«Կանայք կոտրում են կարծրատիպերը»…

«Մեր երկրում այսօր կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն իրականություն է միայն թղթի վրա: Կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքն ամեն տեղ է՝ ընտանիքից մինչև աշխատավայր», – այսպիսի  կարծիք  ունեն   մայիսի 19-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացած «Կանայք կոտրում են կարծրատիպերը»  խորագրով համաժողովի կազմակերպիչները՝ ի դեմս  «Հայ առաջադեմ երիտասարդություն» եւ «AIESEC in Armenia» ՀԿ-ների:     Թեմային է  անդրադառնում   Aravot.am  -ը, նշելով, որ համաժողովի նպատակն էր՝ ներգրավել երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին կանանց աշխատանքային իրավունքի վերաբերյալ հանրային քննարկումներին՝ բացահայտելով հասարակական երկխոսության գործիքների կիրառման հնարավորությունները՝ Հայաստանում կանանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի դեմ արդյունավետ պայքարելու համար:

 

«Մեր ծրագրերի հիմքում այն գաղափարն է, որ կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը խթանում է հասարակության առաջընթացը: Կանայք իրենց հավասար մասնակցությունն ու ներդրումը կարող են ունենալ բոլոր ոլորտներում, և Հայաստանի համար մեծ շռայլություն է մարդկային այդ մեծ ռեսուրսի վատնումը: Հիմնական խոչընդոտը, սակայն, ոչ միայն օրենքներում է, այլև՝ հասարակական գիտակցության ու կարծրատիպերի մեջ»,- ասում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Երիցյանը:

 

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը նույնպես մասնակցում էր համաժողովին, իր ելույթում ընդգծեց, որ մեր հասարակության համար կնոջ աշխատանքն ահռելի մեծ նշանակություն ունի. «Այն պետություններում, որտեղ կանայք աշխատում են, տնտեսությունը զարգացած է»: Ըստ նրա՝ կանանց ներգրավվածությունն առավել անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացներում. «Մեր ներքին օղակներում կանայք պատրաստված ու մրցունակ են, բայց վերին՝ որոշումներ կայացնող օղակներում, ցավոք, նրանք դեռևս լիարժեք ներգրավված չեն: Եթե տղամարդկանց հետ հավասար ներգրավված լինեին, դա լավագույնը կլիներ, բայց անգամ 30%-ով ներգրավվածության դեպքում բոլոր որոշումներն ավելի արդյունավետ կլինեին»,- նշեց Զ. Փոստանջյանը:

 

«Կանայք մեր երկրի բնակչության 50%-ից ավելին են կազմում, բայց նրանց պոտենցիալը չի օգտագործվում,- շարունակեց ՕՔՍՖԱՄ  հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիլիթ Չիթչյանը.- նրանք նստած են տանը, չեն աշխատում: Բայց երբ տեսնում ենք՝ մեր բուհերում ինչքան աղջիկներ են սովորում, ուղղակի զարմանում ենք՝ ինչի՞ համար են աղջիկները բարձրագույն կրթություն ստանում՝ օժի՞տ են տանում դիպլոմը, գնում են այնպիսի ընտանիքներ, որտեղ նրանց արգելո՞ւմ են աշխատել կամ որտեղ ասում են՝ քո աշխատած փողը մեզ պետք չէ, դու էրեխեքի՞ն լավ պահիր…»: Նրա համոզմամբ՝ երբ կինն ու տղամարդը հավասարապես աշխատում են, դրանից ընտանիքը միայն շահում է. «Ընտանիքի բեռը չի ընկնում մի մարդու ուսերին: Ոչ մի տղա չպետք է իր վրա կրի այն կարծրատիպը, որ ինքն է տուն փող բերողը: Դրանով ծանր պատասխանատվություն է դրվում նրա վրա: Ստացվում է, որ կինը նստում ասում է՝ ես էրեխեքին կպահեմ, դու գնա տես՝ ինչ ես անում: Տղամարդը վազում է աջ, վազում է ձախ, չգիտի՝ քանի տեղ աշխատի, որ հասցնի և սկսում է ժամանակից շուտ ծերանալ, դիմել արտագնա աշխատանքի, գնալ անօրինական գործարքների և այլն, որովհետև իր վրա է կրում այն բեռը, որ ինքը պիտի փող աշխատի»,- ասաց Լ. Չիթչյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

 

 

 

Դիտումների քանակը` 3987

Գլխավոր էջ