«Ինչի՞ գյուղում տղամարդ չկա, որ պետք է գյուղապետը կին լինի»…

Երասխում գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու: Նրանցից միայն մեկն է կին` Նվարդ Հովհաննիսյանը: Պատմում է, որ սկզբում, երբ ներկայիս գյուղապետն առաջարկեց իր թեկնածությունը, իսկ կուսակցությունը (ՀՀԿ-ն ) պաշտպանեց, որոշ մարդիկ `չկարողանալով իրեն  կատարած աշխատանքով քննադատել, առարկում   էին` թե նա կին է, գյուղապետը տղամարդու գործ է, նա ինչպե՞ս է աշխատելու: «Ասում էին՝ ինչի՞ գյուղում տղամարդ չկա, որ պետք է գյուղապետը կին լինի, սակայն գյուղի տղամարդիկ պնդեցին` առյուծ առյուծ է` լինի էգ թե որձ», – պատմեց  տիկին Նվարդը:

 

 

Նվարդ Հովհաննիսյանը  իր գործում սկսնակ չէ ու թերեւս, բոլորից լավ է տեղեկացված ոչ միայն գյուղապատերանի աշխատանքին, այլեւ գյուղացիների խնդիրներին: Նվարդ Հովհաննիսյանի կենսագրության 33 տարին կապված է Երասխի գյուղապետարանի հետ, որտեղ նա աշխատել նախ որպես օգնական-քարտուղար, այնուհետեւ աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ: Մասնագիտությամբ գյուղատնտես տիկին Հովհաննիսյանը Հանրապետական կուսակցության անդամ է, «Հայոց արծիվներ» կազմակերպության Երասխի մասնաճյուղի նախագահն ու տեղի միջնակարգ դպրոցի խորհրդի նախագահը:

 

 

«Ինձանից լավ ոչ ոք չգիտի գյուղի պրոբլեմներն ու խնդիրները, ինձանից լավ ոչ ոք չի ճանաչում Երասխի բնակչությանն ու նրանց հետո չի շփվել:  Առաջադրվել եմ, որովհետեւ վստահ եմ` կարող եմ եւ ընդունակ եմ ավելիին, որպեսզի գոնե մի փոքր թեթեւացնեմ մեր համագյուղացիների կյանքը»:

 

 

Անդրադառնալով իր ծրագրին տիկին Նվարդը շեշտեց, որ միակ թեկնածուն է, որ առաջին կետում ոչ թե ասֆալտապատման հարց է նշել, այլ շատ ավելի արդիական ու ցավոտ հարցի լուծում:

 

«Առաջին աշխատանքը, որ կկատարեմ գյուղապետ ընտրվելուց հետո` կդիմեմ առողջապահության նախարարությանը, որպեսզի կարիճների եւ օձերի կծածի դեմ հակաթույն ուղարկի մեր գյուղի ամբուլատորիա: Երասխը անապատային գոտիում է գտնվում եւ ամռան ամիսներին այդ կենդանիներն ակտիվանում են: Գյուղում շատ են կարիճի ու օձի խայթոցներից տուժածները, տարեկան գրանցվում են նաեւ մահացության դեպքեր, քանի որ մինչեւ Երասխից տուժածին հասցնում ենք Երեւան, հաճախ չեն դիմանում: Հետեւաբար առաջին եւ ամենալուրջ հարցը դա է լինելու», ասում է գյուղապետի թեկնածուն` հավելելով, որ կշարունակի ներկայիս գյուղապետի կիաստ թողած աշխատանքը:

 

«Ընթացքի մեջ է գազաֆիկացման հարցը, ես էլ ընտրվելու դեպքում կշարունակեմ այդ քաղաքականությունը, որպեսզի սահմանամերձ այս գյուղը գազաֆիկացվի, կդիմեմ կառավարությանը, որպեսզի մեջ աջակցեն, մթերման կենտրոն կամ որեւէ այլ աշխատատեղ բացեն, որ սահմանամերձ գյուղը չհայաթափվի: Պետք է լուծվի նաեւ ոռոգման ջրի խնդիրը:

 

 

Նվարդ Հովհաննիսյանի կարգախոսն է` «Ժողովրդի հետ, ժողովրդի համար»: Ասում է`կարգախոսն պատահական չի ընտրվել. ամփոփում է 33 տարվա աշխատանքը:

 

«Գյուղում բոլորն են ինձ ճանաչում, շատերին եմ օգնել, խորհուրդ տվել: Մի անգամ` հանդիպումներից մեկի ժամանակ, մի կին մոտեցավ, թե կարո՞ղ եմ ելույթ ունենալ: Կնոջը չէի ճանաչում, բայց չմերժեցի, թեպետ մտքումս անհանգստություն կար, որ նրան գուցե իմ մրցակիցներն են ուղարկել: Սակայն.. պարզվեց` ժամանակին, երբ նրա քույրը հիվանդ է եղել, գյուղապետարանից օգնել են, դրամական օգնություն, դեղեր տրամադրել, ես էլ հաճախ նրան սնունդ եմ տարել: Տարեց կինը մի քանի տարի առաջ է մահացել, քույրը, որ այլ գյուղում է ապրում, եկել էր գյուղ եւ իմանալով, որ իմ թեկնածությունն եմ առաջադրել եւ բնակիչների հետ հանդիպում ունեմ` եկել էր, որ շնորհակալություն հայտներ»,- հուզվելով պատմում է տիկին Նվարդը` հավելելով, որ հանդիպումների ժամանակ բնակչության հայացքում միայն մի բան է նկատել` երախտագիտություն:

 

 

Բացի գործնական քայլերից տիկին Նվարդը գյուղի հետ կապված երկու երազանք ունի: «Որ մեր գյուղից նայում ես` թուրքի սահմանն է ու թուրքական գյուղ է` լուսավոր ու մեծ մզկիթով: Իսկ մեր կողմում երեկոյան ժամը 8-ից հետո մութ է, բացի այդ եկեղեցի չկա ու մենք զարթնում ենք, ոչ թե մեր եկեղեցոի ղողանջից, այլ թուրքի մզկիթի ձայնից: Երազում եմ, որ գյուղը լուսավորվի ու Երասխում եկեղեցի կառուցվի, որ նրան ղողանջները տարածվեն մի քանի տասնյակ կիլոմետր ու մեզ ուժ տան, սահմանամերձ գյուղում ապրելու:

Հասմիկ Հարությունյան

Երասխ-Երեւան

 

Դիտումների քանակը` 3190

Գլխավոր էջ