«Լռության հետ դեմ առ դեմ…»

80-ամյա Ամալյա Աբրամովան /Աբրահամյանը/ իրեն  «երջանիկ»  միայնակ է համարում, ով իր օրը լցնում է անդավաճան ընկերծանոթների հետ հանդիպումներով ու անցյալի հիշողությունները թերթելով: Բայց  այնուամենայնիվ ասում է.  «Ուր էլ  գնամ,  վերադառնում եմ տուն, որտեղ   լռության  հետ մնում եմ դեմ առ դեմ».

 

 

–         Պապս Նախիջևանի Կզնուտ գյուղից էր,  տատս` Ապրակունիսից: Կզնուտում ծնված հայրս միշտ պատմում էր իր ծննդավայրի,  բնության,  երկու եղբայրների ու երեք  քույրերի,  իրենց մանկության  խաղերի,  թանկ ու հարազատ մարդկանց  մասին: Ու մի օր էլ, երբ արդեն  իմ  ընտանիքն ունեի, որոշեցի  այցելել Նախիջևան: Այն  ինձ  համար ուխտագնացություն էր:

 

1966 թվականին Ամալյան 5-ամյա որդու` Արամի  հետ այցելում է Կզնուտ, որը նաև Գարեգին Նժդեհի ծննդավայրն էր: Տեղաբնակ ադրբեջանցիներին  հետաքրքրում է օտար,  հայ  կնոջ այցը,  նրանցից  մեկը  հիշում է  իր պապի  պատմությունը կզնուտցի  աշխատասեր ու բարի հայի`Սահակ  պապի   գերդաստանի մասին,  հետո  նա ցույց  է տալիս  նրա մեծ  տունը, որն արդեն դարձել էր  դպրոց,  իսկ  փոքր  տան  տեղում խանութ էր: Հրաժեշտին ադրբեջանցին Ամալյային իր պապի այգուց  վարդի  մի տունկ է  տալիս, որպես  հայրենի  հող ու ջրից մի մասունք: Ամալյան  վարդի  հետ  բերում է նաև  մի բուռ  հող:

 

Ամալյայի ծնողները Նախիջևանից տեղափոխվում են  Վրաստան և  հաստատվում Թբիլիսիում, որտեղ էլ 1936 թ. մարտին  ծնվում է Ամալյան: Շատ վաղ  հասակում նա  կորցնում է  հորը,  մայրն ամուսնանում է  մեկ ուրիշի  հետ, ու ստացվում է այնպես, որ  3-ամյա  աղջնակին որդեգրում է  հորեղբայրը: 1941 -1945 թթ-ի պատերազմի տարիները Ամալյան անցկացնում է Խարկովի Սևաշ գյուղում,  հորեղբոր կնոջ հայրական  տանը: «Գյուղում  գերմանացիներ շատ կային,  սակայն  նրանք իմ  հանդեպ բարեհամբույր էին, անգամ  գերմաներեն սովորեցրին», -հիշում է Ամալյան: Պատերազմից  վերադարձած հորեղբայրը  ընտանիքի  հետ  վերադառնում է Թբիլիսի:

 

Դպրոցն ավարտելուց  հետո Ամալյան  մեկնում է Երևան, սովորում Ժդանովի անվան  մանկավարժական ինստիտուտի բանասիրական  ֆակուլտետում, ավարտելուց  հետո  2 տարի աշխատում Արմավիրի Մրգաշատ  գյուղում որպես ռուսաց  լեզվի  ուսուցչուհի, իսկ  կարճ ժամանակ անց  դասավանդում է Երևանի Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում,  հետո  դառնում ուսումնարանի  փոխտնօրեն:

1973 թ-ին Ամալյայի և ամուսնու աշխատանքային  գործունեությունը շարունակվում է Գերմանիայի Ցայց քաղաքում, որտեղ Ամալյան  դարձյալ  դասավանդում է  ռուսաց  լեզու: Վերադառնում են  կրկին Երևան: Հասունացած ու կրթություն ստացած զավակների ամուսնությունից  կրկնակի երջանկացած Ամալյայի համար կյանքը հիասքանչ էր ու չէր էլ  մտածում, որ գալու է  մի օր, երբ  ամուսնու մահից  հետո Քանաքեռ ԳԷՍ-ում  գտնվող իր բնակարանում 1987 թվականից ապրելու էր միայնակ: Որդին` Արամը այսօր ապրում է ԱՄՆ-ի  Գլենդել քաղաքում: Մեկնելուց հետո անցել է  35 տարի, սակայն առ այսօր գժտված է  մոր հետ ժառանգության և ունեցվածքի պատճառով, ինչ է թե  մայրը  իրենից  բացի չէր անտեսել նաև  դստերն ու մի քանի  հարազատների: 35 տարին  մի ամբողջ  հավիտենականություն է միայնակ ապրող  մոր համար, ցավ է  ու կսկիծ: Աղջիկն ամուսնացած է  և ապրում է Մոսկվայում, ու թեև ամուսնու  մահից  հետո օտարության  մեջ ապրելն էլ ավելի է դժվարացել, այնուհանդերձ հաճախակի զանգերով փորձում է  մեղմել Ամալյայի  մենակությունն ու եղբոր դաժան անտարբերությունը: Բայց….

