«Իմ կյանքն իսկական դժոխք է»
60-ամյա Հասմիկը (հերոսուհու խնդրանքով անունը փոխված է) ասում է, որ իր կյանքը արդեն 5 տարի է ինչ սկսվում է խավարով, և վերջանում ընտանիքով, ուր ինքն արդեն ավելորդ է:
Հասմիկը տառապում է շաքարային դիաբետով, հիվանդությունն ախտահարել է նրա աչքերը` նա կուրացել է: Հասմիկն աշխատել է այնքան ժամանակ քանի դեռ աչքերը կարողանում էին լուսը տարբերել, բայց երբ արդեն ընդհանրապես սկսել է ոչինչ չտեսնել ` թողել է աշխատանքը:
– Երբ երեխաներ ես ունենում, խնամում, մեծացնում, աշխատում ես, տուն ու տեղ դնում, կաշվից դուրս գալիս, որպեսզի նրանք ոչինչի կարիք չունենան,- հուզվելով պատմում է Հասմիկը,- հույս ունես, որ երբ հիվանդանաս, ծերանաս նրանք էլ քեզ կխնամեն, հակառակը պատկերացնել անգամ չէի կարող:
Հասմիկի հարաբերությունների հարսի հետ, մեղմ ասած, շատ բարդ են.
– Հարսս միշտ էլ եղել է լաչառ, իր ասածին, բայց մտածում էի տղաս սիրում է, ես էլ չեմ խանգարի, թող ապրեն ինչպես ուզում են, բայց ինչ չեմ աշխատում և տանն եմ, հասկացա, որ միայն չխառնվելը քիչ է, ես կարող եմ միայն իմ ներկայությամբ զայրացնել հարսիս,- պատմում է նա,- նստեմ այնտեղ, որտեղ պետք չի, դանդաղ շարժվեմ տանը, երկար մնամ բաղնիքում, սեղանին ինչ որ բան թափեմ և էլի շատ ու շատ բաներ, որոնք հարսիս առիթ են տալիս բղավել ինձ վրա և չմոռանալ անպայման վերջում ավելացնել «չես տենում այ քոռ շուն»:
Հասմիկի հարսը նրան նստելու համար տանը 3 տեղ է հատկացրել, մահճակալը, որի վրա նա քնում է, հյուրասենյակի բազկաթոռը և խոհանոցում մի աթոռ, որը մյուսներից տարբերվում է նրանով, որ թիկունք ունի: Ցանկացած այլ տեղ, եթե Հասմիկը փորձի նստել, կռիվ է.
– Նա ասում է, որ ես հազար տեսակի հիվանդություն ունեմ, որ երեխաներին ինչով ասես կարամ վարակեմ, որ ես տեղ ունեմ նստեմ տեղս, թե չէ ինչ եմ ամեն տեղ կեղտոտում,- աչքերը սրբում է Հասմիկը,- հիմա թոռներիս էլ չի թողնում ինձ մոտենան:
Հասմիկի հարսը արդեն մի քանի ամիս է սկեսրոջ համար ուտելիք չի պատրաստում, դրա համար առիթ դարձավ կիսաեփ բորշը.
– Երեկոյան, երբ գործից եկավ, բացեց կաթսայի կափորիչը և սկսեց բղավել, ասեմ իր բառերով, թե ինչի չեմ լափել հացս, ես էլ ասացի, որ ինչպես ուտեմ հում ճաշը,- պատմում է Հասմիկը,- սկսեց բղավել, թե ինչքան անշնորհակալ ու անշնորք եմ ես, ուրեմն ինքը ամբողջ օրը աշխատի, որ ես ոչ մի բանի կարիք չունենամ, ես անուն դնեմ և խոստացավ, որ սրանից հետո թողնելու է, որ տան մեջ սովից սատկեմ,-հազիվ զսպելով հուզմունքը շարունակեց նա,- չգիտեմ թե հետո այս ամենը ինչ բառերով է պատմել որդուս, բայց դրանից հետո նա ոչ մի անգամ չի ասել թե ինչի տանը եփած ոչինչ չկա, կամ ինչի է մաման իր թոշակով իր համար ուտելիք գնում:
Հասմիկը պատմում է, որ այս դեպքից հետո հարսը գործից գալուց փակվում է խոհանոցում և ինչ որ ուտելիք է սարքում իր և երեխաների համա, ուտում են վերջացնում և նոր միայն բացում է խոհանոցի դուռը.
