեւոր է, որ կանայք կարողանան համախոհներ գտնեն տղամարդկանց շրջանում, եթե տղամարդիկ ճիշտ ընկալեն խնդիրը, իրենք էլ կբարձրացնեն գենդերային հարցերը»:

 

Նատալյան կարծում է, որ կանայք նախ պետք է իրենց քաղաքական ուղին հարթեն կուսակցության ներսում, ապա եւ պետական համակարգերում: «Կուսակցություններ կան, որոնց ցուցակում ներկայացված են 60 տոկոս կանայք, բայց արդյո՞ք որոշում կայանցող մարմնում կան համապատասխան թվով կանայք»,- Նատալյայի այս դիտարկումից հետո հարց առաջացավ Հայ ազգային կոնգրեսում կանանց դերակատարման վերաբերյալ:

 

Հանրահավաքների ժամանակ մենք ականատես ենք լինում շատ ավելի մեծ թվով եւ առավել ակտիվ կանանց, բայց հարթակում կանայք գրեթե չկան: Փաստորեն, նույն խնդիրը եւ Կոնգրեսում կա՞:

 

«Չեմ կարծում, որ Կոնգրեսը հատուկ բացառություն է կազմում: Կոնգրեսը դաշինք է, որի կազմում մենք ունենք երկու քաղաքական միավոր, որոնց ղեկավարները կանայք են՝ Լյուդմիլա Սարգսյանն ու Զոյա Թադեւոսյանը: Ցավոք սրտի, ես ուրիշ քաղաքական ուժեր չգիտեմ (կանանց կուսակցությունների մասին չէ խոսքը), որոնք ղեկավարվում են կանանց կողմից: Ճիշտ եք նկատել, կանայք միշտ եղել են առաջին գծում եւ պետք է նաեւ համապատասխան տեղ զբաղեցնեն որոշում կայանցող մարմնում»,- ասաց Նատալյա Մարտիրոսյանը:

 

«Գենդերային հավասարությունն ապահովելու համար ինչպիսի՞ փոփոխություններ կարող եք անել Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում»,- պատասխանելով մեր այս հարցին, թեկնածուն նշեց. «Այնպես է ստացվել, որ գենդերային հարցերին անմիջապես առնչվող օրինագիծը («Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» – խմբ.)  առաջին ընթերցումն անցել է եւ նրա ընդունման   հետագա ընթացակարգը նոր գումարման ԱԺ-ին է փոխանցվել:  Գուցե հնարավոր կլինի մեր նոր խորհրդարանի շրջանակներում մի քիչ ավելի առարկայական դարձնել այս օրենքը: Որքանով որ ես եմ ծանոթ, օրինագիծը, որ քննարկվում էր առաջին ընթերցմամբ, բավականին դեկլարատիվ բնույթ էր կրում, իրագործման եւ վերահսկման մեխանիզմները հստակ չեն»:

 

Նատալյա Մարտիրոսյանն այս ոլորտում, այնուամենայնիվ, առաջընթաց նկատել է. «Մեր կանայք դարձել են ավելի գիտակից, սոցիալապես առավել ակտիվ եւ այլեւս հույս չեն կապում, որ իրենց հայրերը կամ ամուսինները պետք է լուծեն իրենց խնդիրները: Մինչդեռ տարիներ առաջ երբ կարդում էին «գենդեր» բառը, մարդիկ չէին հասկանում, կարծում էին, թե «տենդեր» բառն են տառասխալով գրել»:

 

Պատգամավորի թեկնածուն վստահ է, որ կանանց դերի ակտիվացմամբ մեր երկիրը եթե չշահի, ապա հաստատ չի տուժի. «Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած մարդկանց 63 տոկոսը կանայք են: Նրանք պետք է հասարակական պատասխանատվություն ունենան եւ իրենց գիտելիքները ծառայեցնեն այս պետությանը: Իհարկե, կարող են նաեւ տանը մնալ եւ երեխաներին կրթել, բայց եթե մարդ գիտությունների թեկնածու է եւ բավարարվում է միայն երեխաներին կրթելով, ապա նրա պլանկան բավականին ցածր է»:

 

Բոլոր դեպքերում, կանայք պետք է ազատ ընտրության հնարավորություն ունենան՝ լինել տանը, նվիրվել ընտանիքին, թե համատեղել մասնագիտական գործունեությունը եւ տնային աշխատանքը, կարծում է Նատայլա Մարտիրոսյանը, նշելով, որ կանանց ցանկացած որոշումն էլ պետք է խրախուսվի պետության, հասարակության եւ ընտանիքի կողմից:

 

Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 4832

Գլխավոր էջ