«Իշխանությունը հանձնենք կանանց, որպեսզի խաղաղություն լինի»
Սեպտեմբերի 8-ին Երեւանում տեղի ունեցավ «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակի» հինգերրորդ մրցանակաբաշխությունը կազմակերպված «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության կողմից:
Այս տարի մրցանակաբաշխությունն ընդլայնել էր իր աշխարհագրությունը, քանի որ ինչպես նշեց «Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը, խաղաղություն անհրաժեշտ է ոչ միայն Կովկասում, այլեւ ամբողջ աշխարհում: Երեկվա մրցանակակիրների թվում էր սիրիացի Ղաիթա Օդաթը, ով ներկայացնում է «Սիրիացի կանայք հանուն ժողովրդավարության» կոալիցիան: Կոալիցիան մեծ ջանքեր է գործադրել Սիրայում հակամարտող ուժերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար:
«Սիրիացի կանայք արժանի են այս մրցանակին, քանի որ նրանք, չնայած բոլոր կորուստներին ու ցավերին, դեռ շարունակում են հավատալ արդարությանն ու խաղաղությանը»,- իր ելույթում նշեց Ղաիթա Օդաթը:
WomenNet-ի հետ զրույցում նա խոր համոզմունք հայտնեց, որ ցանկացած հակամարտություն պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, քանզի դրանից կախված է երկրի ապագան.
«Ցանկացած պատերազմի դեպքում, աշխարհի որ երկրում էլ դա լինի ամենամեծ գինը վճարում են կանայք ու երեխաները և նույնիսկ այն պատերազմը, որը հանուն արդար գաղափարների ու հանուն արդարության է տարվում, ինչպես, օրինակ, իմ հայրենի Սիրիայում, այն արհավիրք է իր մեջ պարունակում առաջնային նրանց համար»,- շեշտեց Ղաիթա Օդաթը:
Նրան մրցանակ հանձնեց եւ շնորհավորեց Բորիս Մուրազին՝ Հայաստանում եզդի երիտասարդների կողմից հիմնված «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը: «Մինչ Սիրիայում տղամարդիկ պատրաստվում են պատերազմի եւ զենքներն են պատրաստում, կանայք նույն երկրում խաղաղության են պատրաստվում: Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք աշխարհում իշխանությունը հանձնել կանանց, որպեսզի խաղաղություն լինի»,- հայտարարեց Բորիս Մուրազին:
Մյուս երկու մրցանակակիրները կովկասցի կանայք են՝ Խեդա Օմարխադիեւան (Չեչնիա, ՌԴ) եւ էլիկո Բենդելիանին (Վրաստան):
Մասնագիտությամբ հոգեբան Խեդա Օմարխաջիևան կոնֆերանսին նախկինում մասնակցել է, բայց առաջին անգամ է ստանում մրցանակը: Նրա խոսքով՝ պատերազմ տեսած անձը, անկախ սեռից, լիովին փոխվում է, փոխվում է նրա կյանքի ընկալումն ու արժեքային համակարգը: Բայց կանանց դեպքում արժեքային համակարգի վերագնահատումը ավելի վառ ընդգծված է լինում:
«Պատերազմ տեսած, դրա բոհով անցած մարդիկ ավելի են գնահատում կյանքը ու հասկանում, որ ամենակարևորը մարդկային հարաբերություններ են»,- նշեց նա:
Տիկին Օմարխաջիևան սակայն չհամաձայնվեց այն մտքի հետ, որ նախկինում պատերազմն այլ բնույթ է ունեցել, քան այսօր, երբ ավելի շատ կանայք ու երեխաներ են տուժում: Նրա խոսքով, պարզապես տեղեկատվական դաշտն է ավելի լայն ու զարգացած, մինչդեռ նախկինում հանրությանը այդքան էլ հասու չէր այն, ինչ կատարվում էր պատերազմի բեմահարթակում:
«Պատերազմը երբեք չի կարող լավը լինել՝ անկախ նրանից, թե ինչ մեթոդներով կամ զենքով է այն տարվում: Եվ կանանց դերն այդ ամենում սերնդի դաստիարակությունն է, որը պետք է հիմնված լինի հանդուրժողականության, խաղաղության հենքի վրա: Մայրը հասկանում է մարդու կյանքի գինը և նա երբեք իր որդու մեջ չի սերմանի ցանկություն մասնակցել այնպիսի գործընթացների, որոնք կարող են մարդկային կյանքեր խլել»,- հավելեց նա:
Վրաստանից ժամանած Էլիկո Բենդելիանիի համար մեծ պատիվ է նման մրցանակ ստանալը, որը նրան էլ ավելի կոգևորի շարունակել գործունեությունը ավելի մեծ եռանդով: WomenNet-ի հետ զրույցում նա նշեց, որ ուրախ է մասնակցել մի միջոցառման, որտեղ կարևորվում է կնոջ դերը խաղաղության և կայունության հաստատման գործընթացներում, իսկ կանանց մտքերը, տեսակետներն ու գաղափարները մանրամասն քննարկվում են.