 

–         Էությամբ ուժեղ եմ, տոկուն, չեմ սիրում ուրիշների մոտ  նվնվալ, դեռ  նրանց  հույս եմ  տալիս: Տարիներ  շարունակ դասավանդման  հետ մեկտեղ եղել եմ էքսկուրսիաների սիրահար, աշակերտներիս  հետ հաճախ եմ  արշավներ  կազմակերպել: Ակտիվ էի  նաև Գերմանիայում աշխատած տարիներին,- հիշում  է Ամալյան :

 

 

1992 թվականից  Ամալյան անցել է թոշակի, ստանում է  45 հազար դրամ թոշակ, որը չի  բավարարում կոմունալ  վարձերի, դեղորայքի ու ապրելու համար:  <Փարոս>  համակարգի շահառուների  ցանկում չեն  ընդգրկում,  պատճառաբանելով, թե որդի ունի, եղելությունն  իմանալուց  հետո առաջարկել են  դիմել ոստիկանություն, որից  հետո իրենք Գլենդելում ապրող որդուն դատարանի միջոցով  կստիպեն ամեն  ամիս  գումար ուղարկել  մորը: <Ես  կտրականապես  մերժեցի  նրանց առաջարկը: Ինձ  հարկավոր չէ  նրա ուղարկած գումարը: Ես  իմ գլուխը կպահեմ: Աղջկաս  մոտ չեմ ուզում  գնալ, այնտեղ  նեղվածք է, չեմ ուզում  խանգարել  նրանց>,-ասում է Ամալյան:

 

Շաբաթվա  5 օրը Ամալյան  օգտվում է  բարեգործական  ճաշարանից,  շնորհակալ է, որ կան  բարեգութ  մարդիկ: Նոր  տարվա  կապակցությամն  իրեն  չեն  մոռանում  նաև Քանաքեռ-Զեյթուն  վարչական  շրջանի, Հայաստանի աշխատանքի վետերաների միության աշխատակիցները,  բոլորից էլ  շնորհակալ է:

 

–         Ոտքերի  ծանր վիրահատություն եմ  տարել  ,  հիանալի  հարևաններ ունեմ,  նրանք ու ծանոթներս  ինձ  խնամում էին,  օգնում սնունդով մինչև ոտքի կանգնեցի: Տանը երկար  չեմ  նստում, սիրում եմ քայլել ու ավելի շատ տրանսպորտի գումարը տնտեսելու նպատակով: Երկար  տարիներ է,  ինչ <Թիֆլիսահայերի միջազգային ակումբ>-ի և <Նախիջևանահայերի հայրենակցական միավորում> ՀԿ-ի վարչության անդամ եմ: Իմ  հասակակիցների համար կազմակերպում եմ  կինոդիտում, այցելում ենք  թատրոն, ցուցահանդես,  կազմակերպում  հանդիպումներ, ասում-խոսում ենք,  օրներս  անցնում է: Ուր էլ  գնամ,  օրվա  վերջում իմ տանը մնում եմ  լռության  հետ դեմ առ դեմ>,-ասում է  Ամալյան:

 

Կարոտից  ծնված  ցավն անտանելի է, ու որքան էլ Ամալյան այդ  ցավը թաքցնի  հոգու խորխորատներում, այնուհանդերձ, անկախ  իր կամքից այն  արտահայտվում է աչքերում, թեև  լեզուն շարունակում է օրհնել զավակներին ու մաղթել առողջ ու երջանիկ  կյանք: Իսկ  ինքն ամուր է, ինքը  կդիմակայի  մենությանը:

 

Անուշ Ներսիսյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տարեցները Կայուն զարգացման օրակարգում

Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն

Արժանապատիվ ծերության սպասելիս

«Լռության հետ դեմ առ դեմ…»

«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…

 

Դիտումների քանակը` 3588

Գլխավոր էջ