«Ծառի ճյուղերը տակավին նոր են ծլարձակում»…
Բացօթյա ցուցահանդես-վաճառք կին-արտադրողների մասնակցությամբ
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման> ՀԿ-ի աջակցությամբ Երևանում, Կարապի լճի մոտ կազմակերպել էր երեկ կանանց տոնին նվիրված բարեգործական բացօթյա ցուցահանդես-վաճառք:
Լիճը բոլորող տաղավարներում Հայաստանի մարզերից եկած մասնակիցների հետ միասին իրենց կանացի հմտության ու երևակայության արգասիքն էին ցուցադրում նաև սիրիացի և պարսկահայ կանայք: Խայտաբղետ ու գեղեցիկ ձեռագործ սփռոցների, հագուստների, բազմատեսակ զարդարանքների, գյուղական լավաշի, արցախյան ժենգյալով հացի, հայկական լեռնաշխարհի և իրանական անուշաբույր համեմունքների գունագեղ ամբողջությունը տաղավարների շուրջ էր հավաքել մարդկանց, ովքեր դիտում ու գնում էին նախընտրած ուտեստը, համեմունքը, տնական գաթան ու արիշտան: Միջոցառման կազմակերպիչների ոգևորությունն անսպառ էր, քանի որ միջոցառման ողջ հասույթը պետք է տրամադրվեր Հայաստանի մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նման միջոցառումները կարևորում է այն առումով, որ ինչպես Հայաստանի մարզերից ժամանած, այնպես էլ սփյուռքահայ կին-արտադրողները սեփական արտադրանքը վաճառելուց բացի հնարավորություն են ունենում ձեռք բերել նաև պատվիրատուներ: «Նման բարեգործական ծրագրերը մեր գործունեության առանցքն են կազմում, քանզի դրանք խթանում են կանանց գործունեությունն ակտիվացնելու բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը: Այս ցուցահանդես -վաճառքին մասնակցում են շուրջ 50 կին-արտադրողներ, նրանցից շատերը «ՀՀ Կին ձեռներեցների ցանցի» անդամներ են, իսկ ոմանք էլ մասնակցում են առաջին անգամ, հուսանք, որ այդ համագործակցությունը կունենա շարունակություն»,- ասում է Լիլիթ Ասատրյանը:
Շուրջ քսան տեսակի հյութալի ու գայթակղիչ մթերքներով ծանրաբեռնված տաղավարում Գառնի գյուղի գյուղմթերք արտադրող կանայք հետաքրքրասեր գնորդներին առաջարկում են թոնրի գաթան, անարատ մեղրը, չրեղենն ու գինին:
Քիչ հեռվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերը հիանում է հայ կանանց հմուտ մատներով ստեղծած սփռոցներով, գլխարկներով ու շարֆերով: Նրա համոզմամբ հայ կանանյք տաղանդավոր են, նաեւ հիանալի ղեկավարներ են, ինչում համոզվել է դպրոցներ կատարած շրջայցերի ընթացքում: «Եվ համոզված եմ, որ հայ կանայք աստիճանաբար ավելի բարձր դիրքեր են գրավելու և ավելի մեծ ներդրում են ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,-ասաց դեսպանն ու հավելեց, որ իր համար ցուցահանդես-վաճառքի ամենագայթակղիչ ապրանքատեսակը ծիրանի չիրն է:
Ժպտերես Վիկտորիա Շիշոյանը երկու տարի առաջ Հալեպից եկել է Հայաստան և ցանկանում է ձեռնարկել խոհանոցային բիզնես, սակայն, նրա պատկերավոր արտահայտմամբ. «Ծառի ճյուղերը տակավին նոր են ծլարձակում, Հայաստանի հետ մեծ հույսեր եմ կապում»: Վիկտորիան գոհ է իր տարատեսակ համեմունքների ու 15 տեսակի լեբլեբիների վաճառքից:
Իսկ ահա 7 տարի առաջ Հայաստան եկած Էլսիկ Վարդանյանը, ով հաշմանդամ է և ապրում է քրոջ հետ ֆինանսական խնդիրների հաղթահարման նպատակով և անգործությունից «չխենթենալու» համար զբաղվում է հյուսքով: Նրա ստեղծած պայուսակներն ու շարֆերն արվեստի կատարյալ նմուշներ են: Էլսիկն իր արտադրանքի հումքը ստանում է Իրանից, ինչը բավականին թանկ է:
«Իմ աշխատանքերը հայաստանցիների համար թանկ են համարվում, բայց գիտեք որքան աշխատանք է պահանջվում յուրաքանչյուր պայուսակի ստեղծման համար, այն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Նախկինում իմ աշխատանքները վաճառքի համար ուղարկում էի Իրան, սակայն արդեն երկու տարի է, որ այդ հնարավորությունն այլևս չունեմ: Մնում է դրանք իրացնեմ այստեղ»,- ասում է Էլսիկը: Այնուհանդերձ, նրա հյուսած գեղեցիկ պայուսակն իր գնորդն ունեցավ:
Միջոցառման անակնկալը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից խոհարարական շոուն էր, որի ընթացքում վարպետ խոհարարները մասնակիցներին և այցելուներին հրամցնում էին ավանդական ուտեստներ:
Ցուցահանդես-վաճառքը ռոք երաժշտության հնչյունների նվագակցությամբ շարունակվեց մինչ երեկո: Անշուշտ, կին-արտադրողները գոհ մնացին, քանի որ միջոցառման սկիզբն ու ընթացքն շատ խոստումնալի էին:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4801