«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի օրակարգը ՝ օրենքի ընդունումն է
Ընտրությունների նախաշեմին «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիան նախագահի թեկնածուների առջև՝ որպես օրակարգային հարց «Ընտանեկան բռնության» մասին օրենքի խնդիրն է բարձրաձայնում: Հիշեցնենք, որ 2010-ին, Զարուհի Պետրոսյանի ողբերգական դեպքից հետո, ստեղծված կոալիցիայի կազմում ընդգրված են գենդերային բռնության խնդրով զբաղվող 7 հասարակական կազմակերպություններ. «Կանանաց իրավունքների կենտրոն»-ը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը, «Փինք Արմենիա» կենտրոն-ը, «Սեռական ճգնաժամային կենտրոն»-ը, «Կանանց աջակցման կենտրոն»-ը, «Զանգակատուն» Բարեգործական ՀԿ-ն: Այսօր այս կազմակերպություններն որոշել են միասին պայքարել օրենքի ընդունման համար:
«Մենք ուզում ենք իմանալ նախագահի թեկնածուների կարծիքը այս խնդրի շուրջ և նրանց քայլերը, թե ինչպես կաջակցեն նրանք այս օրենքի ընդունմանը», – նշում է «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի համաղեկավար Լարա Ահարոնյանը՝ հավելելով, որ այս խնդրով նաև բաց նամակ են պատրաստել ‘ ուղղված ՀՀ գործող նախագահին և վարչապետին: Նրա խոսքով, «Ընտանեկան բռնության» մասին օրենքի ընդունումը միջազգային կառույցների առջև Հայաստանի կողմից վերցված պարտավորությունների շարքում է:
«Վերջերս բուռն քննարկում ընթացավ կանանց կազմակերպությունների, պետական և միջազգային կառույցների հետ, որտեղ հնչած փաստարկները՝ կապված օրենքի նախագիծը մերժելու հետ, մեզ համար անընդունելի են, մեր կարծիքով, սա պարզապես քաղաքական կամք չդրսևորելու քայլ է», – ասաց Լարա Ահարոնյանը:
Կառավարության կողմից «Ընտանեկան բռնության» մասին օրենքի նախագծի մերժումը անակնկալի բերեց կոալիացիայի բոլոր անդամներին: Նրանք նշում են, որ դեռ 2006-2007 -ին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սկսվեց այս օրենքի մշակումը, որին մասնակից էին ոչ միայն հասարակական կազմակերպություններ, այլև միջազգային կառույցների և Կառավարության ներկայացուցիչներ: Ամենից շատ նրանց վրդովվեցնում է այն փաստը, որ մեկ օրվա ընթացքում 6 տարիների աշխատանքը, ոչ թե ետ ուղարկվեց փոփոխությունների կամ լրացումների համար, այլ առհասարակ հանվեց հետագա քննարկումից:
«Մեկ օր հանկարծ որոշում են, թե այն հակասում է օրենսդրությանը, սա անհեթեթություն է: Այսքան տարիներ բազմաթիվ կազմակերպություններ են աշխատել այս օրենքի նախագծի վրա, արվել են լրացումներ, փոփոխություններ, այդքան ռեսուրսներ են ծախսվել բազմաթիվ դոնոր կազմանկերպությունների կողմից: Թող առաջարկությունների փաթեթ ներկայացնեին, կրկին լրացումներ արվեր, իսկ ասել, թե պետք է վերանայել ամբողջ քրեական կոդեքսը, մայր օրենսդրությունը և այդպես կարգավորել այս խնդիրը, ամենևին համոզիչ չէ»,- իր մտահոգությունն է հայտնում «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը: Նա ամեն օր է առնչվում ընտանեկան բռնության դեպքերի՝ աջակցություն տրամադրելով բռնության զոհ դարձած բազմաթիվ կանանց:
«Ունենք ապաստարան և զբաղվում ենք ընտանեկան բռնության դեպքերով: Մեր փորձը ցույց է տալիս, որ կանայք չեն բարձրաձայնում, չեն դիմում, քանի որ գիտեն, որ օրենքը իրենց չի պաշտպանում: Այսօր ունենք 2 կին, ովքեր իրենց զավակների հետ են գտնվում մեզ մոտ: Նրանք ապաստարաններում կարող են մնալ մինչև 3 ամիս, տրամադրում ենք հոգեբանական, իրավաբանական աջակցություն: Ամբողջ խնդիրն այն է, որ այս կանայք ունեն շատ ցածր ինքնագնահատական. չեն կարող հստակ մտածել, նրանց հոգեկանը մթագնած է, քանի որ անվերջ լսել են, որ ՝ դու պիտանի չես, դու ոչինչ ես առանց ինձ ու ունենք դեպքեր, երբ շատ անգամ հենց երեխաներն են կատարում որոշումներ, վճռական քայլեր՝ իրենց մայրերի փոխարեն», – պատմում է Մարո Մաթոսյանը, նշելով, որ նույնիսկ բարձր սոցիալական դիրքը երաշխիք չէ, թե ապահովված ես բռնությունից: Քանի որ ապաստարան դիմած կանանց մեջ կան թե սոցիալական ծանր պայմաններում ապրող, թե մեծահարուստների, պաշտոնյաների կանայք:
Ընտանեկան բռնությունից տուժած բազմաթիվ օրինականեր ունի նաև «Հասարակություն առանց բռնության » ՀԿ-ն: Անցյալ տարի սեպտեմբերից կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է Արագ արձագանքման խումբ, ով իրավական աջակցություն է տրամադրում տուժողին և հետամուտ լինում խնդրի իրավական վերջնալուծմանը: Միայն այս մի քանի ամիսների ընթացքում խումը 10 ընտանեկան բռնության դեպքի է առնչվել, որոնցից 6՝ մահվան ելքով:
«Օրենքի ընդունումը նաև կառավարության պարտականությունն է ոչ միայն նրա համար, որ Հայաստանը ունի պարտավորություններ միջազգային կառույցների առջև: Մեր աշխատանքի ընթացքում անընդհատ առնչվում ենք բռնության դեպքերի հետ, երբ ֆիզիկական, հոգեպանական, սեռական ոտնձգություններ են արվում կանանց նկատմամբ, ունենում ենք մահվան ելքեր, իսկ այս իրավիճակի մեղավորությունը նաև պետության ուսերին է: Քանի որ, եթե նա ընդունի այս օրենքը, նա կունենա ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ նշանակոթյուն»,- նշում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար՝ Աննա Նիկողոսյանը:
«Մարդիկ կարծում են այս օրենքը աբսրակտ մի բան է, մինչդեռ այն կոմպլեքս լուծումներ է առաջարկում ընտանեկան բռնության երևույթի հանդեպ: Միայն պատժելով բռնարարին, խնդիրը չի լուծվում, այստեղ տուժողին պատճառված է էմոցիոնալ և հոգեբանական վնասներ, անհրաժեշտ է լինում հոգեբանական, բժշկական աջակցություն…, այն ամենը, ինչ այսօր մի քանի ՀԿ-ներ են անում»,- հավելեց Մարո Մաթոսյանը:
Նրա խոսքով, օրենքն ունի նաև մի կետ, որտեղ պահանջվում է, որ բռնարարը դուրս հանվի տնից և ոչ թե զոհը, հաճախ նաև՝ երեխաների հետ միասին լքի տունը.
«Մենք պետք է հասկանանք, որ նման դեպքերում կինը ուզում է փախչել ու փրկել իր կյանքը, բայց ու՞ր. մենք պատրիարխալ հասարակությունում ենք ապրում և հայրական տունը միշտ չէ, որ ընդունում է աղջկան… կինը երկու հարվածի զոհ է դառնում: Ու այս դեպքում, հաշվի առնելով նաև, որ շատ հաճախ հենց տղամարդն էլ լինում է աշխատանք ունեցողն ու ֆինանս ապահովողը, առավել ճիշտ կլինի, որ հենց ինքը լքի բնակարանը: Ասում են, որ այս կետը սեփականության իրավունքի խախտում է հանդիսանում, մինչդեռ լուծումներ չեն առաջարկում, այսինքն բռնության ենթարկված կանայք պետք է շարունակեն անպաշտպան մնա՞լ »…
Լիլիթ Քոչինյան
Կարդացեք նաև մեր կայքում.
ՀԿ-ները հիասթափված են, բայց կպայքարեն «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունելու համար
Անցյալ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 5 կին է մահացել
Կանանց ռեսուրսային կենտրոն . «Պետք է միասին պայքարենք»…
Ինչու՞ է ձգձգվում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը:
Դիտումների քանակը` 6064