«Ինքնասպանություն գործել ցանկացողների 80 տոկոսը հրաժարվում է այդ մտքից, եթե խոսում է մասնագետի հետ»
Սեպտեմբերի 10-ը ՝ Ինքնասպանությունների կանխարգելման օրն է, որը հռչակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ըստ այդ կազմակերպության տվյալների` ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր 30 վայրկյանում մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: Ամեն 3 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում:
Այս թվերը տարեց տարի ավելանում են, ամբողջ աշխարհում վերջին 50 տարում ինքնասպանությունների թիվն ավելացել է 60 տոկոսով: Եթե առաջ ռիսկը մեծանում էր տարիքի հետ, բայց վերջին 20-30 տարում աճել է ինքնասպանություն գործողների թիվը դեռահասների և միջին տարիքի մարդկանց մոտ, և այժմ սուիցիդը գտնվում է մարդկանց մահացության պատճառների երրորդ տեղում 15-34 տարիքայինների շրջանում բոլոր երկրներում:
Ըստ նույն կազմակերպության տվյալների` «Հայաստանն ինքնասպանությունների տարածվածության առումով աշխարհում ամենաբարվոք վիճակում գտնվողներից է»,- կարդում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: Այդուհանդերձ, նկատենք, որ այդ տխուր վիճակագրության առումով մեր երկիրը, կարծես, փորձում է ետ չմնալ:
Հայաստանի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ` 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեր երկրում արձանագրվել է ինքնասպանության 195 և ինքնասպանության փորձի 235 դեպք: 2012 թվականի առաջին կիսամյակում ինքնասպանությունների թիվը եղել է 118, իսկ ինքնասպանության փորձի 371 դեպք է գրանցվել: Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի ինքնասպանություն գործածների 50 տոկոսը գործազուրկներ են, 28 տոկոսը` թոշակառուներ, 3,4 տոկոսը` ուսանողներ եւ այլն:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ընդհանուր առմամբ ինքնասպանություն ավելի շատ գործում են բողոքականներն ու կանայք:
«Հոգեկան, ժառանգական նախադրյալ ունեցողների միայն 20 տոկոսն է դառնում ինքնասպան: Ինքնասպանությունը ավելի քիչ է հանդիպում իսլամական երկրներում, որտեղ շատ մեծ կարևորություն են տալիս, թե ով է տվել կյանքը, ով ունի այն վերցնելու իրավունք: Պատճառները տարբեր են `ցանկանում են խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցերը, չիրականցած իղձեր ունեն, թշնամացած վերաբերմունքը, որ հանդիպում է դեռահասների մոտ: 40 տարեկանից հետո հանդիպող պատճառներից է նաև կյանքի գերհանգեցումը, ինչպես նաև հասուն տարիքում հանդիպող պատճառներից է այն, երբ ծնողը դատարկաձեռն գալիս է տուն և երեխաները հարցնում են, իսկ մենք ի՞նչ պետք է ուտենք: Կանայք ավելի շատ են հակված ինքնասպանության, հատկապես աբորտից, ծննդաբերությունից հետո և դաշտանային ցիկլի ժամանակ, երբ գտնվում են սթրեսային վիճակում: Այդ պատճառով նրանց այդ ժամանակ պետք է ավելի մեղմ վերաբերվել: Ինքնասպանություն գործել ցանկացողների 80 տոկոսը հրաժարվում է այդ մտքից, եթե խոսում է մասնագետի հետ», հավել ում է սոցիոլոգը:
Ինքնասպանությունը միշտ լինում է հանկարծակի, անգամ ինքնասպանություն գործողի համար: Սա էլ հոգեբան Միհրդատ Մադաթյանի տեսակետն է:
«Մարդուն ինքնապահպանման մեխանիզմները տրված են ի ծնե, և հետագայում մարդու արժեհամակարգում ի հայտ են գալիս ավելի թանկ արժեքներ և երբ դրանց հետ կապված խնդիրներ են լինում, միգուցե նաև տևական լուրջ հոգեբանական խնդիրներ են առկա լինում, մարդը գնում է ինքնասպանության: Ինքնասպանությունների թվի աճը կապված է նաև կրոնական սեկտաների գործունեության հետ, էմոների, գոթերի շարժումների հետ, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա: Ինքնասպանություն գործում են նաև այն մարդիկ, ովքեր սովոր չեն դժվարությունների և չեն իմանում, իրենց ինչպես դրսևորել այդ վիճակում: Ինքնասպանությունը շատ հանկարծակի է լինում, և եթե հոգեբանի կուլտուրան ավելի լավ մտած լիներ մեր կյանք, այդ դեպքերը ավելի քիչ կլինեին, որովհետև հարզատների հետ խոսելը դեռ քիչ է»,-ասաց նա:
Հոգեբան Արմեն Խուդոյանի կարծիքով, ինքնասպանությունների թիվը չի ավելացել, ուղղակի սկսել են շատ գրել այդ մասին
Ինքնասպանությունը անհատն ընտրում է որպես փախուստ, սովորաբար նրանք ունենում են ալկոհոլի հակում ունեցող, գիտակցության խանգարման հակում ունեցող անձինք, իսկ ինքնասպանությունը դա ծայրահեղ ձև է և գալիս է անելանելի վիճակից, գոյության ճգնաժամից: «Այսօր բացակայում է հոգեբանական խնդիրների պարագայում համապատասխան մասնագետի դիմելու մշակույթը»:
Հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանի ներկայացմամբ` ինքնասպանության մտքեր շատերի մոտ է լինում, սակայն եսակենտրոն մտածողներն են դիմում ինքնասպանության, իսկ ընտանիքը, հարզատներին գնահատողն այդ քայլին չի դիմում:
Մասնագետը կարևորում է հավատը, որն անհատին չի մատնում մենակության և հուսահատության. որպես կանխարգելում` հոգուն ուղղված խոսք է հարկավոր: Փորձագետները փաստեցին նաև, որ կանայք ավելի շատ փորձ են անում, տղամարդիկ ավելի շատ են ինքնասպանություն գործում: Դրա մասին են վկայում թվերը եւ փաստերը, համաձայն որոնց ինքնասպանության դիմող տղամարդկանց կեսից ավելի հասնում է«հաջողության», իսկ կանանց մեծ մասը հիմնականում դեղահաբեր են օգտագործում եւ այդ կերպ հնարավոր է լինում նրանց փրկել:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 4837