«Կանայք տուժում են պատերազմից թերևս ամենաշատը, քանզի ոչ միայն անցնում են դրա միջով, այլև հետո իրենց ուսերի վրա տանում պատերազմի հետևանքների հաղթահարման խնդիրները: Ասել է թե՝ կանայք ավելի խորն են հասկանում, թե ինչ է խաղաղությունը, կայունությունը և այդ իմաստով նրանք պետք է ակտիվ մասնակից լինեն այն բոլոր գործընթացներում, որոնք ուղղված են այդ արհավիրքի դեմ»,- շեշտեց վրացուհի Բենդելիանին:
Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվեց նաեւ նրանով, ով դրամական մրցանակ հանձնվեց Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի երիտասարդներին՝ համայնքի զարգացման համար: Ոսկեպարից ժամանած Թաթուլ Սիրադեղյանը «WomenNet.am»-ին տված հարցազրույցում պատմեց, որ շատ ընտանիքներ լքում են սահմանային համայնքը:
«Գյուղը շատ է դատարկվել, շատերն են գնում: Մեր հողերի կեսից ավելի անմիջական կրակի տակ են, ամեն պահի հնարավոր է կրակեն: Բայց մենք ընկերներով որոշել ենք մնալ եւ ապրել գյուղում»: Ոսկեպարի թվով 6 երիտասարդներ սփյուռքահայ ընտանիքի՝ Հարութ եւ Ժակլին Տեր-Սիմոնյանների դրամական աջակցության շնորհիվ փեթակներ ձեռք կբերեն եւ մեղվաբուծության դասեր կանցնեն: «Մենք պիտի սովորենք, որ զբաղվենք մեղվաբուծությամբ, մեղրն էլ կվաճառենք Հայաստանի տարբեր համայնքներում»,- ասում է Թաթուլը:
Մրցանակաբաշխության ավարտից հետո զրուցեցինք Գյուլնարա Շահինյանի հետ՝ հարցնելով, թե որքանով էին լսելի կովկասի կանանց ձայնը ապրիլյան կարճատեւ պատերազմի ընթացքում: «Այդ օրերին մենք հանդիպում ունեցանք ադրբեջանցիների հետ Թբիլիսիում, որպեսզի հասկանայինք, թե այսուհետ մենք ոնց ենք աշխատելու խաղաղության ուղղությամբ: Այդ օրերին շատ դժվար էր ինչ-որ հայտարարություններ անելը: Հայտարարությունները գուցե եւ լավ են, բայց երբ դու շատ էմոցիոնալ ես, կարող ես սխալվել եւ այդ սխալը կարող է վնասել ամբողջ շարժմանը, որը մինչ այս եղել է»:
Գյուլնարա Շահինյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ տարածաշրջանում խաղաղության կոչերը նվազել են: «Մարդիկ ճիշտ ինֆորմացիա չունեն եւ վտանգավոր է սխալ քայլ անելը: Քանի որ խաղաղության պրոցեսը շատ փխրուն է, մարդիկ վախենում են այն վնասել: Մենք պետք է փորձել ինչ-որ ճանապարհ գտնել: Մեկս մյուսի աչքը հանելով մենք ոչնչի չենք հասնի: Խաղաղությունը կոնստրուկտիվ մեխանիզմ է, պետք է փորձել ազատվել էմոցիաներից եւ հասկանալ, թե ինչպես գտնել ելքը»,- ասաց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակը» հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան Խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է:
Արման Ղարիբյան
Լիա Խոջոյան
Լուսանկարները՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի
Դիտումների քանակը` 3966