«Ծաղիկները հաճելի են, բայց մենք նախընտրում ենք հեղափոխությունը…»
«Մարտի 8-ը պայքարո՛ղ, ոչ հարմարվող կնոջ տոնն է, Մարտի 8-ը երթում, այլ ոչ պոդիումի վրա քայլող կնոջ տոնն է, Մարտի 8-ը իր կյանքը կառուցող, այլ ոչ ուրիշի մատուցած բարիքներից օգտվող կնոջ տոնն է,Մարտի 8-ը տղամարդուն՝ անկախ նրա ֆինանսական հնարավորություններից, սիրող, այլ ոչ որպես փողի տոպրակ դիտարկող կնոջ տոնն է, Մարտի 8-ը ընտրող, այլ ոչ հնազանդվող կնոջ տոնն է, Մարտի 8-ը՝ իր ժամանակը գիտելիքի, աշխատանքի, այլ ոչ շպարի ու վարսահարդարի մոտ ծախսող կնոջ տոնն է, Մարտի 8-ը՝ իր խնդիրները բարձրաձայնող, այլ ոչ դրանցից փախչող, խուսափող և ամաչող կնոջ տոնն է, Մարտի 8-ը՝ կանանց դեմ բռնության, հանուն իրավահավասարության պայքարի օրն է» …
Ֆեյսբուքյան այս գրառման հեղինակ ՝ Զառա Հովհաննիսյանը քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների անդամ է: Երիտասարդ ակտիվիստների այս խումբը նշեց Մարտի 8-ը միջոցառումների իր ծրագրով՝ «Իշխանությունը տգեղ է», պերֆորմանս Հանրապետության հրապարակի գորգի վրա, «Համակարգում վիրուս կա»՝ պատմությունների ներկայացում Ազատության հրապարակում եւ Պարիր, որ փոխես։ Պարում ենք … ակցիայով: Նրանք նաեւ միացան Կանանց ռեսուրսային կենտրոնի քայլերթին եւ «Հեծանիվ պլյուս» ՀԿ-ի կազմակերպված հեծանվաերթին:
Ավարտը դրվեց Ազատության հրապարակում: Այստեղ հավաքվեցին օրվա ակցիաների բոլոր մասնակիցները կարդացին «Ֆեմ Մանիֆեստ, Հեղափոխություն Յարս» մանիֆեստը, որով Հայաստանում ծնված, հայաստանյան հասարակության մեջ ապրող ազատ կանայք պատրաստակամություն են հայտնում իրենց իրավունքները պաշտպանել:
Մանիֆեստի տեքստում, մասնավորապես, ասված է .
«Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ:
Մերժում եմ այն համակարգը, որի մեջ ինձ դաստիարակում են և վերաբերվում են որպես ենթարկվող-հնազանդ, տեսակետ չունեցող, անինքնավստահ, հարմարվող, կցորդ:
Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ: Վստահ եմ, որ եթե ինքս չազատագրվեմ, ոչ ոք իմ փոխարեն դա չի անի:
Ուզում եմ իմանալ իմ տեսակի պատմությունը: Ուզում եմ ինձ չասեն` գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել և օրգազմ ապրել սեքսի ժամանակ, առանց անբարոյական պիտակվելու: Ուզում եմ մարմինս իմը լինի, բռնության չենթարկվեմ, իմանամ ինքնապաշտպանվել: Ուզում եմ աշխատել և այն մասնագիտությամբ, որն ինքս կընտրեմ` նաև հոգևորական, զինվորական, վարորդ, վարչապետ:
Բարձրաձայնում եմ, որ ազատ եմ` խոսել թե չխոսել և ինչպես արտահայտվել, մասնակցել, թե չմասնակցել, ընդդիմանալ թե համաձայնվել: Անընդհատ բախվում եմ` կնիկ ա` հիմար ա, հիստերիկ ա, բան չի հասկանում, կինը ուր` քաղաքականությունն ուր կարծրատիպերի հետ:
Ապրում եմ ոչ իմ տեսակի ստեղծած խաղի կանոններով, որպես ուրիշ, ուրիշի աշխարհում ինձ փնտրելով: Փոխելով ինձ` փոխում եմ աշխարհը:
Ընտրում եմ` ինչպիսին լինել` տարբեր թե՞ մեծամասնության նման, ընդունված մոդելից դուրս թե՞ ներս, կույս լինել թե՞ չլինել, ամուսնանալ թե՞ չամուսնանալ, երեխա ունենալ թե՞ չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ թե՞ առանց ամուսնանալու: Ընտրում եմ իմ կարգավիճակը, իմ ապրելաձևը, իմ շարժուձևը, հագուկապը, մասնագիտությունը, աշխատանքը, իմ սոցիալական ցանցը: Ընտրում եմ համարձակ լինելը:
Գործում եմ տարբերների հետ հավասարի պես. գործում եմ հանուն. այն դաշտերում, որտեղ ավանդաբար պիտի չլինեի` ընտանիքից դուրս, պետությունից դուրս, իշխանությունից դուրս, հասարակական կարծիքից դուրս:
Իրացնում եմ իմ մտքերը, մարմնի ցանկությունները, երևակայությունը, երազանքները:
Որոշում եմ քննադատել, փոխել, կոտրել, ապրել, պարել, ստեղծել, սիրել:
Ստեղծում եմ իմ իրականությունը և հրավիրում եմ ձեզ այն ինձ հետ կիսելու:
Առաջարկում եմ առաջարկել բոլոր չառաջարկված առաջարկները:
Ինձ սահմանափակելն անհնար է, ես դուրս եմ եկել սահմաններից, ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի»:
Դիտումների քանակը` 4074