«Կանայք հանդուրժում են ընտանեկան բռնությունը ելք չունենալու պատճառով»…

 

WomenNet-ը   զրուցեց  Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական՝ Աննա Սաֆարյանի հետ

… 22-ամյա Նարինե Հակոբյանը (կնոջ անուն-ազգանունը փոխված է)  ամուսնու` Հակոբի հետ ծանոթացել էր, երբ ընդամենը 18 տարեկան էր, իսկ ամիսներ անց ծնվել էր նրանց որդին: Սակայն շատ շուտով Նարինեն հասկացել էր, որ ամուսնու համար իր հետ բնակվելու միակ պատճառը իր կողմից ընտանիքին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն էր, մինչդեռ իր հանդեպ ոչ ամուսնու և ոչ էլ ընտանիքի մյուս անդամների կողմից որևէ հոգատարություն չէր ցուցաբերվում անգամ այն ժամանակ, երբ դեռ հղի էր: Ոչինչ չփոխվեց նաև երեխայի լույս աշխարհ գալուց հետո:  Բնակվում էին իրենց եռամյա որդու, ամուսնու և վերջինիս ծնողների հետ: Նարինեին ստիպում էին աշխատել, պարբերաբար ծեծում և վատ էին վերաբերվում, իսկ երեխային թույլ չէին տալիս անգամ մոր հետ լիարժեք շփվել: Նա նույնիսկ անձնագիր չուներ, քանի որ ամուսնու ընտանիքը իրեն թույլ չէր տալիս հաշվառվել իրենց տան հասցեով: Նարինեն խուսափում էր վերադառնալ իր ծնողների տուն, վախենալով, որ իր պատճառով ծնողները կընկնեն ամոթալի դրության մեջ:  Հայտնվելով անելանելի վիճակում Նարինեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ անգամ չէ, որ բռնության ենթարկված կանայք Պաշտպանի միջամտությամբ ապաստան են գտել Լայթ Հաուս բարեգործական կազմակերպությունում և հնարավորություն ստացել կրկին վերադառնալ իրենց բնականոն կյանքին: Այժմ Նարինեն ևս իր որդու հետ բնակվում է Լայթ Հաուսում, հաճախում մատնահարդարման, համակարգչային և կարուձևի ուսուցման դասընթացների, ինչպես նաև հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն:   Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկելու է նաև բոլոր հնարավոր միջոցները կնոջ անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու համար…

 

Սա ընդամենը մեկ դեպք է  Պաշտպանի գրասենյակի  պրակտիկայից,  ցավոք ոչ եզակին:  Ինչպես WomenNet-ի  հետ զրույցում նշեց Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը, Պաշտպանին հասեագրված դիմումների թիվն աճել է, ինչը պայմանավորված է նաև ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմամբ: «Մենք իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագիր էինք իրականացնում Երևանում և երկու մարզերում` Լոռիում և Շիրակում»,-  տեղեկացրեց   նա:

 

 

Ա.Սաֆարյանի խոսքով`Պաշտպանին դիմած կանայք ընտանիքում բռնության են ենթարկվել հիմնականում ամուսիների կամ սկեսուրների կողմից: Ըստ նրա` այդ դեպքերի մեծ մասի լուծումը դուրս է եղել Պաշտպանի լիազորությունների շրջանակից, սակայն իրենք աշխատել են ոչ մի դիմում անպատասխան չթողնել:

 

 

«Մեր խնդիրն է  պետական մարմիններում արձանագրվող խախտումների բացահայտումն ու կանխարգելումն է: Ըստ այդմ` խախտումներ են արձանագրվել ոստիկանության համակարգում, երբ բռնության ենթարկված  կնոջը  ոստիկանությունում պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերել: Եղել են նաև դեպքեր, երբ ոստիկանությունում  ընդհանրապես հրաժարվել են հաղորդագրություն վերցնել բռնության հետ կապված: Նման դեպքեր հիմնականում մարզերում են արձանագրվում: Այնտեղ բոլորն իրար ճանաչում են և, մեկը մյուսի հետ համաձայնության գալով, փորձում են կնոջը համոզել հետ վերցնել դիմումը: Եղել են դեպքեր, երբ մենք ենք կնոջն ուղեկցել ոստիկանության բաժին հաղորդում տալու համար, քանի որ վերջինս վախենում էր»,-ասաց Սաֆարյանը:

 

 

Բացի ընտանեկան բռնության դեպքերից, կանայք Պաշտպանի գրասենյակ են դիմում նաև աշխատանքային իրավունքների խախտման համար:  «Զրկել են աշխատանքից, իմանալով որ հղի է, դեկրետից հետո չեն կարողացել վերադառնալ աշխատանքի և այլն»,-նշեց Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդականը: Ըստ նրա`պետական իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ են լուրջ քայլեր բռնության զոհերի պաշտպանության, բռնության կանխարգելման համար:

 

 

Նրա խոսքերով` Հայաստանում կանայք ավելի խոցելի են իրավունքների պաշտպանության հնարավորությունների առումով: Խնդիր ունենք  պետական իրավասու մարմինների կողմից ճիշտ արձագանքման, աշխատանքի կազմակերպման, օրենսդրական կարգավորման հետ:

 

 

«Շատ կարևոր է կնոջ համար պաշտպանված լինելու պայմանների ստեղծումը: Այսօր ընտանեկան բռնությունների պատճառներից է, երբ կանայք փորձում են այն ամենը պարզապես հանդուրժել, քանի որ իրենք կախվածության մեջ են ամուսնուց, չեն աշխատում, տեղ չունեն գնալու, կացարաններ չկան, կնոջը աջակցելու համար վերականգնողական պետական ծրագրեր չկան… Նման դեպքերում ստիպված հանդուրժում են:  Մեկ անգամ մեզ մոտ էր եկել մի կին` ծեծված, տնային հագուստով, նորածին երկու ամսական երեխան գրկին: Մարզից եկել էր մեր գրասենյակ ու տեղ չուներ գնալու, մենք էլ չգիտեինք ինչ անեինք: Նա վախենում էր ոստիկանություն դիմել, տուն չէր կարող գնալ, բարեկամներ չուներ, որոնց օգնությանը կարող էր դիմել: Հասարակական կազմակերպությունների միջոցով կարողացանք գոնե ժամանակավոր կացարան գտնել նրա համար: Աշխատանքներ տարվեցին նրա, ընտանիքի անդամների, ամուսնու հետ…»-նշեց  նա:

 

 

Այս առումով, Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդականը կարևորեց  «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը: Ըստ նրա` օրինագծով սահմանված կոնկրետ, հստակ միջոցները, մեխանիզմներ, որոնք կնպաստեն ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելմանը, բռնության ենթարկվածին համապատասխան անհրաժեշտ աջակցության տրամադրմանը: Ա. Սաֆարյանը նկատեց, որ բռնության ենթարկված և ոստիկանություն դիմած կանանք հիմանականում հետ են վերցնում դիմումները, քանի որ իրավիճակից ազատվելու ելք չունեն: «Նրանցից շատերը, եթե մնալու տեղ, աշխատանք ունենան, դիմումները հետ չեն վերցնի»,-  համոզված է մեր զրուցակիցը:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 4249

Գլխավոր էջ