«Իմ ընտանիքը, ես ու ապերս ենք…»

Ընտանեկան բռնություններից երեխաները կրկնակի են տուժում

«Իմ ընտանիքը, ես ու ապերս ենք… մաման գործի ա, պապան չկա»: 7.5 տարեկան Արսենի համար իր ընտանիքում հայրը բացակայում է:

 

11 տարեկան Անիի նկարած ընտանիքում հայրը սատանայի ականջներ ունի, մայրիկի նկարի ներքում գրված է՝ «մամա ջան»:

 

Երեխաների ձեռքով արված այս նկարները WomenNet.am-ին տրամադրեցին Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետները, երբ հետաքրքրվում էինք բռնության ենթարկված կանանց երեխաներով: Այս ու բախտակից այլ երեխաների նկարները ներկայացվել էին ցուցահանդեսում:

 

Տղամարդու կողմից բռնության ենթարկված կնոջ հետ միասին երեխաներին էլ կենտրոնը տրամադրում է ապաստարան: 99 տոկոսի պարագայում ապաստան գնացող կանայք  լինում են իրենց երեխաների հետ: Այստեղ երեխաներին անվճար տրամադրվում են հոգեբանական ծառայություններ, սնունդ, ուսուցում, թատրոն, թանգարան գնալու հնարավորություն և այլն:

 

Կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը WomenNet.am-ի հետ զրույցում դժվարացավ նշել, թե իրենց գործունեության ընթացքում ընտանեկան բռնությունից տուժած քանի երեխայի հետ են գործ ունեցել: Կենտրոն երեխաների կողմից ահազանգելու դեպքեր չեն եղել, նրանք այստեղ եկել են կամ դիմել են մայրիկների հետ:

 

«Բռնությունից երեխան կրկնակի է տուժում, համ բռնության է ենթարկվում, համ վկա է: Եթե նույնսիկ իր վրա այդ պահին ոչ ոք ձեռք չի բարձրացնում, չի բղավում, ամեն պարագայում ինքը կրկնակի տուժող է: Երեխեքին որ նայում եմ, սիրտս ճմլվում է,   որպես մայր ու  տատիկ եմ նայում …»,-ասաց Սուսաննա Վարդանյանը:

 

Կենտրոնի ղեկավարը համաձայն չէ տարածված այն կարծիքին, որ նման ընտանիքների երեխաները լավ չեն սովորում, վատն են, բռնարար են դառնում:

 

«Շատ լավ երեխաներ են, ասեմ ձեզ»,-նշեց կենտրոնի տնօրենը: Նա մտադիր է մի ուսումնասիրություն անցկացնել, պարզելու, թե կյանքում ինչպես են իրենց տեղը գտել, ինչով են զբաղվում գործունեության տարբեր տարիներին կենտրոնի ապաստարաններում ապրած շահառուների երեխաները:

 

«Շատ հետաքրքրիր է այդ երեխաների ապագան, հույսով եմ ամեն ինչ լավ է իրենց կյանքում»,-ասում է  նա, ավելացնելով, որ  հոգեբաններն այնուամենայնիվ համարում եմ, որ ընտանեկան բռնությունը  անդառնալի հետեւանքներ է թողնում եւ  հաջորդ սերունդներում վերարտադրվելու միտում ունի:

 

Ո՞ւր են գնում ապաստարաններից բռնության ենթարկված կանայք երեխաների հետ: Սա ցավալի հարց է Ս. Վարդանյանը որակում՝ կամ ստիպված վերադառնում են բռնարարի մոտ, կամ ծնողների տուն կամ էլ նոր կյանք են սկսում:

 

Այսօր ավարտվում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը: Ամփոփելով նախորդ օրերին անցկացարած միջոցառումները, լրագրողների հետ հանդիպմանը Կանանց ռեսուրսային կենտրոնի,  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի, Կանանց իրավունքների կենտրոնի ու  Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչները փաստեցին, որ բռնության իրազեկման ու կանխարգելմանն  ուղղված միջոցաումները պետք է շարունակական բնույթ կրեն: Նրանք բոլորն էլ այս առումով կարևորեցին Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումը:

 

«Ի՞նչ անի կինը, եթե բացի ոստիկանությունից, իրեն անհրաժեշտ է նաև կացարան: Պետության պարտավորություններից պետք է լինեն կանանց ու երեխաներին թե սոցիալական աջակցությամբ, թե կացարանով ապահովելը: ՀԿ-ների միջոցները շատ սահմանափակ են: Այս պահի դրությամբ մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք՝ տրամադրում ենք իրավաբանական, հոգեբանական աջակացություն, ուղղորդում ենք ապաստարան: Սակայն ապաստարանները լեփ-լեցուն են: Հիմա կանայք կան, որ կացարանի խնդիր ունեն, սակայն տեղ չունեն գնալու: Սա օրենքով կարգավորվող կարևոր հանգամանք է, պետությունը պետք է իր վրա պարտավորություն վերցնի»,-ասուլիսում նման կարծիք հայտնեց Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ  Քրիստինե Պետրոսյանը:

 

Կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանին բարկացրել է, որ օրինագծից դուրս են թողել այն դրույթը, ըստ որի, բռնարարը պետք է լքի տունը: Նա կարծում է, որ սխալ է, երբ բռնարարի մեղքով փողոցում է հայտնում կինը երեխաների հետ:

 

«Եթե դու ինձ ծեծում ես անընդհատ, ինչի՞ ես պետք է երեխաներին վերցնեմ ու տանից դուրս գամ, որտեղ իմ խոհանոցն է, իմ մահճակալն է, իսկ բռնարարը ոտքերը դնի բազմոցին, արաղը դնի սեղանին, հեռուստացույցը միացնի ու նայի: Ինքը պետք է դուրս գա այդ տնից: Մեր իրականությունում հարսը տան նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի ունենում, սեփականության իրավունքը պատկանում է հիմնականում կեսրարին, ամուսնուն»,-ասաց նա:

 

Կանանց աջակցման կենտրոն Նինա Քանքանյանն էլ ասուլիսում հիշեց բրազիլացի  մի կնոջ պատմություն, ով տարիներ շարունակ բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից, սակայն գնալու տեղ չէր ունեցել: Այդ երկրում օրենքն ընդունվելուց հետո կինը վերջապես որոշել էր լքել նրան, իսկ ամուսինը նրան ասել էր. «Արդեն թևեր ունես»: Ն. Քանքանյանը համոզված է, որ օրենքի ընդունման շնորհիվ փոփոխություններ անպայման լինելու են:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3241

Գլխավոր էջ