– Մի անգամ կոտլետ էր սարքել, 5 տարեկան թոռնիկս վազելով մտավ հյուրասենյակ և սկսեց իր խաղալիքներով խաղալ, մեկ էլ մոտեցավ ինձ թաթիկով հրեց ոտքս ու ասեց. «տատիկ, կոտլետս դնում եմ սեղանին, հանկարծ չուտես, հենց վերջացնեմ խաղալս ուտելու եմ»: Ես այնքան վատ զգացի, աստված իմ միթե նման բան կարող է լինել, և միթե իմ տանն ապրողը մարդ է, միթե նա էլ է մորից է ծնվել:
– Սրանից մի երկու շաբաթ առաջ հարսս ընկերուհու հետ խոհանոցում նստած սուրճ էին խմում և ուրախ ծիծաղում էին ինչ-որ բանի վրա, այդ ժամանակ թոռներս ինձ հետ սենյակում էին, որ իրենց չխանգարեն, ես էլ բարձրաձայն մտածելով ասացի, ես էլ մարդն եմ, ես էլ սուրճ չեմ խմել, մի բաժակ էլ ավել կարելի էլ սուրճ եփել: Չգիտեմ որտեղից էր լսել ասածս, բայց շատ արագ ճանապարհեց ընկերուհուն և կպավ գլուխս, «Դու ես մարդ, այ քոռ շուն, քո տեղը փողոցում ա ծառի տակ, փոխանակ գոհ լինես, որ քեզ պահում եմ, մի հատ էլ խոսում էս,ով քո տեղը լիներ վաղուց սատկել էր, կյանքներս կերար»: Վերջին բառերով վիրավորեց, վերցրեց երեխաներին ու մինչև տղայիս տուն գալը տանը չէր:
Հասմիկը մի քանի անգամ փորձել է հարսին ասել թե ո՞վ է այն տան տերը, որտեղ ինքն է ապրում և որ նրանց դուրս կհանի տնից, հարսը հրել է նրան, Հասմիկը պատմում է, թե իր բախտը բերեց, որ հետևում պատ կար. Այս մասին նա ոչ ոքի չի պատմում` ամաչում է.
– Հարսս հաճախ է գլուխը մոտեցնում դեմքիս և սեղմած ատամներով սպառնալից ձայնով ասում. «չես հասկանում, որ դու ինձ այս տանը խանգարում ես, չես էլ սատկում պրծնենք քեզանից»:
Հասմիկը պատմում է, որ երբ լսում եմ դռան բացվելու ձայնը ու հարսի ոտնաձայները սիրտը սկսում է արագ զարկել, մարմնով դող է անցնում, դրա համար էլ նա գրպանում վալերյանի հաբեր է պահում և գրեթե ամեն երեկո խմում է. «Հիմա էլի կգա, մի առիթ կգտնի, կռիվ կսարքի, ինչ ասես կասի. երբ է վերջանալու այս ամենը,- խորը արտաշնչելով աչքերն է սրփում Հասմիկը:
Մեր զրույցի ընթացքում էլ Հասմիկը հաճախ էր ընդհատում խոսքը, լարում լսողությունը և նկատի ունենալով հարսին ասում. «հանկարծ շուտ չգա գործից, դռան հետևից լսի»:
Հասմիկը մտածելով, որ տղան այս ամենից անտեղյակ է, երբ հարսը մի քանի օրով հոր տուն էր գնացել, որոշում է ամեն ինչ պատմել տղային և վերջ դնել իր դժոխային տանջանքներին.
