«Իսկ տղամարդը կարո՞ղ է նախագահ դառնալ»

Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնեն ծիծաղելով է հիշում այս պատմությունը. դպրոցական մի աղջիկ ուսուցչուհուն ասում է, որ ինքը ցանկանում է նախագահ դառնալ, երբ մեծանա: Նրա տղա դասընկերներից մեկի մոտ եւս նման ցանկություն է առաջանում, սակայն աշակերտը վստահ չէ, որ իրենց երկրում տղամարդկանց թույլատրված է նախագահ դառնալ: Երեխան ուսուցչուհուն հարցնում է` արդյո՞ք տղամարդը կարող է նախագահ դառնալ: Ֆինլանդիան վերջին տասը տարին Տարյա Հալոնենն է ղեկավարել, երեխաները սովորել են այդ պաշտոնում կնոջ տեսնել, այդ պատճառով էլ աշակերտի մոտ նման հարց է ծագել: Նախագահը նշում է, որ Ֆինլանդիայում բոլորը հավասար հնարավորություններ ունեն, այդ թվում եւ տղամարդիկ: Նա Ֆինլանդիայի Հանրապետության 11-րդ նախագահն է եւ 1-ին կին նախագահը: Մինչ այդ Տարյա Հալոնեն 21 տարի եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ:
Նշենք, որ Ֆինլանդիան առաջին երկիրն է, որ 1906 թվականին հնարավորություն է տվել կանանց ոչ միայն ընտրելու, այլեւ ընտրվելու քաղաքական պաշտոններում: Ամերիկյան Newsweek հեղինակավոր պարբերականը վերջերս հրապարակեց այն երկրների ցանկը, որտեղ կանանց քաղաքական իրավունքներն առավելագույնս պաշտպանված են: Ֆինլանդիան այդ ցանկում 5-րդն է` Իսլանդիայից, Շվեդիայից, Կանադայից եւ Դանիայից հետո:
Ներկայումս ֆինները փորձում են ավելացնել գեղեցիկ սեռի ներգրավվածությունը նաեւ բիզնեսում: Գենդերային հավասարության հարցերով նախարար Պավո Արհինմակին երկրի խորհրդարանին առաջարկել է մի օրինագիծ, որով հանրային ընկերություններում կանանց մասնակցությունը կհավասարեցվի առնվազն 40 տոկոսի: Ֆինները չեն սիրում շատ խոսել գենդերային հավասարության թեմայի շուրջ, քանի որ իրենց երկրում նման խնդիրները գրեթե չեն ծագում: Լրագրողների հետ զրույցում Ֆինլանդիայի նախագահը հույս հայտնեց, որ ապագայում ոչ միայն գենդերային անհավասարություն չի լինի աշխարհում, այլեւ այդ թեման ընդհանրապես դուրս կգա օրակարգից:
Արման Ղարիբյան
Հելսինկի-Երեւան

Դիտումների քանակը` 3730

Գլխավոր էջ