«Իմ քաղաքացիական դիրքորոշումը ձևավորվել է բլոգոսֆերայում»…
«Այնպես ստացվեց, որ ես առաջիններից մեկն էի այս ոլորտից, ով պատգամավորության թեկնածու դարձավ և, հետևաբար, բոլոր կոները թափվեցին իմ գլխին…», – ասում է հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով ընդգրկվել է “Ժառանգություն” և “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների միասնական ընտրական ցուցակում իններորդ տեղում: Այս փաստը, ի դեպ, արժանացավ ոչ միանշանակ գնահատականի վիրտուալ և ոչ միայն վիրտուալ հասարակության կողմից: Անձամբ Իզաբելլան շատ մարտական է տրամադրված, և WomenNet.am–ի հարցերին պատասխանելիս ասաց, որ արձագանքել կուսակցության կողմից արված համագործակցության առաջարկին, բայց իններորդ տեղն անսպասելի էր իր համար. «Ես գիտեի, որ կլինեմ ցուցակներում, սակայն թե ինչ դիրքերում, իմացա միայն հրապարակման օրը»:
Այս նորությունը առանձին դեպքերում առաջացրեց վրդովմունք և զարմանք, սակայն, ավելի հաճախ `դրական արձագանքներ ստացավ… Իզաբելլան, ով սոցիալական ցանցերում iza1976 նիկով է հանդես գալիս, իր էջում գրեց. «Իմ անունը նախընտրական ցուցակներում հայտնվելու օրվանից սկսած ես անընդհատ լսում եմ հետևյալ հարցը. «Իսկ ովքե՞ր են բլոգերները», «Երբվանի՞ց են սկսել բլոգերներին ընդգրկել քաղաքականության մեջ», և այլն: Ինձ նույնիսկ առաջարկեցին փոխարինել «անկուսակցական, բլոգեր» ձևակերպումը «ֆրանսերենի թարգմանիչ, դասախոս» ձևակերպմամբ, ինչին ես չհամաձայնեցի, քանի որ կարծում եմ ՝ իմ քաղաքացիական դիրքորոշման ձևավորումը տեղի է ունեցել հենց բլոգային տարածքում»: Ավելին, կասկած անգամ չունեմ, որ կան շատ ավելի արժանի բլոգերներ, ովքեր իրենց վերլուծական կարողություններով և իրականության պատկերացմամբ կհաղթեն շատ ու շատ պատգամավորների: Ուղղակի այնպես ստացվեց, որ առաջինը ես պատգամավոր դառնալու առաջարկ ստացա »…
– Այնուամենայնիվ, ինչու՞ որոշեցիք մտնել քաղաքականություն: Ո՞րն էր պատգամավոր դառնալու հիմնական դրդապատճառը:
– Ապաքաղաքական երբեք չեմ եղել, չնայած կուսակցական չեմ: Դեռ ուսանողական տարիներից սկսած զբաղվել եմ սինխրոն թարգմանությամբ, ուսումնասիրել եմ ոչ միայն հայկական, այլև միջազգային քաղաքական իրադրությունը: Ավելին, լավ ծանոթ եմ իրավական դաշտին, քանի որ իրավաբանական լեզվի մասնագետ եմ: Այդ իսկ պատճառով, ստանալով առաջարկ «Ժառանգություն» կուսակցությունից, շատ ուրախացա, որ նոր հորիզոններ են բացվում կուտակված փորձի և գիտելիքների, նպատակաուղղված պայքարի և այն գաղափարների իրականացման համար, որոնք մինչ այդ մնում էին իմ բլոգում: Այնպիսի զգացողություն էր, որ ես գոռում եմ, բայց իմ ձայնը լսելի չէր: Այժմ ես հնարավորություն կունենամ ձայնս հասարակությանը հասցնել ավելի բարձր հարթակից:
– Ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը խորհրդարանում:
–Իմ առաքելությունը իմ գործունեության շարունակությունն է, բայց արդեն նոր հզորությամբ: Առաջին հերթին պաշտպանելու եմ քաղաքացիների իրավունքները` փորձելով դեպի լավը փոխել այն իրականությունը, ուր նրանք այսօր հայտնվել են: Կշարունակեմ ներգրավված լինել այն ոլորտներում, որտեղ արդեն իսկ փորձ և անհրաժեշտ գիտելիքներ ունեմ` սոցիալական խնդիրներ, կրթություն, բնապահպանություն, միջազգային հարաբերություններ: Ընդհանուր առմամբ, սատարելով Ժառանգության ծրագրերին, համոզված եմ, որ կկարողանամ որակական նոր փոփոխություններ մտցնել մեր այսօրվա իրականության մեջ:
– Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները ընտրությունների արդյունքներից:
– Նախևառաջ, իմ սպասելիքները կապված են ընտրությունների թափանցիկության հետ: Երկրորդը, իհարկե հավատում եմ «Ժառանգության» հաղթանակին: Շատ եմ ուզում, որ այս անգամ խորհրդարանում հայտնվեն մարդիկ, ովքեր եկել են ԱՇԽԱՏԵԼՈՒ, ներկայացնելու քաղաքացիների, այլ ոչ թե մարդկանց որոշակի կատեգորիայի շահերը: Հենց դրանից է կախված, թե որքանով արդյունավետ կլինի մեր օրենսդիր մարմինը: Կանանց ավելի լայն ներկայացվածությունը Ազգային Ժողովում, կարծում եմ, միայն օգուտ կլինի: Համոզված եմ, որ կանայք առավել մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց պարտականություններին, ինչպես նաև ընդունակ են տեսնել այն ամենը, ինչ տղամարդիկ չեն տեսնում (թող տղամարդիկ չնեղանան):
Ի դեպ, Իզաբելլան դիմել էր իր գործընկերներին խնդրանքով. «Ինձ պետք են 10-15 վստահված անձինք, ովքեր ընտրությունների օրը ստանալով համապատասխան մանդատը` ընտրական տեղամասերում կվերահսկեն քվեարկության և քվեաթերթիկների հաշվառման գործընթացները: Հաշվի առնելով այն փաստը, որ ես ներկայացնում եմ քաղաքացիական ոլորտը, այդ մարդիկ, իմ պատկերացմամբ, նույնպես պետք է լինեն անկուսակցական: Սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ նրանք լինեն ՑԱՆՑԻՑ»: Ներկա պահին ես ունեմ երեք վստահված անձ, երկուսը OpenArmenia ֆորումից են (մարդիկ, ում հետ երկար ճանապարհ եմ անցել` սկսած ծառատունկից մինչև հիվանդներին և անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը) և մեկ ֆեյսբուքյան ընկեր, ում համար ընտրությունների թափանցիկությունն ու արդարացիությունը սկզբունքորեն կարևոր է: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը: Օգնե՜ք վերահսկել ընտրությունների ընթացքը»:
Շատերը արդեն իսկ ցանկություն են հայտնել օգնել պոտենցիալ պատգամավորին…
Զրուցեց՝ Աննա Սաթյանը
Դիտումների քանակը` 5406