– Խոսակցությունը սկսելուց մի 15 րոպե հետո զգում եմ, որ արձագանք չկա,- դողացող ձայնով պատմում էր Հասմիկը,- մտածեցի տղաս զարմանքից քարացել է, կարողա սիրտն է վատացել, ձեռքս պարզեցի կողքիս դրված բազկաթոռին` նա այդտեղ էր նստած, բազկաթոռը դատարկ էր, կանչեցի նրան տանը չէր, երբ մի քանի ժամ հետո նա եկավ ես սկսեցի կշտամբել, նա ասաց, որ առանց այդ էլ ինքը լիքը հոգսեր ունի, իսկ այդ կանացի կռիվները իր գործը չեն, իսկ եթե ես ուզում եմ, որ կռիվ չլինի, ուրեմն ես պետք է պարզապես լռեմ. Հիմա մտածում եմ, երևի թե հաճախ է եղել, որ հարսս ինձ վիրավորել է տղայիս ներկայությամբ, իսկ նա տանն է եղել, լսել է և ձայն չի էլ հանել:
– Հաճախ եմ վերհիշում անցյալը, ինչքան էի ուրախացել տղայիս ծնվելուց, հիշում եմ նրա ամեն մի վայրկյանը` առաջին բառը, առաջին քայլը ամեն-ամեն ինչը, ես ու ամուսինս հպարտանում էինք մեզ պահող ունենք, այսօր ամուսինս մահացել է իսկ ես, մնացել եմ. Մնացել եմ, որ երբ տղայիս խնդրեմ ինձ դուրս տանի, կամ իրենց հետ ինչ-որ տեղ, պատասխանի. «Գալիս ես ինչ անես, մեկա ոչինչ չես տեսնում»:
Հասմիկը մի քաի անգամ ցանկացել է ինքնասպանություն գործելու մասին.
– Մտածում եմ, իսկ ինչի համար եմ ապրում, եթե իմ իսկ երեխաները ինձ բեռ են համարում, եթե ես իմ ծանր աշխատանքով ստեղծած տանը չեմ կարող հանգիստ ապրել, իմ գնած բազմոցին նստել,չեմ կարող մի բառ ասել երբ ինձ վիրավորեն, քանի անգամ եմ բացել պատշգամբի պատուհանը. 7-րդ հարկում եմ ապրում հաստատ կմահանամ, բայց հետո փակել եմ` ամոթ է մարդիկ ինչ կասեն…
– Օրենք կա իրենց մանկահասակ երեխաներին չխնամող ծնողներին պատժելու համար,- շարունակում է Հասմիկը,- իսկ ինչու՞ այդպիսի օրենք չկա երեխաներին պատժելու համար: Կույր, հիվանդ, անպաշտպան ծնողի հանդեպ նման վերաբերմունքի համար ու՞մ առաջ պետք է պատասխան տան հարսս և տղաս, իրենց խղճի՞, իսկ ու՞ր է այդ խիղճը…
Կարինե Պետրոսյան
P.S Լրագրողական էթիկայով առաջնորդվելով խոսեցի նաև Հասմիկի հարսի` Մարինեի և որդու` Արսենի հետ: Մարինեն ասաց, որ չի սիրում իր ամուսնուն և պարտավոր չէ խնամել և հոգ տանել նրա ծնողին, ամուսնուն խնամում է և բավական է: Իր սկեսուրը երեխաներ ունի թող նրանք էլ խնամեն: Իսկ չի հեռանում, քանի որ այդ տանն ինքն էլ բաժին ունի: Տղան` Արսենը, ընդհանրապես չցանկացավ խոսել, ասաց որ սա իր ընտանեկան խնդիրներն են և պետք չի «քիթը մցնել այստեղ», ինքը գիտի ինչ է անում…
(Հերոսների անունները փոխված են)
Դիտումների քանակը` 4376